Հունվարի 19-ին Սերժ Սարգսյանը ներկայացրեց չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ թեկնածուին՝ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին: Ինչպես հայտնի է՝ վերջինս դեռեւս իր վերջնական համաձայնությունը չի տվել՝ նախընտրելով դա անել տարբեր շրջանակների, այդ թվում՝ խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներից հետո:
Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված` խորհրդարանական ուժերը եւս չեն շտապում ասել, թե ինչպես են քվեարկելու ՀՀԿ-ի ներկայացրած թեկնածուին: Միայն «Ելք» խմբակցությունն է հստակ հայտարարել, որ անկախ հանդիպման ընթացքից իրենք դեմ են քվեարկելու: «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, մինչ թեկնածուի անունը հայտնի լինելը, չէր բացառել, որ իրենք կողմ կքվեարկեն ՀՀԿ-ի թեկնածուին: Իսկ այժմ Գագիկ Ծառուկյանը երկրում չէ, եւ խմբակցության պատգամավորները նշում են, թե որոշում կկայացվի նրա վերադարձից հետո միայն: Իհարկե, այս ուժերի կողմից նման արձագանքը միանգամայն սպասելի է:
Սակայն նույնքան անսպասելի է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի պահվածքը: Վերջինիս ներկայացուցիչները, չնայած գովաբանում են Արմեն Սարգսյանին, սակայն չեն շտապում միանշանակ ասել, թե կողմ են քվեարկելու: ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշել էր. «Մենք կունենանք պաշտոնական հանդիպում, կքննարկենք խնդիրները: Անպաշտոն հանդիպում եղել է, բայց պաշտոնական հանդիպում լինի, կքննարկենք եւ կեզրակացնենք»:
Ինչո՞ւ է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերն իրեն այդպես պահում, արդյո՞ք պատճառն այն է, որ իշխող կուսակցությունը որոշումը կայացրել է միայնակ՝ առանց նրանց հետ քննարկելու: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
-Պարո՛ն Բաղդասարյան, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն չի շտապում հայտնել, թե ինչպես են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը:
-Ես նորմալ եմ համարում: Դեռ հանդիպում չի կայացել: Ընդ որում, Արմեն Սարգսյանն էլ առայժմ իր համաձայնության մասին դեռ չի հայտարարել:
-Սակայն ՀՅԴ-ի այդ նեղացկոտ մոտեցումն ինչի՞ հետեւանք եք համարում: Իրենց հետ քննարկում, առհասարակ, ունեցե՞լ եք:
-Նախնական այո: Իրենք նախնական տեղյակ են եղել թեկնածուի մասին, եւ նախնական կարծիքը եղել է բավարար:
-Բավարար կարծիք գուցե հայտնում են, սակայն քվեարկության մասին կարծիք չեն հայտնում:
-Ես դա նորմալ եմ համարում: Ինչպես նաեւ Արմեն Սարգսյանը չշտապեց որոշում հայտնելու մասին: Նա հանդիպումներից հետո կարտահայտի իր դիրքորոշումը, նաեւ քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումը կհայտնեն: Եվ մենք կգնանք առաջ:
-ՀՀԿ-ն պատրաստ է ընդհուպ ՀՅԴ-ի կողմից իրենց թեկնածուին դեմ քվեարկելո՞ւն:
-Տեսականորեն որեւէ բան չի բացառվում: Ինձ թվում է, որ եթե նման մտադրություն լինի, քննարկում կկազմակերպենք, կիմանանք պատճառները:
-«Ելք» խմբակցությունը դեմ չէ հանդիպման, սակայն արդեն իսկ հայտարարել են դեմ քվեարկելու մասին: ՀՀԿ-ն ակնկալո՞ւմ էր նաեւ նրանց աջակցությունը:
-Ես ճիշտ չեմ կարողանում ընկալել նրանց մոտեցումը: Մենք չենք ընտրում նեղ կուսակցական ինչ-որ պաշտոն, այդպիսի թեկնածու չենք առաջադրել: Մենք խոսում ենք ՀՀ չորրորդ նախագահի մասին: Այդ նեղ կուսակցական շահերից պետք է վեր կանգնել, եւ նրանք պետք է գնահատական տան՝ որպես ՀՀ նախագահ ներկայացված անձը կարո՞ղ է, ունա՞կ է, թե՞ ոչ, այլ ոչ թե՝ եթե ՀՀԿ է, ուրեմն ոչ` սկզբունքով: Ես այդ մոտեցումը քաղաքական եւ ճիշտ չեմ համարում: Ես կարծում եմ՝ նրանք իրենց մոտեցումները պետք է վերանայեն:
-Ի վերջո, ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանի թեկնածությամբ ինչպիսի՞ հավակնություններ ունի: Արդյո՞ք ընտրությունները կավարտվեն առաջին փուլով:
-Մենք պարզապես հորդորում ենք, որ շատ ընկալելի կլինի, եթե լայն համաձայնության դաշտում մեր երկրի նախագահը ընտրվի: Դա նաեւ միջազգային իմիջի համար եւ հանրության համար է լավ, մենք դա կարեւորում ենք: Բայց որեւէ քաղաքական ուժի փոխարեն չենք կարող պատասխանել, թե ինչպիսի մթնոլորտում կընթանա քվեարկությունը:
Հ.Գ. Ամենայն հավանականությամբ Արմեն Սարգսյանի հանդիպումները խորհրդարանական ուժերի հետ կմեկնարկեն փետրվարի սկզբից:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը