Որքան կլինեն նախարարությունների և փոխվարչապետերի թիվն ապրիլից հետո. նախագիծը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով սահմանվել է Կառավարության կազմը և կառուցվածքը, ամրագրվել են Կառավարության կազմավորման կարգի, ժամկետների, Կառավարության անդամների լիազորությունների ստանձնման, Կառավարության կազմում փոփոխությունները, Կառավարության հրաժարականը կարգավորող դրույթներ, կարգավորվել են Կառավարության անդամների՝ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները,
նախատեսվել են դրույթներ Կառավարության նիստերի, Կառավարության որոշումների ընդունման կարգի վերաբերյալ, սահմանվել են Կառավարության անդամի պաշտոնի անհամատեղելիությանը և գործունեության երաշխիքներին վերաբերող դրույթներ:

Ըստ այդմ, Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:

2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները՝

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.

2) առողջապահության նախարարությունը.

3) արդարադատության նախարարությունը.

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը.

5) արտաքին գործերի նախարարությունը.

6) բնապահպանության նախարարությունը.

7) գյուղատնտեսության նախարարությունը.

8) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը.

9) կրթության և գիտության նախարարությունը.

10) մշակույթի նախարարությունը.

11) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը.

12) պաշտպանության նախարարությունը.

13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը.

14) սփյուռքի նախարարությունը.

15) տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը.

16) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը.

17) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.

18) ֆինանսների նախարարությունը:

3. Նախարարություններին վերապահված գործունեության ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որտեղ առաջարկվում է նշանակել նրան:




Լրահոս