ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ ԿՓՐԿՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Վաղինակ Աթոյանի` խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչություն գործն ուղարկվել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` հատկապես որ դատավորներին պետք է կաշառք տար փաստաբանը, որն, ըստ էության, չէր արել:

Նախ նշենք, որ Աթոյանը եղել է ամբաստանյալ Մանուկ Մանուկյանի շահերի պաշտպանը: Իսկ ի՞նչ է արել Մանուկյանը: Նա 2016թ. ապրիլի 02-ին` ժամը 22:20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի 34 RV 218 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Սոնիկ Հակոբյանին` անզգուշությամբ վերջինիս պատճառելով մահ: Այս արարքի համար Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը Մանուկյանին ազատազրկման էր դատապարտել 3 տարի ժամկետով: Սակայն Մանուկ Մանուկյանը որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ինչից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի երեք դատավորները 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճիռն են հրապարակել՝ Մանուկ Մանուկյանի պատժի ժամկետը կրճատելով 1 տարով:

Եվ այստեղից էլ սկսվում է
Ըստ մեղադրական եզրակացության` փաստաբան Վաղինակ Աթոյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների կայացրած մեղմ պատիժը վերագրում է իրեն՝ ամբաստանյալ Մանուկ Մանուկյանին, նրա քրոջը՝ Սեդա Մանուկյանին` ասելով, թե դատական ակտը կայացրած դատավորների հետ կաշառք ստանալու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նրանցից ստանալով 470 հազար դրամ կաշառք:
Ըստ էության սա առաջին դեպքը չէ, որ փաստաբանները դատարանի դատավորների հետ պայմանավորվածություն են ձեռք բերում կաշառքի շուրջ, որպեսզի մեղադրյալի նկատմամբ մեղմ կամ ցանկալի որոշում կայացնեն:
Իսկ ովքե՞ր էին այն երեք դատավորները, որոնց փաստաբան Վաղինակ Աթոյանը իբր պետք է կաշառք տար: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանի, (մինչեւ 2016 թվականը եղել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը), Ալեքսանդր Ազարյանի եւ Ռուբիկ Մխիթարյանի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանից փորձեց պարզել, թե արդյո՞ք նրան կաշառք առաջարկվել էր, եւ ինչպես պետք է 470 հազար դրամ կաշառքը բաշխվեր 3 դատավորի միջեւ:
-Պարո՛ն Ազարյան, Ձեզ կաշառք չէի՞ն առաջարկել:
-Չէ՛, ոչ մի առաջարկ չի եղել եւ չէր էլ կարող լինել:
-Այսինքն` վստա՞հ եք, որ Ձեզ նման առաջարկով չեն էլ դիմի՞:
-Անկեղծ ասած` ով իմ գործելաոճին ծանոթ է, չեմ կարծում, որ նման առաջարկով դիմի:
-Ձեզ ՀՔԾ-ում հարցաքննության չե՞ն կանչել: Ի վերջո, հայտնի է, որ Դուք մեղմ պատիժ եք սահմանել ամբաստանյալի նկատմամբ, ու գործում կան նյութեր, թե պայմանավորվածություն է եղել:
-Չէ ՛, ընդհանրապես:
-Միգուցե Ձեզ չեն առաջարկել, այլ պայմանավորվածություն են ձեռք բերել մյուս դատավորների` Տիգրան Սահակյանի կամ Ռուբիկ Մխիթարյանի հետ:
-Ոչ նման բան չի եղել:
-Հնարավո՞ր է գումարը Ձեզ չհասավ, «ջրից չոր դուրս եկաք» ու հիմա ասում եք` Ձեզ նման առաջարկ չի եղել:
-(Ծիծաղում է-Ք.Մ.) Ես ջրից չոր դուրս գալու խնդիր չունեմ, ճիշտն ասած, դրա մասին թող ուրիշները մտածեն: Մենք փրկվեցինք այն առումով, որ ո՛չ գումար ենք պահանջել եւ ո՛չ էլ կարող ենք պահանջել, ո՛չ էլ ստացել ենք: Տարօրինակ են Ձեր հարցերը, քանի որ ուղղակի չի կարող նման բան լինել:
-Հիմա փաստ է, որ Դուք եւ Ձեր երկու գործընկերները մեղմ պատիժ եք սահմանել ամբաստանյալի նկատմամբ, եւ ամբաստանյալի հարազատներին իրենց փաստաբանն ասել է, թե կաշառքի շուրջ պայմանավորվածություն է եղել դատական իշխանության ներկայացուցիչների հետ: Ձեր մի քանի այլ գործընկերներ, դատավորներ այս տարի եւս տարբեր քաղաքացիների նկատմամբ մեղմ պատիժ էին սահմանել եւ կաշառքի գործով կալանավորվել են: Դուք կաշառք չե՞ք վերցրել:
-Ո՛չ: Ու նման դպքերի էլ ծանոթ չեմ, ոչ միայն իմ մասով եմ ասում, այլեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մյուս դատավորների մասով կարող եմ վստահ ասել, որ նման կոռուպցիոն ռիսկեր մեզ մոտ բացառվում են:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԱՌԱՋԻՆ ՎՃԻՌԸ
Քաղբանտարկյալ Ժիրայր Սէֆիլյանի գործով առաջին անցնող անձանցից մի վճիռ հրապարակվեց: Խոսքը տեւական ժամանակ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող Արթուր Մովսիսյանի մասին է, որին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը ազատազրկման դատապարտեց երեք տարի ժամկետով: Նշենք, որ մեղադրող դատախազը դատարանից պահանջել էր նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման:
Արթուր Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով իր բնակարանում հրազեն ու ռազմամթերք թաքցնելը եւ դրանք ժիրայր Սէֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին փոխանցելը:
Նա, սակայն, իրեն առաջադրված մեղադանքը չի ընդունում եւ այդ մասին հայտարարել է հենց սկզբից: Պաշտպան Արայիկ Պապիկյանը պնդում է, որ Մովսիսյանին մեղսագրվող արարքը շինծու է, նա քաղաքական հետապնդման զոհ է: Արայիկ Պապիկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց նաեւ, որ դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյանում:

 

 

 

ՕԳՆԵԼ ԵՆ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բացահայտումները, թե ինչպես են այս կամ այն միջոցառման անվան տակ մարդիկ արտագաղթում երկրից: Նախորդ համարներից մեկում «Ժողովուրդ»-ը գրել էր, թե ինչպես են մի խումբ անհատներ պարի խմբի անդամների անվան տակ մի շարք քաղաքացիների երկրից ապօրինի դուրս հանել: Տեղեկացանք, որ օրերս ավարտվել եւ դատարան է ուղարկվել «Ա. Շաբոյան» պարի խմբի գեղարվեստական ղեկավարի եւ «Վահրամաբերդ» պարի խմբի անդամների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքը: Մասնավորապես «Վահրամաբերդ» պարի խմբի ղեկավար Արա Գեղեցիկ Մելիքսեթյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա 2016թ. հունվար ամսին տեղեկացել է, որ «Ա. Շաբոյան» պարի խումբը Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա եւ Մոնտե Կառլո քաղաքներում մասնակցելու է միջազգային փառատոնի, պայմանավորվածություն է ձեռք բերել «Ա. Շաբոյան» պարի խմբի ղեկավար Արմեն Շաբոյանի հետ եւ «Վահրամաբերդ» պարի խմբի մեջ է մտցրել ՀՀ 9 քաղաքացիների, որպեսզի օգնի նրանց գնալ Ֆրանսիա: Այդ ծառայության դիմաց նա քաղաքացիներից պահանջել եւ ստացել է 200-ից մինչեւ 380 եվրո գումար:
Այս արարքի համար Արա Գեղեցիկ Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի հատկանիշներով` անօրինական միգրացիայի կազմակերպումը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելով եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով: Հետաքրքիր է, թե դատավորն ինչ վճիռ կկայացնի:

 

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔ Է ՈՉՆՉԱՑՎԵԼ
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն հաղորդել է, որ Երեւանի Ազատության 11/76 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել է թերի մակնշմամբ 76 տուփ (փաթեթավորված չրերի տեսականի, տնական հալվա, սառեցված հնդկահավ, կոնֆետների տեսականի), 40 կգ (եփած երշիկներ, ապուխտներ, պանիր «Չանախ», քյուֆթա) սննդամթերք եւ 500 շիշ գազավորված ըմպելիք: Տրվել է թերի մակնշմամբ ապրանքների իրացումը կասեցնելու կարգադրագիր: Իրացումը կթույլատրվի միայն մակնշման անհամապատասխանությունները շտկելուց հետո: Ժամկետանց սննդամթերքի ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է:

 

 

ԱՆՀՆԱ՞Ր Է «ՆԿԱՐԵԼ»
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով` կառավարությունն ամեն ինչ կանի, որ արտահանման ծավալների աճը շարունակվի: Ըստ նրա` կառավարությունը կշարունակի նախկինում սկսած ապրանքների եւ ծառայությունների արտահանման մեծացման քաղաքականությունը, քանի որ տնտեսական աճը զգալիորեն պայմանավորված է արտաքին պահանջարկով: Խոսելով 2017-ին կանխատեսվող ՀՆԱ 7-տոկոսանոց աճի մասին` փոխնախարարը նշել է, որ կառավարության ծրագրով նախատեսված է 5 տոկոսի երկարաժամկետ ցուցանիշը, եւ դրա իրականացմանը կուղղվեն բոլոր ջանքերը: Ի պատասխան դիտարկմանը, թե ՀՀ-ում տնտեսական բարձր ցուցանիշներ են լինում ընտրություններին նախորդող տարում, եւ արդյոք կապ կա՞, փոխնախարարը նշել է, որ ցուցանիշների մասին թվերն են վկայում, այդ թվում եւ արտահանման, իսկ դրանք անհնար է «նկարել», եւ տնտեսական աճի մասին պնդումներն էլ հիմնավորված են:

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ
Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի բնակիչ, 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, շրջվել գլխիվայր եւ հայտնվել է դաշտամիջյան հատվածում: Վարորդը տեղում մահացել է: Տորֆավանի համայնքապետարանից հայտնել են, որ վթարի պատճառը եղել են ավտոմեքենայի առջեւ հայտնված խոշոր եղջերավոր անասունները: Վարորդը փորձել է խույս տալ եւ չհարվածել անասուններին, սակայն չի հաջողվել, եւ մեքենան դուրս է եկել ճանապարհից: Նշենք, որ 42-ամյա Սամվել Կարճիկյանը պայմանագրային զինծառայող էր, աշխատում էր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում:

 

 

ՏՈՒԳԱՆԵԼ Է
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին պատկանող «Արփա-Էներգիա» ընկերությանը: «Արփա-Էներգիա» ՍՊԸ-ն 2017թ. նոյեմբերի 28-ին դիմել է ՀԾԿՀ` հայտնելով, որ «Արփա» փոքր հիդրոէլեկտրակայանի շահագործման ընթացքում պարզվել է, որ նախկինում նախատեսված մետաղական խողովակաշարի փոխարեն տեղակայվել է ապակեմանրաթելային խողովակաշար, որի արդյունքում կայանի հաշվարկային ճնշումը 42.2մ-ից դարձել է 47.14մ, իսկ կայանի հաշվարկային հզորությունը 2622 կՎտ-ից դարձել է 3292 կՎտ, հաշվարկային ելքը մնացել է անփոփոխ:




Լրահոս