ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ` ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ «ՆԵՐՈՂՈՒԹՅԱՄԲ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 22-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդես եկավ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով, որի ընթացքում անդրադարձ կատարեց այս տարի իր ղեկավարած ոլորտում գրանցված ձեռքբերումներին եւ կորուստներին, բացերին:

Որպես ձեռքբերում նշվեց «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի շրջանակում կյանքի կոչվեց 426 մշակութային միջոցառում ՀՀ ողջ տարածքում, այդ թվում` հեռավոր գյուղերում:
«Ինձ համոզում էին, որ հեռավոր մարզերում, օրինակ, դասական համերգը ոչ ոքի չի հետաքրքրի, բայց արի ու տես, որ դահլիճները լեփ-լեցուն էին, համերգին մարդիկ գալիս էին, նստում էին վերարկուներով, որովհետեւ ցուրտ էր, բայց մնում էին մինչեւ վերջ: Գալիք տարում մեր առաջնահերթ հանձնարարականներից մեկը լինելու է նոր կինոթատրոնների ստեղծումը. «Հոկտեմբեր» կինոթատրոնի ստեղծումը Գյումրիում եղավ առաջին ծիծեռնակը»,-ասաց նախարարը` հավելելով, որ նոր տիպի գրախանութների ստեղծումը եւս առաջնահերթություն է. առաջիկայում Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի առաջնամասում ականատես կլինենք նոր գրախանութի բացմանը:
Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա նախ եւ առաջ անդրադարձ կատարվեց մշակութային հուշարձանների վերականգնման ոլորտին, մասնավորապես նախորդ տարի նախատեսված պատմամշակութային 7 հուշարձանների վերականգնման ծրագրին: Բոլորովին վերջերս արձանագրվեց, որ նախարարը դժգոհ էր կատարված աշխատանքների արդյունքից: Սա Ամիրյանը որակեց որպես բացթողում. «Մրցույթի մասնակիցներից մեկի բողոքի պատճառով շինարարությունը մի քանի ամսով հետաձգվեց: Մենք մի քանի այցելությունների ժամանակ արձանագրեցինք նաեւ շինարարների թերությունները: Այժմ եկել ենք պայմանավորվածության, որ մինչեւ 2018թ. հունիսի 1-ը պետք է ավարտեն 2017-ի շինարարության ծավալները, որովհետեւ դրանից հետո մեկնարկում են 2018-ի ծրագրերը»,-ասաց նա:
Ա. Ամիրյանն անդրադարձավ նաեւ «Կինոյի մասին» օրենքին, եւ կինոգործիչների այն դժգոհությանը, որ ըստ օրենքի` տեղական կինոարտադրողին արտոնություններ տրված չեն (ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը եւս վերջերս փաստել էր այդ մասին-հեղ.):
Այս առթիվ նախարարը բերեց ոչ համոզիչ փաստարկներ. «Կինոյի ոլորտում օրենքով աջակցություն նախատեսել հնարավոր չէ: Տասնյակ տարիներ տեղական արտադրողները ունեն աջակցություն պետության կողմից տարեկան 300 մլն դրամ` գեղարվեստական ֆիլմերի մասով, աջակցում է նրանց ֆիլմարտադրության համար»:
Ա. Ամիրյանն այս պարագայում կա՛մ չի պատկերացնում, որ, ինչպես կինոգործիչներից շատերն են նկատում, Թաթայի տեսահոլովակի վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան կինոոլորտին պետության տրամադրած գումարն է, կա՛մ նա իսկապես այն համոզման է, որ այդ չնչին գումարով կարելի է կինո նկարել, եւ դա այն դեպքում, երբ տասնյակ տարիներ կինոյի բյուջեն չի համալրվում: Իսկ եթե հաշվի առնենք, որ «Կինոյի մասին» օրենքում արտոնությունների զգալի մասը տրված է արտերկրի ներդրողներին, ապա այն փաստարկը, թե օրենքի գործարկումից հետո հայրենական արտադրությունը թեւակոխելու է նոր փուլ, առնվազն կասկածներ է հարուցում: Եվ հետո` հասկանալի չէ նաեւ, թե ինչպես է պատահում, որ նույն գերատեսչության աշխատակիցը` փոխնախարար Արթուր Պողոսյանը, ընդամենը մի քանի օր առաջ փաստում է, որ նախարարության համար դժվար է կառավարությանը բացատրել, որ կինոյի ոլորտում տեղական արտադրողին հարկավոր է արտոնություններ տալ («Կառավարությունը հարցնում է` ինչո՞վ եք որոշում, որ կինոյի արտադրությունը մեզ համար առաջնային է, քան, օրինակ, հացի արտադրությունը»,- ասել էր փոխնախարարը-հեղ.), իսկ ահա դրանից ընդամենը մի քանի օր հետո նույն գերատեսչության ղեկավարը այդքան համոզված է, որ հայրենական կինոարտադրության համար նոր հորիզոններ են բացվելու:
