«Ծառուկյան» դաշինքում (կամ որ նույնն է` ԲՀԿ-ում) այս օրերին շատերն ընկճախտի մեջ են հայտնվել: Պատճառը խորը հուսախաբությունն է: Մինչեւ վերջերս «Ծառուկյան» դաշինքում շատերը համոզված էին, որ 2018թ. ապրիլից հետո իրենք վերջապես դուրս կգան «հնգամյա ընդդիմադիր գերությունից», եւ կդառնան իշխող կոալիցիայի անդամ` ստանալով երեք փոխվարչապետներից մեկի պաշտոնը, նաեւ մի քանի նախարարական պորտֆելներ:
Սակայն ՀՀԿ-ում որոշել են «հին ընկերներին չդավաճանել» եւ իշխանությունից բաժին հանել միայն կոալիցիոն ներկա գործընկեր ՀՅԴ-ին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ՀՀԿ-ն հենց առաջին դեմքով հասկացրել է` ապագա կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքի համար «ազատ տեղ չկա», եւ որ իրենք այդքան պորտֆել չունեն (այս դեպքում ՀՀԿ-ն ստիպված է լինելու բաժին հանել իր ունեցածից, քանի որ ՀՅԴ-ին այսպես, թե այնպես, քիչ տեղ է տրված): Եվ հետո` ՀՀԿ-ից հասկացրել են, որ եթե «Ծառուկյան» դաշինքը եւս իշխանության մաս կազմի, խորհրդարանում բավական տխուր պատկեր կարող է ստեղծվել. ընդդիմադիր դիրքերից հանդես կգա միայն «Ելք» խմբակցությունն իր 9 պատգամավորով: Իսկ ԵՄ-ի հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրած, ժողովրդավար ձեւացող իշխանությունը չի ցանկանում, որ խորհրդարանում ընդդիմությունը լինի փոքրաքանակ` ընդամենը մեկ խմբակցությամբ: Այնինչ` «Ծառուկյան» դաշինքի` ընդդիմադիր դաշտում մնալու դեպքում կստացվի, որ խորհրդարանում ընդդիմությունը ներկայացված է պատկառելի թվաքանակով` 40 հոգի, իշխանական 65-ի դիմաց:
Եւ հետո` «Ծառուկյան» խմբակցության՝ ընդդիմադիր դաշտում մնալն իրենց ոչնչով չի խանգարի: Միեւնույն է` անգամ «Ելք»-ի հետ համագործակցելով` նրանք ԱԺ-ում որեւէ հարց չեն կարողանա լուծել. կոալիցիոն կուսակցությունների քվեները բավարար են` ե՛ւ սահմանադրական, ե՛ւ հասարակ օրենքներն անհրաժեշտ ձայներով անցկացնելու համար: Իսկ եթե արտառոց իրավիճակ ստեղծվի, միշտ էլ կգտնվեն պատգամավորներ, որոնք «միամտաբար» կապահովեն անհրաժեշտ քվեները. Սերժ Սարգսյանն այս խմբակցությունում եւս ունի իր դրածոները: Այնպես որ, ստեղծված իրավիճակն իշխանություններին բավարարում է լիուլի:
Բայց այս հեռանկարը «Ծառուկյան» դաշինքում ընկճախտի պատճառ է դարձել, քանի որ այնտեղ շատ-շատերն այդպես էլ չեն կարող համակերպվել ընդդիմադիր կարգավիճակի հետ, քանի որ տարբեր թելերով կապված են իշխանություններին, նաեւ տարբեր ոլորտներում բիզնես են անում: Եւ բացի այդ` իրենք քաջ գիտակցում են, որ ընդդիմադիր են որոշակի պահերի, որոշ անձանց դեպքում, որոշ թեմաների շրջանակներում, եւ առաջիկա հինգ տարում իշխանության ղեկը ստանձնելու որեւէ հեռանկար չունեն, հետեւաբար ճիշտ կլինի միանգամից նաեւ կոալիցիայի անդամ դառնալը: Ընդ որում, «Ծառուկյան» դաշինքում այս թեւը նախկինում էլ փորձել է դեպի իշխանության գիրկը տանել ԲՀԿ-ին` պնդելով կոալիցիա կազմելու անհրաժեշտությունը:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, որը նշեց. «Ինչ-որ միջանցքային խոսակցություններ եք ասում, որը ես ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ: Մենք պետք է կարողանանք մեր սեփական քաղաքական կուրսը վարել եւ իրականացնել` ընտրողների պահանջները բավարարելու համար»: Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելու հեռանկարին, Ուրիխանյանն ասաց, թե իրենք այս պահին նման հարց չեն քննարկում. «Մեր առջեւ դրված միակ եւ հիմնական նպատակն ընտրողների խնդիրները բարձրացնելն ու լուծելն է, մեր ընտրողների ակնկալիքները բավարարելն է, մեր ընտրողների եւ երկրում ապրողների կյանքի` իրենց համար տեսանելի որակ ապահովելն է: Կառավարության ձեւավորումը` կոալիցիոն, թե որեւէ այլ ձեւաչափով, ինքնանպատակ լինել չի կարող: Սա հիմնական եւ անշեղ թեզ է, որ միշտ ենք արտահայտել: Եթե երբեւէ կլինի այնպիսի իրավիճակ, որ մեր ընտրողը մեր ուրույն սեփական քաղաքական կուրսի իրականացումից կշահի, եւ եթե մեր ընտրողներն իրենց համար տեսանելի փոփոխություն կարող են ունենալ, ապա պատրաստ ենք քննարկել այդ հարցերը»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՐԱԳԱՑՆՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տարեվերջին ընդառաջ` ՀՀ գլխավոր դատախազությունը հրահանգել է իրավապահ մարմիններին իրենց վարույթում քննվող գործերը ավարտին հասցնել, իսկ եթե կան քրեական գործեր, որոնցով տեւական ժամանակ չեն հայտնաբերվում մեղադրյալները, ապա կասեցնել դրանք: Մեզ հասած տեղեկություններով` ընդհանրապես, իրավապահ գրեթե բոլոր մարմիններն այս օրերին բավականին խառնված վիճակում են եւ փորձում են ամեն ինչ անել` իրենց վարույթում քննվող գործերով նախաքննության ավարտ հայտարարել կամ այլ լուծում տալ: Իսկ հրահանգի իմաստը տարեվերջյան ցուցանիշների ամփոփումն ու ցանկալի պատկեր ստանալն է:
Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից էլ հայտնեցին. «ՀՀ դատախազությունը մշտապես կարեւորում է ողջամիտ ժամկետներում լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննության իրականացումը` այդ նպատակով օգտագործելով դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցները»:
ՆՈՒՅՆ ՈՃՈՎ
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի պահվածքից տպավորություն է, որ նա լրագրողների հետ շփումից առանձնահատուկ «ֆոբիա» ունի: Բանն այն է, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Աշոտ Մանուկյանն ասուլիսով հանդես եկավ միայն ամիսներ առաջ, այն էլ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով, երբ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարված էր ամփոփել կառավարության գործունեության մեկ տարին: Մինչ այդ նախարարի հետ հնարավոր չէր լինում զրուցել անգամ կառավարության նիստերից հետո, երբ մյուս բոլոր նախարարները հաճախ էին շփվում լրագրողների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը Ամանորին ընդառաջ փորձել է Աշոտ Մանուկյանի հետ հարցազրույց անցկացնել, սակայն նա այս անգամ եւս կտրականապես մերժել է հարցերին պատասխանել: Հետաքրքիր է՝ ինչի՞ց է վախենում նախարարը, թե՞ նրա տեղակալ, վարչապետի փեսա Հայկ Հարությունյանի թույլատրությունը չի ստացել եւ փորձում է ավելորդ անգամ մամուլում չերեւալ:
ԱՅՍՕՐ ԿՀԱՆԴԻՊԵՆ
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն այսօր հանդիպելու են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գեւորգ Աճեմյանը նշեց, թե հանդիպման առաջարկը ստացել են հենց տրանսպորտի վարչության պետի կողմից՝ նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպումից հետո: Գեւորգի խոսքով` վարչության պետն առաջարկել է այսօր գալ հանդիպման՝ ներկայացնելով առաջարկների փաթեթը, որը հետո նախարարությունը կներկայացնի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Հիշեցնենք, որ վերջին հանդիպման ժամանակ նախարարը խնդրել էր վարորդներին առժամանակ բողոքի ցույցեր չանել:
ԿՄԵԿՆԻ
Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվա, մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
ՃԱՆԱՉՎԵԼ Է ՄԵՂՍՈՒՆԱԿ
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանը մեղսունակ է ճանաչվել: Ըստ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության` Ռուզաննա Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում, իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա ճանաչվել է մեղսունակ: Նշենք, որ Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից տեղեկացրել են, որ 10 օր հացադուլի մեջ գտնվող «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը (Զիմ) դեկտեմբերի 21-ին զննվել է բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից, ներկայումս ստացիոնար բուժման կարիք չունի: Վերջինիս շահերի պաշտպան Նարինե Ռշտունին նշել էր, որ իր պաշտպանյալը հացադուլով պահանջում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` համապատասխան հետազոտություն անցնելու եւ բուժման նպատակով: Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Հ. Սարիբեկյանը հացադուլ է հայտարարում: Հիշեցնենք, որ Հ. Սարիբեկյանը մեղադրվում է «հանցավոր» խմբի անդամներին զենք վաճառելու մեջ: Ըստ որոշ տեղեկությունների` նա «Մուխա» տեսակի զենք է վաճառել խմբին:
ՄԱՀԱՑԵԼ Է
Կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը: Մահը վրա է հասել ինսուլտի հետեւանքով: «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցում է Ա. Արշակյանի հարազատներին:
ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Հայաստանի Հանրապետության` մի կողմից եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:
ՎՐԱՆՆԵՐ ԵՎ ՏԱՔ ՍՆՈՒՆԴ
Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության` Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց` քաղաքացիներին տաք սնունդ եւ անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: Վրաստանում` Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են: Հիշեցնենք, որ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ի փոխանցմամբ` ռուսական կողմում կա կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից` 247 բեռնատար, 32-ը` մարդատար ավտոմեքենա եւ 3 ավտոբուս:
ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
2017թ. ընթացքում շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը հանրապետություն: Տարեսկզբից մինչ այսօր ներմուծվել է 32 500 մեքենա` մաքսային ձեւակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 23.5 միլիարդ դրամի մուտքեր: Ցուցանիշը 15.649-ով գերազանցել է 2016թ. արդյունքը: 2016թ. նոյեմբերից վերանայվել է ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների գործընթացը, ուսումնասիրվել են միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռք բերման գները: Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների շուրջ 65 տոկոսը կատարվել է գործարքի գնի մեթոդով: Նման ցուցանիշը նշանակում է, որ տեղեկատվական կենտրոնի գործարկումը նպաստել է ներկրումների կտրուկ աճին եւ գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ինչի արդյունքում էլ ընթացակարգն ընդունվել ու լայն արձագանք է ստացել քաղաքացիների կողմից: Ի դեպ, մեքենաների շուրջ 60 տոկոսը բերվել է Ճապոնիայից, ինչը նշանակում է, որ քաղաքացիները, օգտվելով անդամակցությունից, առավել նպաստավոր պայմաններով մեքենաներն իրացնում են ԵԱՏՄ շուկաներում: