ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Իհարկե, Երեւանի քաղաքապետարանի` մայրաքաղաքը մաքուր պահելու հորդորը լավ նախաձեռնություն է, բայց այն պետք է իրագործել ըստ պահանջի: «Աղբի տեղը աղբամանն է» գրության կողքին թերեւս պետք է լիներ աղբաման, որը, ինչպես երեւում է լուսանկարից, չկա: Մի հնարամիտ քաղաքացի էլ որոշել է պարզել, թե որտեղ է աղբամանը: Իր հեթին պաստառի վրա թողել է գրություն. «Բա ո՞ւր է աղբամանը»:

 

 

 

ՀԱՐՑ. Վերջին շրջանում երեխաների պատվաստումների հետ կապած բուռն քննարկումներ են տեղի ունենում: Ինձ հետաքրքիր է իմանալ` պոլիոմելիտի պատվաստման համար ինչպիսի՞ հակացուցումներ կան:

Գայանե Երանոսյան (31 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ինչպես ցանկացած պատվաստման դեպքում` հակացուցում են սուր հիվանդությունները կամ խրոնիկ հիվանդության սրացումները, նախորդ դեղաչափից ծանր հետպատվաստումային ռեակցիաները (անաֆիլաքսիա, կվինկեի այտուց, եղնջացան, վակցինասոցացված պոլիոմիելիտ):

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ լրացուցիչ պատվաստումներ են կատարվում այնտեղ, համայնքներում, որտեղ պոլիոմիելիտի պատվաստումներում երեխաների ընդգրկման ցուցանիշները ցածր են նպատակայինից (95%): Լրացուցիչ պատվաստումները կատարվում են կարճ ժամանակահատվածում եւ միամոմենտ` կոլեկտիվ պաշտպանություն ապահովելու նպատակով: Մյուս կողմից պատվաստումների արդյունավետությունը պայմանավորված է նաեւ անհատի իմունային համակարգի արձագանքման աստիճանով:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ովքե՞ր կարող են դիմել` ընտանեկան նպաստ ստանալու համար: Ուզում եմ մանրամասն տեղեկանալ` ո՞ւր պետք է դիմի քաղաքացին:

Ալինա Մովսիսյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մովսիսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի` պետական նպաստ տրամադրելու ՀՀ կառավարության լիազորած մարմին:
Տեղեկացնում ենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ դիմողը պետք է ներկայանա տարածքային սոցիալական բաժին, որտեղ պահանջվող փաստաթղթերի ցանկն ու դիմումը ներկայացնելուց հետո որոշում կկայացվի ընտանեկան նպաստի տրամադրման կամ մերժման վերաբերյալ: Նշենք նաեւ, որ ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է` ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող եւ ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:




Լրահոս