ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Կամիլը ո՛չ Վերկա Սերդյուչկային է նմանակում, ո՛չ էլ Կոնչիտային. նա գնում է հաղթելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կամիլ բլոգը չի ցանկացել նմանակել ո՛չ Վերկա Սերդյուչկային, ո՛չ էլ Կոնչիտա Վյուրստին»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման մեկնաբանությամբ հանդես եկավ Կամիլ բլոգի (Արսեն Գրիգորյանի) մենեջերը, որը չցանկացավ` իր անունը նշվի:

Նրա խոսքով՝ օրինակ՝ 2007 թվականին Ուկրաինան «Եվրատեսիլում» ներկայացրած Վերկա Սերդյուչկային կրնօրինակելու փորձ Արսենը չի ունեցել. «Կամիլ բլոգի կերպարը տեւական ժամանակ է՝ գոյություն ունի, եւ նրա նպատակը սոցիալական, մշակութային խնդիրներին հումորային անդրադարձներ կատարելն է»:

Ինչ վերաբերում է 2014 թվականին միջազգային մրցույթում հաղթանակ տարած Կոնչիտային կրկնօրինակելուն, ապա դա, մենեջերի ձեւակերպմամբ, նույնիսկ տրամաբանական չէ, քանի որ Կոնչիտան տրանսվեստիտ աստղ է, իսկ ահա Կամիլ բլոգը՝ հորինված կերպար, որը դեր է խաղում:

Հարցին, թե «Դեպի Եվրատեսիլին» մասնակցելը Արսենի համար լայն մասսաների կողմից ճանաչվելու միջոց է, թե՞ նրա նպատակն իսկապես այդ մրցույթում հայտնվելն է, մենեջերը պատասխանեց. «Եթե հարցնեք Կամիլին՝ նա գնում է հաղթելու: Մրցույթին մասնակցելը գաղափար էր, որը հանկարծակի ծնվեց, եւ այդ գաղափարը դուր եկավ շատերին: Բացի այդ՝ հիշենք, որ նախորդ տարվանից Կամիլը մեկնարկեց երգչուհու իր կարիերան, զուգերգ ունեցավ Լիլիթ Հովհաննիսյանի հետ, այնպես որ, նա մինչ մրցույթին մասնակցելն արդեն իսկ ճանաչված էր»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Կամիլը մրցույթին փայլելու է իր տաղանդով, թեեւ սպասվում է նաեւ անչափ հետաքրքիր շոու-ծրագիր:

Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։ Մրցույթի մասնակիցների թվում են Թամար Կապրելյանը, Սուրեն Պողոսյանը, Ամալյա Մարգարյանը, Հայկ Կասպարովը, Nemra խումբը, Սեւակ Խանաղյանը, Angel-ը, Տյոմը, Մհերը, Alternative խումբը եւ այլք:

Անի Անտոնյան




Լրահոս