Երկրում, որտեղ նվազում է և՛ արտադրող, և՛ սպառող ուժը, հազիվ թե որևէ մեկը ցանկանա ներդրումներ անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեվերջին ԱՎԾ հրապարակած «Աշխատանքի շուկան ՀՀ-ում» զեկույցում բավական ուշագրավ արձանագրումներ կան Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տարիներին Հայաստանից արտագաղթի ահագնացող տեմպերի, դրա հետեւանքով ժողովրդագրական վիճակի վերաբերյալ: Հասկանալի պատճառներով այս զեկույցը լայն արձագանք չստացավ: Մինչդեռ արժեր անդրադառնալ այնտեղ ներկայացված ցուցանիշներին, եւ մանրամասն վերլուծությամբ կարելի է լուրջ հետեւություններ անել:

Արտագաղթը, որ նոր թափ ստացավ 2008 թվականից, իր բացասական հետեւանքներն է թողել սոցիալ-տնտեսական բոլոր բնագավառներում: Մասնավորապես այս տարիներին Հայաստանում հետեւողականորեն նվազել են աշխատանքային ռեսուրսները, տնտեսապես ակտիվ բնակչությունը, զբաղվածները, պակասել են անգամ գործազուրկներն ու տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը:

Ըստ ԱՎԾ-ի` 2008թ. աշխատանքային ռեսուրսները կազմել են 2 մլն 376,9 հազար մարդ, իսկ արդեն 2016թ. այդ թիվը կազմել է 2 մլն 11,4 հազար (2017թ. ցուցանիշները դեռեւս չեն ամփոփվել ու հրապարակվել): Ասել է, թե այս 9 տարիների ընթացքում Հայաստանի աշխատանքային ռեսուրսները պակասել են 365,5 հազարով:

ԱՎԾ զեկույցի համաձայն` Հայաստանում տարեցտարի նվազել է տնտեսապես ակտիվ բնակչության թիվը. 2008թ. այն 1 մլն 414,6 հազար հոգի էր, ապա 2016թ. այդ թիվը կազմել է 1 մլն 226,3 հազար: Ինը տարվա ընթացքում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը պակասել է 188,3 հազարով:

Նույն տեմպերով նվազել է զբաղվածների թիվը. 2008թ. 1 մլն 163,8 հազար հոգու փոխարեն 2016թ. զբաղվածները 1 մլն 6,2 հազար էին: Այսինքն՝ այս ցուցանիշն էլ ինը տարվա ընթացքում պակասել է 176,9 հազարով:

Նույնկերպ Հայաստանում նվազել է գործազուրկների թիվը՝ 224,6 հազարից արդեն 2016թ. հասնելով 220,2 հազարի: Բայց գործազուրկների թիվն ինը տարվա ընթացքում 4,4 հազարով պակասել է ոչ թե աշխատանք գտելու հետեւանքով, այլ որովհետեւ նրանք եւս արտագաղթել են ճիշտ այնպես, ինչպես արտագաղթել է տնտեսապես ակտիվ բնակչության մի մասը:

Եւ, վերջապես, Հայաստանում այս տարիներին պակասել է անգամ տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը. եթե 2008թ. այս ցուցանիշը 962.3 հազար էր, ապա 2016թ. այն հասել է 758.1 հազարի:

Այս պատկերը, բնականաբար, արտագաղթի արդյունքում է ստեղծվել: Իսկ սրա հետեւանքներն ինքներդ կարող եք ենթադրել: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ սա իսկական աղետ է տնտեսության համար: Ի վերջո, այս տարիներին Հայաստանից հեռացել է երկրի հիմնական շարժիչ ուժը՝ աշխատողը, ստեղծողը, հարկ վճարողն ու սպառողը: Եւ եթե վերջին տարիներին Հայաստանում ոչ մի կերպ չի ստացվում ապահովել բավարար տնտեսական աճ (որպեսզի մարդիկ իրենց մաշկի վրա զգան դրական փոփոխությունները), պատճառը միայն իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականությունը չէ: Արդեն սկսել են չբավարարել երկրի հնարավորությունները, ռեսուրսները:

Չնայած այս իրավիճակին, իշխանությունները հիմա փորձում են ամեն ինչ վարդագույն ակնոցներով ներկայացնել: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ՝ ռուսական «Ռիա-Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, այնուհետեւ՝ երեկ` Շվեյցարիայում առեւտրային պալատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փորձել է համոզել, թե Հայաստանում ներդրումներ անելու ամենալավ ժամանակն է. «Եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու եւ բիզնեսով զբաղվելու արժանի վայր է»,- ասել է նա:

Բայց դե, ճիշտ կանեին, եթե իշխանությունները նախ եւ առաջ լուծումներ գտնեին արտագաղթի տեմպերը նվազեցնելու եւ բնակչության թվաքանակը շարունակելու ուղղությամբ: Այլապես մի երկրում, որտեղ նվազում է ե՛ւ արտադրող, ե՛ւ սպառող ուժը, հազիվ թե որեւէ մեկը ցանկանա ներդրումներ անել: Էլ չենք ասում ղարաբաղյան հակամարտության, ըստ այդմ, մշտապես պատերազմի վերսկսման վտանգի առկայության մասին. փաստ, որն ամենաշատն է մտահոգում բիզնեսին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս