ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթից հետո ագրեսիվ հարց հնչեցնող ադրբեջանցի պատգամավորին հանդարտ լինելու, հանգստանալու և փաստերը չխեղաթյուրելու կոչ արեց:
Ադրբեջանցի պատգամավորի հարցին ի պատասխան` ՀՀ նախագահը նշեց. «Ես նախ ձեզ խնդրում եմ մի փոքր հանդարտ լինել, հանգստանալ, ապա իմ խոսքերը չխեղաթյուրել: Ես այս ամբիոնից չեմ հայտարարել, որ եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել: Ես մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին»:
Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, որ չկա միջազգային կառույցների կողմից ընդունված որեւէ որոշում, որը ՀՀ-ի կողմից մերժվում է:
«Դուք փորձեցիք հիշատակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ երբ ընկղմվում եք մի թեմայի մեջ, ընկղմվեք ու ուսումնասիրեք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել ԼՂ խնդրին. 1993 թվականին ընդունել է 4 բանաձեւ ռազմական գործողությունների դադարեցման մասին, եւ ամեն բանաձեւից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները: Այդ 4 բանաձեւում ՀՀ-ի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունը ռազմական գործողությունները դադարեցնելու համար, եւ, ի պատիվ ՀՀ-ի այն ժամանակվա իշխանությունների, մենք կատարել ենք այդ պարտավորությունը: Այսօր բանակցային գործընթացում դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ»,- խոսքը եզրափակել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի այօրվա արձագանքը ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորին Արցախի ժողովրդին տեր կանգնած համայն հայության և հայրենատեր ղեկավարի պատասխանն է ։
Posted by Armen Ashotyan on Mittwoch, 24. Januar 2018