Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուբեն Վարդազարյանը: Դատական համակարգի պաշտոնական կայքից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանը սույն որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի 21 դեկտեմբերի «Հայաստանին Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-34-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 26-ից:
Ինչպես հայտնի է` դատական նոր օրենսգրքի նախագծի համաձայն` Երեւանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանների փոխարեն կկազմավորվի մեկը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, որն իր կազմում կունենա մեկ դատարանի նախագահ եւ 65 դատավոր: Սա նշանակում է, որ Հայաստանի դատական համակարգում կձեւավորվի մի մարմին, որն իր ազդեցությամբ գրեթե հավասարազոր կլինի ՀՀ վարչական դատարաններին:
Բացելով դատարանի դռները
Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է ԱԺ-ի կողմից ընդունված Դատական օրենսգիրքը: Այն ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից` պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ասել Է, թե հունվարի 25-ից դատավորները, բացելով դատարանի դռները, միանգամայն այլ դատարան են մուտք գործելու: Ըստ այդմ, դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Երեւան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները շարունակում են գործել որպես Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, իսկ դատարանների նախագահները եւ դատավորները շարունակում են պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում եւ շարունակում են քննել իրենց վարույթներում եղած գործերը:
Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը նշանակվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմից:
Հաշվի առնելով, որ օրենքը հունվարի 25-ից ուժի մեջ է մտնում, ՀՀ վճառաբեկ դատարանի նախագահն այսօր օրենքով սահմանված կարգով պետք է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց, իսկ նախագահի հիմնական ընտրությունը տեղի կունենան մայիսին:
Ահա այստեղից էլ սկսվում է «կռիվ կինոն», թե ով կնշանակվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի շուրջ դատական համակարգում խժդժությունները սկսել են: Դատական համակարգում երիտասարդ դատավորների եւ հնաբնակ դատավորների կարծիքները բախվում են: Մեզ հասած լուրերի համաձայն` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ամեն ինչ անում էր, որպեսզի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Դատական համակարգի հնաբնակները որեւէ առարկություն չունեն նրա թեկնածության մասով, սակայն երիտասարդ դատավորները այլ թեկնածուի են առաջ քաշում եւ ամեն ինչ անում են, որ մայիս ամսին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում նշանակվի միայն ոչ Վարդազարյանը: Պատրաստ են անգամ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին տեսնել այդ պաշտոնում: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` Դավիթ Հարությունյանը եւս դեմ չէ դատական համակարգի ներկայացուցիչների ցանկությանը: Միայն թե հայտնի չէ՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, մանավանդ, որ նախարարի պաշտոնում Հարությունյանն իրեն լավ է զգում:
Կենտրոնի նախագահը՝ իր նշանակման մասին
«Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկությունների մասին զրուցել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, ով ասել էր, որ տեղեկություն չուներ իր նշանակման մասին, իրեն նախապես առաջարկ չէր արվել:
Մեկնաբանության համար դիմեցինք նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, ինչին ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարարության լրատվական վարչությունից տեղեկացրին, որ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:
Քնար Մանուկյան