2017թ. աշխարհաքաղաքական գործընթացների համար դարձավ իր նախորդի տրամաբանական շարունակությունը: Թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան աշխարհամասերը ենթարկվեցին քաղաքական ցնցումների` անպատրաստ իրենց հասարակություններին հուզող խնդիրների լուծմանը: Արեւմտյան ժողովրդավարություններում տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե մի աղյուս ավելացրին համաշխարհային անվտանգության ու բարեկեցության հուսալի համակարգի կառուցմանը, այլ խորացրին անորոշությունը ապագայի հանդեպ ամբողջ աշխարհում:
Ամերիկայի մեկուսացումը
Տարվա մեկնարկին Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի ամբողջական պարտականությունները: Նրա նախագահությունը արդեն իսկ սեւացավ ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննությամբ, որը մինչ օրս կրնկակոխ հետապնդում է Թրամփին: Հետաքննության գոյությունն իսկ լուրջ խոչընդոտ է Թրամփի արտաքին ու ներքին քաղաքականության հաջողության համար, թեեւ ԱՄՆ 45-րդ նախագահը կարծես այնքան էլ հստակորեն չի պատկերացնում իր անելիքը: Մտադրված լինելով ամեն ինչում առաջին հերթին սպասարկել ամերիկյան շահերը` Թրամփը ակներեւաբար մոռանում է փոխադարձության սկզբունքի մասին, որը խիստ կարեւոր է Եվրոպայի ու ԱՄՆ-ի մյուս դաշնակիցների հետ հարաբերություններում: Դրանց ամրությունը տասնամյակների քաղաքական ավանդույթների ու աշխարհաքաղաքական շահերի արդյունք է, որ կարծրացել է Սառը պատերազմի շրջանում: Եվ այդ աշխարհակարգի հիմքում ԱՄՆ-ի առաջնորդությունն է` աշխարհի ցանկացած կետում տեղի ունեցող իրադարձություններին ներգրավվելու միջոցով:
Ի հեճուկս իր նախորդների` Թրամփը Սպիտակ տուն բերեց ԱՄՆ-ի մեկուսացման քաղաքականությունը, որը լուսանցքում էր հայտնվել 1930-ական թվականներից: Սակայն մեկուսացման այդ քաղաքականությունը Թրամփը հակառակ կողմից սկսեց` առաջին հերթին վանելով իր դաշնակիցներին: Թերեւս բացառությամբ Իսրայելի, այսօր Միացյալ Նահագներն աշխարհում իրական դաշնակից չունի: Փոխարենը ԱՄՆ նախագահը անպատվաբեր լեզվակռվի մեջ ներքաշվեց Հս. Կորեայի հետ` զգալիորեն մեծացնելով միջուկային գաճաճի հետ պատերազմի հավանականությունը: Թեպետ պարզ է, որ Թրամփն այդկերպ փորձում էր Չինաստանից զիջումներ կորզել, սակայն գործնական հաջողության այդպես էլ չհասավ: Չինաստանն ընկալելով իբրեւ ԱՄՆ հիմնական մրցակից` Թրամփը փորձեց կամուրջներ կառուցել Ռուսաստանի հետ, ինչն էլ, սակայն, հանդիպեց արդեն քաղաքական էլիտայի մյուս թեւի խիստ դիմադրությանը: Արդյունքում` ԱՄՆ 45-րդ նախագահն իշխանավարության առաջին տարում չկարողացավ առարկայական նվաճում արձանագրել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Խաթարվեցին ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունները, չզսպվեց Չինաստանի ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական ախորժակը, չսաստվեցին ԱՄՆ-ի թշնամիները: Ինչպիսին Թրամփի նախընտրական քարոզչությունն էր, այնպիսին էլ նրա նախագահական գործունեությունն է: Սակայն եթե նախագահի թեկնածուի կարգավիճակում նա չէր կարող լրջորեն վտանգել ԱՄՆ-ի համաշխարհային առաջատարությունն ու անվտանգությունը, ապա նախագահի կարգավիճակում Թրամփի վնասարարությունն արդեն կարող է անդառնալի լինել:
Եվրոպայի բաժանումը
2017թ. լուրջ քաղաքական գործընթացներ տեղի ունեցան նաեւ եվրոպական մայրցամաքում, որտեղ, սակայն, աջ ծայրահեղականության վարակը որոշակիորեն հաղթահարվեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Է. Մակրոնի ընտրությամբ: Օգտվելով համաշխարհային առաջնորդության դիրքերից ԱՄՆ-ի կամավոր նահանջից, Միացյալ Թագավորությանը պատուհասած Բրեքզիթի աղետից, Գերմանիայում Մերկելի նկատելի թուլացումից` Ֆրանսիայի նոր նախագահը հայտ ներկայացրեց առաջնորդելու ամբողջ արեւմտյան ժողովրդավարությունը: Երբ Թրամփն իր երկիրը դուրս բերեց Փարիզի կլիմայի համաձայնագրից, Մակրոնը առաջինը արձագանքեց դրան` հանձն առնելով պաշտպանել այն: Մակրոնը նաեւ առանձնահատուկ հարաբերություններ հաստատեց Թրամփի հետ` նրա հանդեպ խիստ նրբանկատ վերաբերմունք ցուցադրելով ու Փարիզում արտակարգ ընդունելություն կազմակերպելով: Կարելի է ասել` Թրամփը, իր առաջին այցելության համար արեւմտյան տերություններից նախընտրելով Ֆրանսիան, եվոպական գործերի տնօրինությունը վստահեց Մակրոնին: Ավանդաբար Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցը Միացյալ Թագավորությունն էր, բայց վերջինս այժմ գալարվում է ԵՄ-ից դուրս գալու ծանր բանակցությունների ու բյուրոկրատական ընթացակարգերի անտանելի հորձանուտում եւ, փաստորեն, ռեսուրս չունի` աշխարհաքաղաքական խաղերում վատնելու համար: Նույնպիսի մի բարդ դրության մեջ է հայտնվել նաեւ Գերմանիան, որը Եվրոպայում իր տնտեսական առաջնորդությունը քաղաքականի վերածելու գլուխկոտրուկին ավելացրեց խորհրդարանական հակասական ընտրությունները: Դրանց արդյունքում էականորեն սասանվեց կանցլեր Մերկելի հենարանը` ինքնաբերաբար թուլացնելով Գերմանիայի ազդեցությունը Եվրոպայի եւ աշխարհի քաղաքական գործընթացների վրա:
Ըստ էության, 2017 թվականը ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար հակասական շրջան էր, երբ ձեռքբերումների փոխարեն զգալիորեն մեծացավ անորոշությունը ապագայի հանդեպ: Տարին ոչ միայն չնպաստեց Եվրոպայի միասնականությանը, այլեւ նոր բաժանարար գծեր առաջացրեց հին մայրցամաքում: Կատալոնիայի անկախության հանրաքվեն ու իսպանական իշխանությունների խայտառակ բիրտ եւ արեւելյան ոճի պատասխանը, միաժամանակ եվրոպական «առաջադեմ» ու «ժողովրդավար» ընտրախավի անատամ, երկակի ստանդարտներով պայմանավորված արձագանքը ցույց տվեցին, որ եվրոպական միասնական ինքնության, մարդակենտրոն հասարակության ու մարդու հիմնարար ազատությունների գերակայության մասին պնդումները իրականության հետ առերեսվելիս ստորադասվում են քաղաքական նպատակահարմարությանը: Եվրոպային ներկայումս համակած ճգնաժամը, այսպիսով, ամերիկյան ճգնաժամի երկվորյակն է` ծագելով կառավարող ընտրախավի ինքնանպատակ գործունեության ու հասարակության կենսական պահանջներին ականջալուր չլինելու ամբարտավանությունից: Այսպիսով` 2018 թվականը ծանր բեռ է ժառանգում, քանի որ այս տարվա հարուցած խնդիրները շատ ավելի խորքային են` հակաթույնով օժտված մակերեսային ու իրավիճակային հեշտ լուծումների հանդեպ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՍՏԱՌԻ ՏՂԱՆ ԴԱՐՁԱՎ ԱՆԻ ԼՈՒՊԵԻ ՍԻՐԵԼԻՆ
«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք շոուբիզնեսցիների անձնական կյանքից քչերին հայտնի պատմությունների, վերջիններս կատարում են խոստովանություններ, խոսում իրենց ապրած զգացմունքների մասին: Այս անգամ մեր զրուցակիցը Երեւանի Կամերային պետական թատրոնի արտիստուհի, «Ազիզյանները» սիթքոմից հայտնի դերասանուհի Անի Լուպեն է:
Պատասխանելով մեր ավանդական հարցին, թե արդյո՞ք համաձայն է, որ առաջին սերը երբեք չի մոռացվում, Անին նշեց. «Դա, իսկապես, գեղեցիկ է հնչում, բայց չափազանցված պնդում է: Առաջին սերն առանձնանում է միայն նրանով, որ այդ մարդու միջոցով ես առաջին անգամ ապրում քեզ համար մինչ այդ անծանոթ զգացմունքը»:
Իր առաջին սիրուն Անին հանդիպել է 15 տարեկանում, թատրոնում: Նա, սակայն, այդ ժամանակ համալրել է ոչ թե դերասանների, այլ հանդիսատեսի շարքերը: Իսկ ահա սիրելին դերասան է եղել. «Երբ նրան տեսա ներկայացման մեջ, անմիջապես սիրահարվեցի: Հետո մի թերթում տեսա նրա մասին հոդվածը, կտրեցի նրա անգույն նկարն ու փակցրեցի պատիս: Ի՞նչ կպատկերացնեի, որ վեց ամիս անց հանդիպելու էի նրան»,-պատմեց դերասանուհին:
Այսպիսով` որոշ ժամանակ Անին ճակատագրի բերումով այդ նույն տղայի հետ հայտնվում է բեմում, այդտեղից էլ սկսվում է ծանոթությունը, որը վերածվում է գեղեցիկ մի զգացմունքի: Երջանկությունը, սակայն, երկար չի տեւում, քանի որ Անիի սիրելին պետք է լքեր երկիրը. «Երբ նրան ճանապարհում էի, օդանավակայանում մենք չգրկախառնվեցինք, քանի որ ասում են` այդ դեպքում դու սիրելիիդ կորցնում ես հավերժ: Նրա մեկնելուց հետո մի որոշ ժամանակ մենք շփվում էինք մեյլով, հետո սիրելիս տեղափոխվեց այլ երկիր, եւ մեր կապը կտրվեց»,-մանրամասնեց դերասանուհին:
Տասը տարի անց, սակայն, Անին պատահաբար գտնում է այդ տղային, հետո նա գալիս է Հայաստան. «Երբ հանդիպեցինք, արդեն բոլորովին այլ զգացողություններ ունեցանք, մի տեսակ հարազատություն զգացինք: Մենք պահում ենք մեր կապը որպես հարազատներ»,-ասաց Անին:
Հետադարձ հայացք նետելով անցյալին` դերասանուհին կարծում է, որ իրենց հարաբերություններն ընթացք չստացան, քանի որ այն ժամանակ իրենք բավականաչափ հասուն չէին. «Մենք մտածում էինք միայն ձեռք ձեռքի տալու եւ քաղաքում շրջելու մասին, ոչ ավելին: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ ապրել եմ այդ հրաշալի զգացումը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓԵՍԱՆ ՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ
Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու 2017թ. օգոստոսի 30-ի նիստում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի փեսային մի շարք հարցեր ուղղեց, որոնք ավելի շատ զայրույթ էին պարունակում: Նա անդրադառնալով «Սլովակիա» ՍՊԸ-ի կողմից Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում գարեջրի, հոնի օղու գործարան շահագործելու չիրականացված ծրագրին` «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահ Սերյոժա Բարսեղյանին ասաց, որ վերջինս հանրապետության ղեկավարությանը նամակներ է ուղարկել, որոնցում նշել է, որ Տավուշի մարզպետը խոչընդոտում է Տավուշի սահմանագոտում ներդրումներ կատարելուն: Մարզպետը Ս. Բարսեղյանին հարցրեց` ինքը չի՞ օգնել նրան:
Ս. Բարսեղյանն ասաց, որ մարզպետն իրեն աջակցել է մինչեւ 2017թ. փետրվարը, երբ ծագել է Աչաջուր գյուղում «Սլովակիա» ընկերության կողմից ձեռք բերված հողամասում հանքային ջրերի գործարան գործարկելու հարցը, ջրի այդ ակունքին հավակնում է նաեւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը: Մարզպետն ասաց, որ հողի ընդերքը շահագործելու թույլտվությունը Տավուշի մարզպետարանը չի տրամադրում, այլ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը, նաեւ հայտարարեց, որ ինքը Ս. Բարսեղյանին աջակցել է Աչաջրում այդ հողատարածքը գնելու գործում: 2017թ. նոյեմբերի 5-ին Աչաջուր գյուղում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքում հաղթեց գործարար, ՀՀԿ անդամ Կարեն Ղալթախչյանը: Նա այդ պաշտոնում փոխարինեց 2013թ. համայնքը ղեկավարող Կամո Ղալթախչյանին: Կարեն Ղալթախչյանն ասաց, որ ներկայումս համայնքապետարանում հանձնման-ընդունման գործընթաց է կատարվում, որը կշարունակվի մինչեւ տարեվերջ: Աչաջրի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, հողաշինարար Զաբելա Շաբանյանը հայտնեց, որ 2016թ. «Սլովակիա» ՍՊԸ-ն Աչաջրում ձեռք է բերել 3 հողակտորներ` ընդհանուր 2.7 հա մակերեսով, դրանք արոտավայրեր են: Այդ հողամասերից 6000 քմ ընկերությունը ձեռք է բերել վարձակալությամբ, մնացածը սեփականության իրավունքով, աճուրդով: Խորհրդային տարիներին Իջեւանի հանքային ջրերի գործարանի օգտագործած ջրի ակունքը գտնվում է այդ հողամասերից մեկում: Հանքային ջրի աղբյուրն այնքան հզոր է, որ ջուրը շատրվանի նման ցայտում է գետնի տակից:
Աչաջրի համայնքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն Ս. Բարսեղյանը 100 քմ տարածք, որի մեջ է գտնվում հանքային ջրի ակունքը, 2017թ. նվիրել է Աչաջուր համայնքին: Իջեւանի գինու, կոնյակի գործարանը 2017թ. ընթացքում մի քանի անգամ Աչաջրում հասարակական լսումներ է անցկացրել Աչաջրի հանքային ջուրն օգտագործելու վերաբերյալ: Զաբելա Շաբանյանն էլ հայտնեց, որ ամեն անգամ դրանց մասնակցել է Աչաջրի 20-25 բնակիչ: Կարելի է կարծել, որ հանքային ջրի հզոր ակունքին տիրելու հարցում «Սլովակիա» ՍՊԸ-ն զիջել է Իջեւանի գինու, կոնյակի գործարանին, որը պատկանում է Ատոմ Եգորյանին:
Նշենք, որ Սերյոժա Բարսեղյանը ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի աղջկա ամուսինն է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