ՊԵՏՔ Է ՄԻՍ ՆԵՐԿՐԵՆՔ, ԲԱԼԱՆՍԱՎՈՐԵՆՔ ՇՈՒԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը ամփոփեց 2017 թվականը:

-Պարո՛ն Առաքելյան, տարիներ շարունակ ՀՀ կառավարությունները` հատկապես գյուղատնտեսության նախարարների շուրթերով հայտարարել են, որ դեմքով շրջվում են դեպի գյուղացին, սակայն իրականում նախարարների դիրքը ոչինչ չի փոխել գյուղացու կյանքում: Հակառակը` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները այս տարվա 11 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,9 տոկոսով նվազել են: Ո՞րն է Ձեր առաջարկած դեղատոմսը` առարկայական արդյունքներով:
-Իրականում գյուղատնտեսության աճը կամ անկումը պայմանավորված է նաեւ արտաքին գործոններից, ինչպիսին են բնակլիմայական աղետները եւ մեր հարեւան երկրներում ստեղծված տնտեսական իրավիճակը, երբ իրացման հետ կապված խնդիրներ են առաջանում: Այս տարվա անկման հետ կապված մենք խոսել ենք մի քանի անգամ. տարին ինքն իրենով բարենպաստ չէր, ամեն ինչ ունեինք` երկար, ցուրտ ձմեռ, երաշտ եւ ջրի սակավություն, որը բերեց գյուղատնտեսական անկման արդյունքներին: Միշտ լինելու են սուբյեկտիվ պատճառներ` ինչ-որ սեզոնայնության հետ կապված, որը ինչ-որ ժամանակահատվածում կունենա իր ազդեցությունը: Մենք այս տարի չունեինք մթերման խնդիր, մթերման գները ցածր չէին: Ես չեմ կարող ասել, որ մենք շատ վատ ենք գյուղատնտեսության ոլորտում, բայց կան բազմաթիվ խնդիրներ` հողերի չօգտագործելիություն, ֆերմերների ոչ ճիշտ մոտեցումը գյուղատնտեսությանը եւ ոչ բարձր բերքատվություն, ունենք կարկտահարության եւ այլ բնակլիմայական վնասների փոխհատուցման խնդիր:
-Պարո՛ն նախարար, նկատելի է, որ գյուղատնտեսությունն էլ է մենաշնորհների մեջ մխրճվում. շարքային գյուղացու համար հող մշակելը եկամտաբեր չէ, իսկ մեծ ջերմոցներ, այգիներ կամ ցանքատարածություններ ունեցող գործարարները տարեկան միլիոնների եկամուտ են ստանում: Ի՞նչ եք անում` գոնե գյուղատնտեսությունը մենաշնորհներից հեռու պահելու համար:
-Մենք ունենք արդեն նոր մշակվող տեսլական, որը կապված է նաեւ ՀՀ նախագահի կողմից հնչեցված հարցի հետ, որ բնակչությունը պետք է աճի: Իսկ բնակչության աճելու համար մենք պետք է մարզերում, գյուղերում ապահովենք աշխատանք: Ամեն մի ընտանիք պետք է ունենա իր ֆիքսված եկամուտը, որպեսզի մնա գյուղում եւ շարունակի աշխատել եւ զբաղվել գյուղատնտեսությամբ: Իհարկե, պետք է հաշվի առնենք, որ իրենք ունեն փոքր հողատարածքներ եւ մեծ գյուղատնտեսությունով չեն կարող զբաղվել: Դրա համար մենք այդ ընտանիքներին պետք է առաջարկենք այնպիսի մոդելներ, որոնք կապահովեն իրենց այդ եկամուտը: Մենք հիմա հենց դրանով ենք զբաղված, որ այդ բիզնես-մոդելները մշակենք, առաջարկենք գյուղացուն մասնակցել եւ ներգրավվել: Դա կապահովի նրանց մինիմալ եկամուտը, բայց մենք, միեւնույն է, պետք է ունենանք այն խոշորը, որը կմթերի այդ արտադրանքը եւ իր արտադրանքի հետ միասին կարտահանի: Զուգահեռ նաեւ աշխատում ենք այդ մթերող ընկերությունների ստեղծմանը, որը կլինի նաեւ պատվիրատուն այդ փոքր ծրագրերի: Այսինքն` այս տեսլականը թույլ կտա փոքրին աշխատել, մեծին` մթերել: Այդ ծրագրերը մենք ներկայացրել ենք նաեւ Եվրամիությանը, որ աջակցություն ստանանք եւ IFAD-ի հայաստանյան գրասենյակի եւ Եվրոպայում իրենց ներկայացուցիչներից:
-Իսկ ի՞նչ արձագանքներ կան…
-Իրենք բոլորը հաստատել են, ողջունել են: Մենք կդնենք հաստատման, կշրջանառենք, կխոսենք… Մյուս տարի դրա մասին ենք խոսելու… (ժպտում է-Ս.Հ.):
-Առարկայակա՞ն ենք խոսելու:
-Իհարկե, առարկայական ենք խոսելու:
-Պարո՛ն Առաքելյան, հայտնի է, որ նախկին վարչապետերը, նախկին ու ներկա մի խումբ նախարարներ, այդ թվում եւ Դուք գյուղատնտեսությամբ եք զբաղվում եւ Ձեզ համար այն եկամտաբեր է: Արդյո՞ք պետական քաղաքականություն չէ գյուղատնտեսությունը գյուղացու ձեռքից վերցնելը:
-Ես չգիտեմ, ով ինչ ունի: Բայց այն, ինչ որ մեր ընտանիքում կա, դա մենք ստեղծել ենք մինչեւ իմ նախարար նշանակվելը: Խոսքը ընդամենը 15 հա այգիների մասին է: Դա համատեղ կոոպերացված գործունեություն է, որտեղ կա ամեն ինչ: Ես դա սկսել էի այն ժամանակ, երբ աշխատում էի Երեւանի կոնյակի գործարանում: Դա զուտ ինձ համար հոբբի էր` հասկանալու, թե գյուղատնտեսությունը որքանով կարող է արդյունավետ լինել Հայաստանում: Այնտեղ խաղողի, ծիրանի պտղատու այգիներ են: Պարզվեց` արդյունավետ է, այդ փորձը շատ է օգնում ցույց տալ, որ կարող է լինել արդյունավետ, բայց անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, գիտություն եւ համապատասխան աշխատակազմ, որը կաշխատի: Գյուղացու ձեռքից գյուղատնտեսությունը վերցնելը պետական քաղաքականության մասով չեմ կարող ասել, թե որքանով է Ձեր այդ կարծիքը հիմնավոր:
-Պարբերաբար ԵԱՏՄ անդամ երկրներում` հատկապես ՌԴ-ում հայկական գյուղմթերքը հանդիպում է խոչընդոտների: Խորացե՞լ եք դրանց արմատների մեջ` ինչո՞ւ է այդպես, եւ ի՞նչ լուծում եք տվել: Եղան բազում դեպքեր, երբ գյուղացիները ապրանքը ստիպված հետ բերեցին ու կոպեկներով վաճառեցին:
-Այստեղ մենք խնդիրը տեսնում ենք ոչ թե խոչընդոտների, այլ նախապես չպայմանավորված գործարքների մեջ: Ռուսաստանն այսօր այն շուկան է, որն ունի հստակ պահանջ` գնի, որակի եւ քանակի հետ կապված: Եւ եթե արտադրողի կողմից չկա այդ պայմանավորվածությունը, ուղղակի բարձել մեքենան եւ տանել ՌԴ` հուսով, որ այնտեղ ավելի լավ կվաճառվի, անիմաստ է: Պետք է նախապես պայմանավորվի գնորդի հետ կամ այստեղ արդեն միջնորդների միջոցով իրացվի, ապա գնա դուրս: Դա դիտարկել որպես խոչընդոտ չես կարող, որովհետեւ գյուղմթերքի իրացումը դա բիզնես է: Այսօր Ռուսաստանում այլեւս չի գործում այդ կարգը` մեքենան բարձել եւ տանել Ռուսաստան վաճառելու: Կան համապատասխան տարածքներ, որտեղ դու իրավունք ունես իրացնել քո ապրանքը, եւ դրա համար պայմանավորվածություն պետք է նախապես ունենաս: Ոչ թե ապրանքով հասնես այնտեղ ու հայտարարես, թե քեզ չեն թողնում:
-Հաշվի առնելով վերջին դեպքը, երբ ՍԱՊԾ-ն ներքին շուկայում հայտնաբերեց ձիու եւ ավանակի միս, որը վաճառվել էր տավարի մսի անվան տակ, սպառողների շրջանում խուճապ է առաջացել: Կարո՞ղ եք երաշխավորել, որ հայտնաբերված դեպքերը չեն կրկնվի:
-Ես կուզեի ասել, որ կարող եմ երաշխավորել, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել: Կարող եմ ասել, որ այդ տնտեսությունները հայտնաբերված են, վնասազերծված են, եւ իրենք այլեւս այդ քայլերի չեն դիմելու: Իսկ ՍԱՊԾ-ի կողմից ամեն քայլերն արված են:
-Մսի գնի բարձրացումը անհանգստացնում է բոլորին: Ի՞նչ եք արել` շուկան բալանսավորելու համար:
-Այսօր մսի գնի բարձրացումը աշխարհում գրեթե ամեն տեղ կա` հաշվի առնելով պահանջարկի աճը: Ցավոք, երաշտը եւ կերի թանկացումը չէր կարող չազդել մսի գնի վրա, իսկ պահանջարկի աճին զուգահեռ` ավելանում էին արտահանման ծավալները, որը նույնպես իր ազդեցությունն էր թողնում մսի գնի վրա: Այսօր, ցավոք, մենք չունենք տոհմային կամ մասնագիտացված տնտեսություններ, որոնք կարձագանքեն այդ աճին եւ համապատասխան գլխաքանակ կներմուծեն, եւ կփորձենք ապահովել այդ բալանսը, որպեսզի Հայաստանում միշտ լինի անհրաժեշտ քանակը եւ գնի կայունացումը: Մենք չունենք դա, ինչի հետեւանքն այն է, որ այսօր գնում է թանկացում: Դրանով է պայմանավորված այսօր (նկատի ունի երեկ-Ս.Հ.) կառավարության նիստին ներկայացված տոհմային տնտեսությունների զարգացման ծրագրի նախագիծը: Մենք ցանկանում ենք ստեղծել այդ տնտեսությունները, որոնք կզբաղվեն խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ ներմուծելով: Այն իրացնելով շուկայում` կբարելավվի ե՛ւ ցեղատեսակը, ե՛ւ մսի արտադրությունը, ե՛ւ որակը: Առանց դրա մենք չենք կարող: Հակառակ դեպքում միշտ կլինենք շատ թույլ` կախված դրսի իրավիճակներից եւ ցանկացած արտահանում` անասնագլխաքանակի կամ եղանակային պայմանի փոփոխություն, կբերի մսի գնի թանկացմանը: Բայց հարեւան երկրներում էլ կա շատ մեծ պահանջարկ, եթե այսօր մենք այդ պահանջարկը բավարարենք, ուղղակի անասնապահությունից կզրկվենք: Այսինքն` մենք պետք է հետեւենք, որ մայրական կազմը չարտահանվի, միշտ պահպանվի, որպեսզի վերականգնվի քանակությունը: Մենք պետք է ավելացնենք գլխաքանակը, որովհետեւ տարիների ընթացքում լինելու է պահանջարկի աճ:
-Դուք ինքներդ Հայաստանում գյուղատնտեսական ո՞ր խնդիրը կառանձնացնեք, ո՞րն է այն հարցը, որը ըստ Ձեզ` օր առաջ լուծում է պահանջում:
-Ջուրը, ոռոգումը: Առանց ոռոգման կայուն համակարգի մենք չենք կարող զարգացնել գյուղատնտեսության ոլորտը: Բազմաթիվ ծրագրեր կարող ենք իրագործել, բայց եթե ոռոգման համակարգը կայուն չլինի, ջուր չունենանք, ամեն ինչը կդառնա անիմաստ: Ջրի հարցը օր առաջ պետք է լուծենք: Դրա մասին ե՛ւ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ, ե՛ւ կառավարությունում ենք բազմաթիվ քննարկումներ արել: Խնդրին տեղյակ են բոլորը, իրենց կողմից մշակված ծրագրեր կան. փոքր ջրամբարների կառուցապատման մասով, ինչի արդյունքում կկարողանանք հնարավորություն ստեղծել ոռոգման հարցը լուծել: Նորից ժամանակ է պահանջվում, որպեսզի այդ բոլոր հարցերը լուծենք:
-Ինչպիսի՞ն էր տարին Ձեզ, ապա Ձեր ղեկավարած նախարարության համար:
-Չեմ կարող ասել, ժամանակ չունեմ վերլուծելու, թե ինչպիսին էր տարին ինձ համար: Մենք ունենք ծրագրեր, եւ նախարարության ողջ աշխատակազմը, նաեւ ես կենտրոնացած ենք այդ ծրագրերի իրականացման ստեղծման վրա: Ինչ-որ չափով ուզում ենք ցույց տալ, որ կարող ենք բան փոխել, եւ որպեսզի գյուղացին էլ հավատա, որ մենք քայլ առ քայլ փոխելու ենք, եւ իրավիճակը լավանալու է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս