Տեսնեմ Դավոսն ու ետ գամ. Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա այցի արդյունքների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դրայվի սիրահար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պարզվում է, նաեւ ճամփորդությունների սիրահար է։ Հակառակ դեպքում պետական պաշտոնյան առանց պաշտոնական հրավերի, այն էլ՝ ներքաղաքական ակտիվ շրջանում, չէր մեկնի երկրից։
Հիշեցնենք՝ հունվարի 22-ին Կարեն Կարապետյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի եւ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրենի հետ մեկնեց Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Վարչապետի պաշտոնում սա Կարապետյանի առաջին այցն էր նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս։ 48-րդ անգամ անցկացվող ֆորումը կայացավ հունվարի 23-ից 26-ը։

Մինչ այդ վարչապետը հասցրեց կիսվել օդանավում արված լուսանկարներով՝ ցուցադրելով շքեղ ինքնաթիռը, որտեղ ինքը խորասուզված էր ընթերցանության մեջ։ Սրանով Կարապետյանը հրահրեց եւս մեկ հարց. այդ ի՞նչ ինքնաթիռով է վարչապետը ճանապարհ ընկել։ Պարզվեց՝ օդանավը մասնավոր է, եւ բյուջեից դրա համար գումար չի հատկացվել։ Իսկ ընդհանուր առմամբ, թե որքա՞ն արժեցավ հայաստանցի հարկատուների համար վարչապետի ուղեւորությունը, խիստ գաղտնի է պահվում։

Եվս մի կարեւոր հարց. ի վերջո, որքանո՞վ էր այցն արդյունավետ։ Կարեն Կարապետյանը հանդիպումներ ունեցավ Շվեյցարիայի ազգային խորհրդի նախագահի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համակարգողի եւ այլ անձանց հետ։ Հանդիպում կայացավ նաեւ Սինգապուրի փոխվարչապետի հետ, որի ընթացքում վարչապետը չմոռացավ կրկին անգամ շեշտել, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար։ Իսկ շվեյցարացի գործարարների հետ հանդիպմանը մեր երկրի գործադիր մարմնի ղեկավարը բաց տեքստով ասաց. «Եկեք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկեք ու ներդրումներ արեք Հայաստանում»։ Սա, թերեւս, հուսահատ պաշտոնյայի կոչ է, ով իր երկրի գրավչությունը ներկայացնելու որեւէ օրինակ չունի եւ նրան մնացել է միայն կոչ անել, հորդորել կամ խնդրել։
Արդար լինելու համար պետք է նշել, որ վարչապետն, այնուամենայնիվ, որոշ թվեր ներկայացրեց գործարարներին։ Սակայն չմոռացավ ընդգծել` մենք բավարարված ենք կատարված աշխատանքով։ Այ, այս միտքը Կարեն Կարապետյանը չպետք է հնչեցներ։ Եվ երանի թե որեւէ շվեյցարացի գործարար չորոշի Հայաստանի որեւէ բնակչից կամ սփյուռքահայ գործարարից ճշտել, թե որքանո՞վ են բավարարված կառավարության աշխատանքով։

Հարկերի ծանր բեռի տակ ու այլ խնդիրների հետեւանքով բիզնեսը փակած մարդկանցից յուրաքանչյուրը կսկսի պատմել իր պատմությունը։ Այսպիսով` անգամ մեծ լավատեսության դեպքում դժվար է հավատալ, թե Շվեյցարիայի նման զարգացած ու առաջադեմ երկրի գործարարները կգան ու մեկը մյուսի ետեւից բիզնես կհիմնեն Հայաստանում։ Ուրեմն մնում է եզրակացնել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի այցն արդյունավետ էր այնքանով, որ պաշտոնյան մի քանի օր գտնվեց երկրից դուրս` աշխարհում հայտնի ու շքեղ հանգստավայր Դավոսում։ Բայց ոչ մի առարկայական պայմանավորվածություն, տեսանելի արդյունք չկա այդ այցից: Մի խոսքով՝ տեսավ Դավոսն ու ետ եկավ…

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս