Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրավիճակը։ Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ սահմանին տիրող հարաբերական հանգստությունն ավելի շատ իրավիճակային բնույթ է կրում, ինչի վկայություն է այն փաստը, որ արդեն իսկ հունվարի սկզբից ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել։

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը դրական է գնահատել Կրակովում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ սկզբունքային համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ պայմանավորվածությունների իրագործումը կբարձրացնի գրասենյակի մոնիթորինգային կարողությունները, քանի որ առանց միջադեպերի հետաքննության և դրանց կրկնության կանխարգելման մեխանիզմների ներդրման իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել։

Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։




Լրահոս