«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ գործունեության մասով հարցեր էր ուղղել ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը:
-Պարո′ն Համբարձումյան, զրույցը սկսենք նախորդ տարին ամփոփելով: Ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար. հասցրեցի՞ք իրականացնել պլանավորված աշխատանքները: ԱԱԾ-ն ավանդաբար համարվում է փակ, խորհրդավոր կառույց, և ձեր գործունեությանը հաճախ տրվում է քաղաքական մեկնաբանություն:
-Ամփոփելով նախորդ տարին` կարող եմ փաստել, որ այն Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության համար աշխատանքային առումով գերծանրաբեռնված, սակայն համեմատաբար առավել խաղաղ տարի էր. կարողացանք գրեթե լրիվ ծավալով իրականացնել պլանավորված աշխատանքները, վերլուծել և ողջամտորեն գնահատել վարչությունում առկա խնդիրները, գտնել դրանց համարժեք լուծումներ:
Քննչական վարչությունը համալրվեց նոր կադրերով, տեխնիկական միջոցներով, քննիչները սկսեցին վերապատրաստվել ՀՀ արդարադատության ակադեմիայում, դասընթացների են մասնակցել՝ ՌԴ-ում, Չինաստանում, համագործակցող այլ երկրներում, նաև ինչի արդյունքում, մեր գնահատմամբ և արձանագրված ցուցանիշներով, էականորեն բարձրացել է աշխատանքների իրականացման արդյունավետությունը, բարելավվել են քննության որակն ու մակարդակը, զգալիորեն կրճատվել են գործերի նախաքննության ժամկետները։
Առանձնակի ուշադրություն ենք դարձնում ահաբեկչության, սահմանի ապօրինի հատումների, անօրինական միգրացիայի, փողերի լվացման, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով քննության առանձնահատկություններին, մեթոդիկային, ինչպես նաև որակի բարելավմանը, հնարավորինս ակտիվացնում ենք ՀՀ ԱԱԾ և մյուս իրավապահ մարմինների օպերատիվ ստորաբաժանումների հետ քննչականի համագործակցությունը, որն իմ գնահատմամբ՝ հիմնական գրավականն է հանցագործությունները բացահայտելու հարցում։
Ներկայացնեմ ԱԱԾ քննչական վարչության կողմից 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տվյալներ, մասնավորապես՝ 2017թ. ընթացքում ՀՀ ԱԱԾ ՔՎ կողմից քննվել է 333 քրեական գործ, որից դատարան է ուղարկվել 105-ը` 202 անձի նկատմամբ, կարճվել է 21 քրեական գործ, որից 11-ը՝ արդարացման, իսկ 10-ը՝ ոչ արդարացման հիմքերով, վարույթը կասեցվել է 78 քրեական գործով, որից 47-ը` հետախուզման հիմքով` 67 անձի նկատմամբ, 2-ը` հանցանք կատարած անձանց ՀՀ-ից դուրս գտնվելու հիմքով և 29-ը` հանցագործությունը կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, 25 քրեական գործ միացվել է այլ գործերի, 46 քրեական գործ ուղարկվել է այլ մարմիններ, 58 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Քննված քրեական գործերով պարզված՝ պետությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց հանցագործությամբ պատճառված նյութական վնասը կազմել է 1.033.196.960 ՀՀ դրամ, որից փաստացի հատուցվել է 915.439.943 ՀՀ դրամը, որը կազմում է 88.6 % (չեն հաշվարկվել կալանք դրված գույքերի արժեքները)։ Այսինքն՝ քննված 333 քրեական գործերի ընդամենը 3.3 %-ն է կարճվել արդարացման հիմքով, 8.7 %-ը կասեցվել է հանցագործությունը կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, առնվազն 48.6 %-ը բացահայտվել է (31.5 %-ն ուղարկվել է դատարան, 14.1 %-ը կասեցվել է հետախուզման հիմքով և 3 %-ը կարճվել է ոչ արդարացման հիմքով), 21.3 %-ը միացվել է այլ գործերի կամ ուղարկվել ըստ ենթակայության, և 17.4 %-ի նախաքննությունը շարունակվում է:
Նշեմ նաև, որ քրեական գործերով ակտիվ համագործակցում ենք Ինտերպոլի, ինչպես նաև գործընկեր պետությունների, մասնավորապես՝ ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ԵՄ-ի, Չինաստանի, Իրանի, ԱՄԷ-ի և այլ իրավապահ մարմինների հետ` առանց վարանելու նրանց ներկայացնելով պարզված տվյալները, ձեռք բերված ապացույցները և իրավական հիմքերը, ինչի արդյունքում այլ պետությունների գործընկերների մոտ ձևավորվել է մեր գործողություններում քաղաքական հետապնդման կոնտեքստը բացառող համոզմունք և հիմք է ստեղծվել փոխադարձ ակտիվ համագործակցության համար:
Առանձնակի ուզում եմ շեշտել, որ ԱԱԾ-ն, իր իրավասությունների շրջանակներում գործելով, արձագանքում է բոլոր այն դեպքերին, որոնք իրենց մեջ առերևույթ կարող են պարունակել հանցագործության հատկանիշներ, չպետք է ամեն հարցում անձնավորված և սուբյեկտիվ մոտեցում փնտրել։
-Նորք-Մարաշի առանձնատներից մեկում հայտնաբերված զինված խմբին վնասազերծելուց հետո Դուք մամուլի ասուլիս տվեցիք ու հայտարարեցիք, որ նախաքննությամբ անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել, թե խումբը ինչ զազրելի հանցանքներ է նախաձեռնել: Մինչդեռ գործի դատաքննության ընթացքում սկսեց գերիշխել կարծիքը, որ գործը փլվում է, քանի որ փաստերը մեղմ ասած քիչ են կամ չկան:
«Նորքի» գործով ես ձեռնպահ կմնամ գնահատականներ հնչեցնելուց և կոնկրետ ապացույցների մասին խոսելուց, քանի որ այս փուլում արդեն իսկ ընթանում է դատաքննություն, ընդամենը խորհուրդ կտամ ավելի ուշադիր հետևել գործի դատաքննությանը, և երբ կհրապարակվեն ապացույցները, ցուցմունքներ կտան մեղադրյալները կամ կհրապարակվեն նրանց նախաքննական խոստովանական ցուցմունքները, խնդրում եմ վերլուծեք դրանք, համադրեք միմյանց հետ և կարծում եմ, Դուք՝ որպես անաչառ դիտորդ ու լրագրող, կփոխեք Ձեր կարծիքը և ճիշտ գնահատական կտաք գործին և մեր իրականացրած աշխատանքին, իրապես կլուսաբանեք պարզված փաստերը, ինչը կնպաստի, որ հետագայում բացառվեն նմանօրինակ դեպքերը։
Ընդամենը մեկ փաստ կուզենայի հիշատակել՝ այն, որ խմբին զենք իրացրած թվով 5 անձանց վերաբերյալ առանձին գործերով արդեն իսկ դատավճիռներ են կայացվել, նրանք ընդունել են մեղքը և խնդրել են արագացված դատաքննություն իրականացնել։
– Հասարակության լայն շերտերի կողմից չընկալվեց նաեւ Արցախի հերոս Սամվել Բաբայանի կալանավորումը եւ նրան մեղսագրվող արարքը: Եթե չկար քաղաքական հրահանգ, արդյո՞ք նա այն վտանգավոր քրեական հանցագործն էր, որին պետք էր անհապաղ մեկուսացնել ապրիլյան ընտրություններից առաջ: Ի վերջո, նրա «Իգլայի գործը» ևս քչերի մոտ հավատարժան եղավ:
-Սամվել Բաբայանի և մյուս 6 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործով արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Ես կրկին հորդորում եմ Ձեզ, մինչև գործի հավատարժան լինելու մասին գնահատական հնչեցնելը, ուսումնասիրել նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատարանում հրապարակված ապացույցները, վերլուծել դրանք և համադրել մեղադրյալների ցուցմունքների հետ, այսինքն՝ լրագրողական հետաքննություն իրականացնել հետազոտված տվյալների հիման վրա։ Կարծում եմ, միայն այդ դեպքում Ձեզ համար տեսանելի կլինի, թե ինչ ծանրակշիռ ապացույցներ են ստացվել գործով և դրանց վերաբերյալ որքան անարժանահավատ, իրականության հետ որևէ աղերս չունեցող և անհիմն պատճառաբանություններ են ներկայացվել առանձին մեղադրյալների կողմից։
Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոցի տեսակ ընտրելիս նախաքննական մարմինը և վերջինիս ներկայացրած միջնորդությունը քննարկած դատարանն առաջնորդվել են բացառապես քրեադատավարական օրենքով սահմանված հիմքերով, այն է՝ բավարար հիմքեր են եղել ենթադրելու, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ այլ ճանապարհով։
Նախաքննական մարմինը նպատակ չի հետապնդել, Ձեր խոսքով՝ «մեկուսացնել» Սամվել Բաբայանին ապրիլյան ընտրություններից առաջ, քրեական հետապնդում իրականացնող մարմինն ընդամենն իրականացրել է իր պարտականությունը՝ անկախ այն հանգամանքից, թե հանցագործությունն ով և երբ է կատարել։
Այսինքն՝ դա ընդամենը պարզ համընկնում է՝ պայմանավորված դեպքի հանգամանքներով. դրանում համոզվելու համար բավարար է վերհիշել միայն այն փաստերը, որ ,Իգլայիե ձեռք բերման հետ կապված խոսակցությունները, բանակցությունները Բաբայանը և մյուսները վարել են այդ նախընտրական շրջանում, նույնիսկ մարտական հրթիռով ,Իգլաե տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակի՝ ՀՀ տեղափոխված լինելու փաստը հաստատող լուսանկարը հանցագործության մեջ մեղադրվող անձինք կատարել են «ՕՐՕ» դաշինքի նախընտրական բուկլետի ֆոնին։
Մենք չէինք կարող սպասել, որ ի կատարումն Սամվել Բաբայանի խորհրդի ռազմամթերքը տեղափոխվեր և թաքցվեր ինչ-որ վայրում, ինչը կարող էր հանգեցնել առնվազն նրան, որ այն կշարունակեր մնալ ապօրինի շրջանառության մեջ։ Այս կապակցությամբ, ի պատիվ Սամվել Բաբայանի, ուզում եմ հիշեցնել նաև, որ վերջինս նույնպես չքաղաքականացրեց քրեական գործը, այլ այն գնահատեց զուտ քրեաիրավական հարթությունում։ Կարծում եմ, որ այդ իմաստով կասկածի տակ չեք դնում Սամվել Բաբայանի կողմից տրված գնահատականը, քանի որ վերջինս այն անձը չէ, ով կարող էր ինչ-ինչ ազդեցության տակ գնահատական տալ՝ նման նուրբ հարցի առնչությամբ։
-Դատելով թվարկված գործերի հիմքում դրված գաղտնալսումների փաստից, կարելի է եզրակացնել, որ ԱԱԾ-ի օպերատիվ աշխատանքը մնացել է բացառապես գաղտնալսումը: Որքանո՞վ է պրոֆեսիոնալ այս գործելաոճը:
-Քրեական գործերում առկա գաղտնալսումները, որոնք իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և դեպքերում, ծանրակշիռ, սակայն ոչ միակ ապացույցներն են հանդիսանում, այդպես ուղղակի չի լինում։ Այդ գաղտնալսումներում արծարծված տվյալները ստուգվում են քրեական գործով, համադրվում այլ տվյալների և ապացույցների հետ, որից հետո միայն գնահատվում որպես ապացույց և դրվում մեղադրանքի հիմքում։ Այսինքն՝ եթե հաջողվում է գաղտնալսմամբ արձանագրել անհրաժեշտ տվյալները, դա արդեն իսկ պրոֆեսիոնալիզիմի արդյունք է, քանի որ հանցագործություն կատարած կամ նախապատրաստող անձինք հաճախ փորձում են քողարկել իրենց կապերը և խոսակցությունները, ուստի գաղտնալսում իրականացնելու համար ևս պահանջվում է հմտություն, օպերատիվ և քննչական մեծածավալ աշխատանք։
-Հայաստանի սահմանները կարծես թե այնքան էլ պաշտպանված չեն: Հարեւան երկրներից տարբեր մարդիկ կարելի է ասել անխոչընդոտ կամ սահմանապահների հետ համագործակցելով սողոսկում են ՀՀ տարածք (դեպքերը բազմաթիվ են): Արդյո՞ք այդքան դժվար է ՀՀ պետական սահմանի լիարժեք պաշտպանության աշխատանքը:
-Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունն Ազգային անտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ և ՌԴ սահմանապահ զորքերի մշտական ուշադրության կենտրոնում է, և ամենօրյա ռեժիմով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ սահմանի ապօրինի հատման դեպքերը կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ։
Մենք առիթ ունեցել ենք կոնկրետ թվերով ներկայացնելու, թե 2016-2017 թ.թ. ընթացքում քանի դեպք է բացահայտվել, և թվով քանի անձ է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ ապօրինի սահմանահատումների հետ կապված գործերով։ Հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը՝ իրոք շատ դժվար և պատասխանատու գործ է պետական սահմանի պահպանությունը, դրա համար պահանջվում է մեծ նվիրում, ռեսուրսներ և տեխնիկական միջոցներ, այսօր ամեն ինչ արվում է առկա խնդիրները վերացնելու և մեր սահմանների պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ։
Շնորհակալություն հարցազրույցի համար և ուզում եմ հիշեցնել, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Զրուցեց Քնար Մանուկյանը
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…