«Ժողովուրդ»-ը Ա. Ամիրյանի հետ զրուցեց նաեւ դեկտեմբերի 21-ին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որակման մասին: Ամիրյանը ներկայացրել էր «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման եւ պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագիր» հայտագրերի փոխանակման ձեւով կնքվող դրամաշնորհի ծրագիրը: Ամիրյանի խոսքով` մշակույթի նախարարությունը նախաձեռնել է ճապոնական դրամաշնորհի միջոցով նորագույն սարքավորումներով համալրել կենտրոնի հնագիտական լաբորատորիան: Այնինչ` նրա հավաստիացումներն այնքան էլ հույս չէին ներշել վարչապետին: Վերջինս հանձնարարել էր հետագայում ներկայացնել կատարված աշխատանքները եւ հայտնաբերված հնագիտական արժեքները. «Որ տեսնենք` ինչքանով ենք կարողանում մեր քաղաքացուն, զբոսաշրջիկին ծանոթացնել, թե չէ մեկ-մեկ ինձ մոտ տպավորություն է, որ ինքնանպատակ է», – ասել էր նա:
Հարցին, թե ինչու վարչապետը տվյալ կոնտեքստում իր գործունեությունը որակեց ինքնանպատակ, նախարարը տվեց տարօրինակ պատասխան. «Չէ՛, ես Ձեզ հետ համաձայն չեմ: Մենք խոսում ենք ընդհանրապես հանրահռչակման մասին, այսինքն` մեր պատմամշակութային գտածոների հանրահռչակման մասին: Այս լաբորատորիայի նպատակը հենց այն է, որ մենք ճիշտ ուսումնասիրենք, վերականգնենք գտածոները, վարչապետը սա նկատի ուներ»:
Ամիրյանի տված պատասխանում ուշագրավն այն էր, որ նա ոչ թե մեզ հետ, այլ վարչապետի հետ պետք է համաձայն լիներ կամ ոչ: Մենք ընդամենը արձանագրեցինք որակումը, այնինչ` Ամիրյանը ակնհայտորեն չցանկացավ վարչապետի խոսքին դեմ գնալ, փոխարենը շտապեց մեզ հետ չհամաձայնել, կարծես մենք էինք, որ տվել էինք «ինքնանպատակ» որակումը:
Մեր մյուս հարցը վերաբերում էր մշակույթի կապիտալիզացիային: «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյո՞ք կապիտալիզացման մասով նախարարից հաճախ չեն պահանջում ավելին, քան հնարավոր է իրականացնել մշակույթի ոլորտում, այն էլ բավական սուղ բյուջեի պայմաններում, Ամիրյանը պատասխանեց. «Կապիտալիզացիան բյուջեի հետ կապ չունի, այն ռեֆորմ է, գաղափարախոսություն, բյուջեն շատ է, թե քիչ, դա կապ չունի»:
Այս դեպքում առնվազն անհասկանալի է` ինչպես կարելի է, օրինակ, թատրոնի ղեկավարներից պահանջել 21-րդ դարի ներկայացում, որը կլինի վաճառվող, եթե չի ապահովվելու թատրոնը համապատասխան տեխնիկայով եւ մասնագետներով, կամ, օրինակ, ինչպե՞ս կարող ենք թանգարանների տնօրեններին դրդել արտաբյուջետային միջոցներ կուտակել այն պարագայում, երբ դրանք ապահովված չեն նույնիսկ մինիմալ պայմաններով:
«Ժողովուրդ»-ի հաջորդ հարցը վերաբերում էր նախարարի խոստմանը` կապված նոր թանգարանների բացման հետ: Ուղիղ մեկ տարի առաջ նա խոստացել էր, որ 2017-ին մենք ունենալու էինք նոր թանգարաններ, այդ թվում` լեգոյի, տիկնիկների, գորգի, լուսանկաչության եւ ջրասուզակների: Բայց տեսնում ենք, որ մի շարք թանգարանների մասով նույնիսկ նախնական աշխատանքներ չեն կատարվել. «Մենք բացել ենք տիկնիկների թանգարանը, նախապատրաստել ենք լուսանկարչության թանգարանը, գորգարվեստի թանգարան գարնանը կարող եք այցելել»,-ասաց նախարարը: Իսկ մեր այն դիտարկմանը, որ վերջին երկուսը եւ մի շարք այլ թանգարաններ, ըստ նախարարի խոստման, պետք է արդեն բացված լինեին. Ամիրյանը մի փոքր սարկազմով պատասխանեց. «Ներողություն եմ խնդրում դրա համար»:
Ներողություն խնդրելու փոխարեն տեղին կլիներ, եթե նախարարն ավելի հետեւողական լիներ իր խոստումներին, իսկ 2018-ի հետ կապված խոստումների մասով էլ ավելի զգուշավոր:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս