ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՉԵՂԱՐԿՎԱԾ ԱՅՑԻ ՖՈՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան, որտեղ կայացել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ: Հայ-վրացական բարձր մակարդակի այդ հանդիպումներն ուշագրավ էին հատկապես դեկտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետի հրավերով Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլիի Երեւան կատարելիք այցի հետաձգման ֆոնին:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հայտարարեց տվյալ այցի մասին` ընդ որում, մանրամասն ներկայացնելով այցի օրակարգը, սակայն ժամեր անց եղավ պաշտոնական հայտարարություն, որ այցը հետաձգվում է: Պատճառը, ըստ պաշտոնական հաղորդագրության, այն էր, որ Վրաստանի խորհրդարանը դեռեւս չի հաստատել կառավարության կազմը, ու Հայաստան այցը տեղի կունենա միայն դրանից հետո:
Ի վերջո, դժվար է միանշանակ ասել՝ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան տեղի կունենա՞, թե՞ ոչ, երբ Սերժ Սարգսյանն անձամբ է մեկնում Վրաստան: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:
-Պարո՛ն Վասաձե, Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում եւ սա այն դեպքում, երբ ընդամենը վերջերս չեղարկվել էր Վրաստանի վարչապետի այցը Հայաստան:
-Ճիշտն ասած, ինձ համար դժվար է ասել, թե ինչու այն ժամանակ չկայացավ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի երեկվա այցին, ապա այն դառնում է արդեն բարի ավանդույթ, երբ Ամանորից առաջ Սերժ Սարգսյանն այցելում է Վրաստան: Նաեւ անցյալ տարի էր նա եկել մեզ մոտ, այնպես որ, սա այց է, որը տեղի է ունենում տարիներ շարունակ:
-Ստացվում է՝ անկախ Վրաստանի վարչապետի այցի կայանալ-չկայանալուց, Սերժ Սարգսյանը, միեւնույն է, այցելելո՞ւ էր Վրաստան:
-Իհարկե, ոչ: Սերժ Սարգսյանը նաեւ անցյալ տարի էր եկել Վրաստան: Այն արդեն լավ ավանդույթ է: Իհարկե, հանդիպումների ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվում, որը վերաբերում է երկու երկրների հարաբերություններին: Մեր երկրների միջեւ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն: Կան այնպիսիները, որոնք կարող ենք լուծել հիմա, մյուսները՝ միգուցե ավելի ուշ՝ դրա համար ավելի հարմար ժամանակ: Մենք մի երկիր ենք, որը ԵՄ-ի հետ գտնվում է ազատ տնտեսական գոտում, իսկ Հայաստանը՝ ԵԱՏՄ-ում: Այս հանգամանքը կարող է օգտագործվել երկու երկրների կողմից: Այսինքն` կան մի շարք աշխատանքային հարցեր, որոնք պետք է լուծեն երկու երկրների ղեկավարները:
-ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո համագործակցության շրջանակը լայնացե՞լ է:
-Եթե մենք խոսում ենք բիզնեսի կամ առեւտրի մասին, ապա այդ առումով ոչինչ չի փոխվի: Հայաստանը բաց սահման ունի ԵԱՏՄ տիրույթում: Բոլոր հարցերը կքննարկվեն հանդիպումների ընթացքում: Այժմ նոր իրողություն է, որի շուրջ համաձայնության գալ է պետք:
-Պարո՛ն Վասաձե, ի վերջո, ո՞րն էր Վրաստանի վարչապետի այցի հետաձգման պատճառը: Ամեն դեպքում նման հանդիպումների շուրջ երկար ժամանակ են բանակցում: Ինչո՞ւ վերջին պահին այն անորոշ ժամանակով հետաձգվեց:
-Առաջին հերթին պետք չէ այցի հետաձգումը կապել հայ-վրացական հարաբերությունների հետ: Մեծ հավանականությամբ այցի չեղարկման պատճառ կարող էին դառնալ ներքին խնդիրները, այդ թվում՝ լարված ներքաղաքական իրավիճակները: Բանն այն է, որ լարված պայքար է ընթանում հենց իշխանական կուսակցության ներսում: Վստահեցնում եմ, որ իշխանական, կուսակցական հարցերը ցանկացած քաղաքական գործչի համար ավելի կարեւոր են, քան երկրների միջեւ հարաբերությունները: Հանդիպման չեղարկումը պետք չէ շատ տարօրինակ համարել, այդպիսի ֆորսժ-մաժորային իրավիճակներ լինում են: Ես կրկնում եմ` հանդիպման հետաձգման պատճառը Վրաստանում առկա ներքաղաքական իրավիճակն է: Հստակ կարող եմ ասել, որ դա կապված չէր հայ-վրացական հարաբերությունների հետ:

