ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է «ՎԵՈՆ» (VEON) ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեի և արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի հետ:
Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է «ՎԵՈՆ»-ի հետ հաստատված համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում և կավելացնի ներդրումների ծավալը:
«Մենք տեսնում ենք շատ դրական փոփոխություններ և ավելին ենք ակնկալում ապագայում։ Հավատացած եմ, որ «ՎԵՈՆ»-ի պես գլոբալ ընկերությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանում բիզնես մշակույթի, ինչպես և տնտեսական ու թվային զարգացման վրա», – նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին ու տարածաշրջանին, և կարծում ենք, որ այն ավելի գրավիչ է դառնում օտաերկրյա ներդրողների համար: Ինչ վերաբերում է մեր ընկերությանը, ապա մեր նպատակն է բոլոր բաժանորդներին՝ այդ թվում Հայաստանի մատուցել բարձրորակ ծառայություններ», – նշեց «ՎԵՈՆ» խմբի գլխավոր գործադիր Ժան Իվ Շառլիեն։
Նա տեղեկացրեց նաև, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Հայաստան:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարևորությունն երկրի տնտեսության զարգացման համար:
ՎԵՈՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված են 2017 թվականի արդյունքներով։ Ժան Իվ Շառլիեն և Մարկ Մաքգանն նշեցին, որ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու: