ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր գյուղի դպրոցը փակվում է: Պատճառը աշակերտների թվի նվազումն է: Մինչդեռ երկու տարի առաջ այս դպրոցն ունեցել է 15 աշակերտ:
5 ընտանիք ունեցող Մեծաձորի գյուղապետ Մաջիթ Ամոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիշեց, որ դպրոցը երկու տարի առաջ 15 աշակերտ է ունեցել, իսկ հիմա նրանց թիվը մեկն է (թեեւ ՏԿԶՆ-ն նշել է, որ աշակերտների թիվը 2-ն է): «Բոլորը իրենց ընտանիքներով երեխաների հետ միասին գյուղից գնացել են, հեռացել: Գյուղում ունենք ընդամենը մեկ աշակերտ: Մեկ տարուց ավելի է, ինչ էդ մի երեխան է գնում դպրոց»,- մեծ ափսոսանքով նկատեց գյուղապետը: Նրա խոսքերով` գյուղից ընտանիքները հեռանում են, քանի որ աշխատատեղ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դպրոցը փակելու մասին որոշման նախագիծը կառավարությանն է ներկայացրել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության` Մեծաձորի հիմնական դպրոցում աշակերտների թիվը 2 է, իսկ ուսուցիչների, վարչական եւ սպասարկման անձնակազմը` 9: Եւ աշակերտների թվի նվազման պատճառով Մեծաձորի դպրոցում հանրակրթական ուսուցումը բնականոն չի իրականացվում: Ըստ այդմ, կառավարությունը նախագիծը ընդունելու դեպքում կլուծարի «Մեծաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը:
Իսկ աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել հարեւան գյուղի` Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկու գյուղերի դպրոցների միջեւ հեռավորությունը 3.5 կմ է: Իսկ Մեծաձորի դպրոցը լուծարելու դեպքում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նախատեսում է տարեկան տնտեսել շուրջ 13 մլն դրամ գումար:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Մեծաձորի դպրոցի ուսումնական մասնաշենքի սկզբնական արժեքը կազմում է 5 մլն 425 հազար 930 դրամ: Նշված շենքը ամրացված է եղել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Իսկ դպրոցը լուծարելուց հետո այն նորից կթողնվի պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
Սյունէ Համբարձումյան