 

 

 

 

ՇԱՏԻՆՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն՝ Տիգրան Խուդոյանը, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Դրանից հետո Շատինում բողոքի ցույցեր եղան, եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի տեղեկությունները, այդ անհնազանդության հետեւում իրականում կանգնած են եղել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ու ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանը, ՀՀ վարչապետի խորհրդական, նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, որոնք ամեն ինչ անում էին՝ Խուդոյանին համայնքի ղեկավար դարձնելու համար, բայց ձախողվեցին:

Սկզբում Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանի կողմնակիցները ցանկանում էին, որ Արթուր Ստեփանյանը չզբաղեցնի համայնքապետի պաշտոնը, հիմա էլ պահանջն այն է, որ նախկին գյուղապետ Մամիկոն Սմբատյանը չդառնա Եղեգիս համայնքի ղեկավար ընտրված Արթուր Ստեփանյանի տեղակալը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բանը նույնիսկ հասել է նրան, որ մոտավորապես տասն օր առաջ Խուդոյանի կողմնակիցները՝ Ավետիք Սմբատյանի գլխավորությամբ, գնացել են Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ՝ զրուցելու հենց Մամիկոն Սմբատյանի՝ տեղակալ դառնալ-չդառնալու թեմայով: Մարզպետը, սակայն, նշել է, թե կարող է պատասխան տալ միայն ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ այդ մասին զրուցելուց հետո եւ, մեղմ ասած, «ճանապարհել է» նրանց: Այդ հանգամանքը խիստ զայրացրել էր Ավետիք Սմբատյանին եւ նրա կողմնակիցներին, ովքեր հանդիպումից անմիջապես հետո եկել են գյուղամեջ, կոտրել են գյուղապետարանի աստիճանները, ապակիները: Զավեշտալին այն է, որ նախկին եւ ներկա համայնքի ղեկավարների թիմակիցների միջեւ բախումն ու ծեծը շարունակվել է անգամ ոստիկանների ներկայությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաշքշուքներից վնասվածք են ստացել անգամ ոստիկանները: Սակայն կողմերը լռում են այս մասին:
Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ծեծկռտուքի մասին տեղյակ չէ, միայն գիտի, որ ժողովրդի մեծ մասը, իր խոսքով ասած, չի ցանկանում Մամիկոն Սմբատյանին տեսնել Ստեփանյանի օգնականի պաշտոնում: «Այդ մասը գիտեմ, որ ժողովուրդը չի ցանկանում նրան ոչ միայն տեղակալ, այլեւ որեւէ կարգավիճակով: Սակայն բախման մասին որեւէ տեղեկություն չունեմ», – նշեց նա: Դիտարկմանը՝ ո՞ւմ է ցանկանում ժողովուրդն այդ պաշտոնում տեսնել, միգուցե՞ Ձեզ, Տիգրան Խուդոյանը նշեց. «Ի՞նձ, ինձ առաջարկ եղել է ամենաբարձր մակարդակներով, բայց ես հրաժարվել եմ: Ոչ թե ինձ չի սազում տեղակալ աշխատել, այլ պատճառն այն է, որ ես ունեմ աշխատանքային որոշակի սկզբունքներ: Իմ աշխատելաոճը երբեք չէր համընկնի այդ թիմի աշխատելաոճին, հետեւաբար ես չէի կարող այդ թիմի հետ աշխատել»: Ճշտող հարցին՝ ո՞ւմ կողմից է առաջարկ եղել, եւ ի՞նչ ասել է ամենաբարձր մակարդակ, միգուցե մարզպե՞տը, նա նշեց. «Առաջարկը եղել է ժողովրդի կողմից»:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Եղեգիս համայնքի նորընտիր ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ, ով նշեց, որ վերը նշված դեպքերից հետո իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այժմ քննություն են տանում, իսկ իրավիճակն էլ ավելի հանգիստ եւ հանդարտ է: Նա ընդգծեց, որ մինչ այժմ ոչ ոքի չի նշանակել իրեն տեղակալ: Դեռ անհայտ է` իրավիճակն ինչպես կհանգուցալուծվի, թերեւս ամեն ինչ պարզ կդառնա դեպքի քննությունից հետո:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԾԱԽՍՈՒՄ Է ՈՒ ԾԱԽՍՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանն ահռելի միջոցներ է ծախսել ամանորյա լուսավորության վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանն այս նպատակով դեկտեմբերի 15-ին պայմանագիր է կնքել «Թիմսերվիս» ընկերության հետ: Ըստ այդմ, ամանորյա միջոցառումներին ընդառաջ` Երեւանի վարչական շրջանների կենտրոնական փողոցների 1200 ծառաբներ ձեւավորվել են 12 հազար հատ 10 մետրանոց լուսադիոդային լամպերով: Իսկ թվով 7 պուրակներում տեղադրվել են մետաղական շարժական կոնստրուկցիաներ, կամարներ եւ ձեւավորվել 10 հազար գմ լուսադիոդային լամպերով:
Այս ամենի համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է 24 մլն 500 հազար դրամ կամ մոտ 51 հազար դոլար: Ամանորյա ճոխությունները կարելի էր ընդունել, եթե լուրջ կասկածներ չլինեին առ այն, որ ծախսված գումարի մի մասն իրականում ատկատի ճանապարհով հայտնվել է քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպաններում: Ի վերջո, իշխանություններն առանձնահատուկ թուլություն ունեն փողի նկատմամբ եւ փորձում են հնարավոր բոլոր մեթոդներով պետական կամ համայնքային բյուջեների միջոցներից գրպանել: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանն Ամանորի նախաշեմին գնել է նաեւ մեկ հատ սառնարան` 420 հազար դրամ արժեքով: Թե ում համար է նախատեսված սառնարանը, պաշտոնական փաստաթղթում նշված չէ:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԿԱՆՉԵԼՈՎ
Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու` Ռազմիկ Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործը շարունակում է տեղում դոփել: Եւ սա այն դեպքում, երբ Ռազմիկ Դանիելյանն այս տարվա հունիսի 8-ին` աշխատանքային ժամի, հոր ծառայողական «Նիսսան Տիանա» մեքենայով Հրազդանում վրաերթի էր ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին: Տղամարդը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ եւ գիտակցության չգալով` մահացել էր: Այդ դեպքից կես տարի անց, սակայն, իրավապահ համակարգը դեռեւս սպասում է փորձաքննությունների արդյունքներին: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետի որդու պաշտպան Հայկ Սարգսյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ փուլում է գործը: «Այս պահի դրությամբ նոր բան չկա, մեկ հատ եզրակացություն եկավ, նորից է նշանակվել, անորոշ վիճակ է, դեռեւս»: Թե ինչու է նման անորոշ վիճակ, դժվար չէ ենթադրել. չէ՞ որ նույն Ռազմիկ Դանիելյանին դեպքից երեք ամիս անց Սերժ Սարգսյանը Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ ոսկե մեդալ էր տվել:

 

 

ԴՈՒՐՍ ՄՆԱՑ
«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ, երբեմնի ՕԵԿ-ական Արթուր Բաղդասարյանի գործերն այնքան էլ լավ չեն: Բանն այն է, որ նրան պատկանող «Հայասի գրուպ»-ը այս տարվա ընթացքում ընդհանրապես տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: Ի դեպ, ընկերությունը միայն անցած տարվա հունվար-հունիսին է պետական բյուջե հարկ վճարել` 62 մլն 105 հազար դրամ: Նշենք, որ հազարերորդ հարկատուն՝ «Դելֆուս» ՍՊԸ-ն, վճարել է 80 մլն դրամի հարկ:




Լրահոս