Բանակի ներկայիս հզորությունը 2016 թվականի մարտունակության հետ համեմատելի չէ. Լևոն Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 24-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Խոսելով ԱՀ պաշտպանության բանակի 2017 թվականին կատարված աշխատանքների մասին՝ Լ. Մնացականյանն ասել է, որ համարժեք միջոցներ են ձեռնարկվել առաջին հերթին մարտական զորահավաքային պատրաստակամությունում:

«Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում բոլոր առումներով մեր հնարավորություններն աճել են, փոխվել են մոտեցումները պահեստազորայինների հետ և հավաքների միջոցով ավելացվել է ռազմաուսուցանված պահեստազորների քանակը բոլոր մասնագիտություններով՝ ավելի շատ՝ հրատանկային, հակատանկային և հրետանային ստորաբաժանումների մասնագետների»,- ասել է պաշտպանության նախարարը և ավելացրել, որ հիմնական շեշտը շարունակել է մնալ մարտական հերթապահության, ժողովրդի անվտանգության ապահովման և դիրքապահ զինծառայողների համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծման վրա:

Նախարարը նշել է նաև, որ կատարելագործվել են բոլոր ինժեներական, ամրաշինական կառույցները, կահավորվել են նոր դիրքեր: Փորձել են զարգացնել ճանապարհային ցանցը, որն անչափ կարևոր է մարտական գործողությունների ժամանակ՝ հիմնական ուշադրության կենտրոնում պահելով անձնակազմի անվտանգության ապահովման խնդիրը:

«Հրետանու, հակաօդային պաշտպանության հնարավորությունները ևս նախկինի հետ համեմատելու չեն: Ավելացվել է նաև նշանուղիների և մեր հարձակման ընթացքում խոցվող նշանակետերի քանակը՝ ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային պայմաններում: Տեխնիկական-թիկունքային ապահովման հարցերով ևս մեծ ծավալի աշխատանքներ են տարվել, և հիմնական շեշտը դրվել է դաշտային պայմաններում միավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կենսագործունեության ապահովման վրա»,- ասել է Լ. Մնացականյանը:




Լրահոս