2018-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը:

Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին:
2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին:
Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում:
Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան
2017թ. ցնցումների սպառնալիքներով լեցուն տարին ձիու համաստեղության տակ ծնված Ս. Սարգսյանը իր համար հաղթանակով կփակի: Նա կարողացավ քաղաքական դաշտն այնպես վերադասավորել, որ բոլորը եւ ամեն ինչ կախված են բացառապես իրենից: Իսկ ի՞նչ է սպասվում նրան հաջորդ տարում:
Նուրբ խեցգետին եւ զգայուն շուն. սա ամենահարմոնիկ համակցություններից է։ Դուք համբերատար, ուշադիր կլինեք, եւ Ձեզ կհաջողվի հասկանալ շրջապատին, սակայն երբեմն ստիպված կլինեք թաքցնել զգացմունքները։ Գարնան երկրորդ ամսից հետո որոշակի հստակություն կլինի ե՛ւ ֆինանսական, ե՛ւ անձնական գործերում: Աշխատե՛ք Ձեզանից նեղացածների սիրտը շահել: Եթե կարողանաք ազատվել առաջին կասկածներից եւ ավելի քիչ սկեպտիցիզմ դրսեւորել, այդ հարաբերությունները կարող են հետաքրքիր ապագա ունենալ։ Տարին անձնական կյանքում կլինի ձեռքբերումների տարի, բայց պետք է այնպես գործել, որ դրանք շուռ չգան Ձեր եւ Ձեր շրջապատի դեմ: Թվերը, որոնք կներկայացվեն Ձեզ, միշտ չէ, որ իրական են: Ստուգե՛ք դրանք եւ այդքան մի՛ վստահեք Ձեզ հավատարիմ թվացող մարդկանց: Հեղափոխականության շունչը՝ ահաբեկչության դեմ պայքարի տարաբնույթ ձեւաչափերով, կշարունակի պտտվել Ձեր շուրջ: Շունը հավատարիմ կենդանի է եւ կարող է յուրահատուկ բացահայտումներ անել հավատարմության «բնագավառում»: Զգուշացե՛ք հատկապես որոշ ուժային կառույցների քծնանքներից. այս դեպքում միշտ չէ, որ հաճելին, օգտակարը զուգակցված են: Շունը Ձեզ հրահանգում է չհետաձգել հիվանդությունների բուժումը, սա Ձեր թիվ մեկ հարցը պետք է լինի:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան
2017 թ. կեսից հետո այնքան էլ նպաստավոր չէր ճագարի տարում ծնված ՀՀ վարչապետի համար: Տարվա առաջին կեսին մեծամասնությունը հիացած էր Ձեզանով, երկրորդ կեսից անգամ թվերով Ձեր հեղինակությունը գահավիժեց եւ արտաքին աքսեսուարները՝ ժիլետ, ակնոցեր, ժամացույց եւ այլն, անկարող են կասեցնել սրընթաց վայրէջքի տեմպը: Ինչ է սպասվում 2018-ի ճակատագրական տարում: Ամբողջ տարին կձգտեք իրագործել կամ գոնե այդպիսի պատրանք ստեղծել տված խոստումների հարցում, հաղթանակել ցանկացած գործում, ամեն ինչում առաջինը լինել, բայց արդյունքները կախված կլինեն կոնկրետ իրավիճակից եւ մեկ անձի ցանկությունից, որի խոսքը վճռորոշ դերակատարություն ունի ոչ միայն Ձեր, այլեւ Ձեր ընտանիքի ու մտերիմների հետագա կարիերայի վրա: Կարեւորը չափը չանցնեք Ձեր ձգտումներում, այդ դեպքում Ձեր բոլոր ջանքերի համար կպարգեւատրվեք: Նախորդ տարվա ոգեւորությամբ պատված անորոշությունը այս տարի եւս կպահպանվի մինչեւ գարուն՝ պարզապես առանց ոգեւորության բաղադրիչի: Ճակատագրական երկարատեւ ճամփորդությո՞ւն, թե՞ ունեցած դիրքի պաշտպանություն. հարցը կես տարվա ընթացքում կշարունակի ուղղորդել Ձեզ: Աշխատասիրություն, համբերություն՝ ահա Ձեր գլխավոր կռվանը հավատարմության խորհրդանիշ շան տարում: Բայց Դուք շարունակեք ժպտալ, քանի որ առյուծներին այլ պահվածք ուղղակի չի սազում:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան
2017 թ. աքլորի տարվա առաջին կեսը աքաղաղի համաստեղության տակ ծնված առաջին նախագահի համար ակտիվության տարի էր: Սակայն օդի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ կյանքը ստիպեց նրան կրկին փակվել սեւ դղյակում՝ մինչեւ հերթական ազգովի խնդրանքը: 2017-ին կպահպանվեն տնային հանդիպումները ընտրովի մարդկանց հետ, որոնք կշարունակեն գովերգել Ձեր ինտելեկտուալ հնարավորություններն ու հիանալ նույնիսկ Ձեր ծխելու կյանքի համար վտանգավոր արվեստով: Հավատարիմ շան տարին կստիպի Ձեզ հավատաիմ մնալ ինքնամփոփ Ձեր կերպարին, ստեղծագործել՝ հատուկ լամպերի ներքո եւ բավականություն ստանալ արարածով: Շունը այծեղջյուրին կսովորեցնի առաջ տանել սեփական շահերը։ Ընդհանուր առմամբ այս տարին հաջողակ կլինի՝ ավելացնելով արդյունավետ արարքները։ Փորձեք վեճի չբռնվել երկրորդական հարցերի վերաբերյալ, առանց այդ էլ Ձեզ հետ մտովի կամ հրապարակավ վիճողները շատ են: Տարին բարենպաստ կլինի հատկապես այգեգործության բնագավառում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ձիու տարում ծնված Քոչարյանի համար 2017-ը անձնական կյանքում կայուն տարի էր: Ձեռքբերումներ եղան առատ որսի տեսքով եւ շարունակվեցին մարդկային հարաբերությունների հետաքրքիր բացահայտումները: Հավատարմության խորհրդանիշ շան տարում Ձեր ինքնամփոփ, մեկուսացված կեցվածքը կշարունակի ցանկալի լինել ինչպես Ձեր, այնպես էլ երբեմնի ամենամտերիմների համար: Կրկին կսպասեք հարմար պահի՝ հարձակվելու կամ ակտիվության նշաններ ցուցաբերելու համար, սակայն աստղերը հուշում են, որ 2018-ին էլ թերեւս չի գա այդ ցանկալի պահը: Գալիք տարում կույսերը պետք է կենտրոնանան աշխատանքի վրա, որոնք սկսելու են ճնշել՝ անձնական տարածք մտնելով, քանի որ ընտանիքի երիտասարդ անդամներին խորհուրդներ տալու անհրաժեշտություն հաճախ կառաջանա։ Հնարավոր է՝ շրջապատում կան մարդիկ, ովքեր ելնում են ոչ թե ընդհանուր, այլ անձնական հետաքրքրություններից. զգույշ եղե՛ք նրանց հետ շփումերում: Շարունակե՛ք հետեւել առողջ ապրելակերպին եւ «տուռնիկ» խաղալ. դա ամենահետաքրքիր զբաղմունքը կլինի Ձեզ համար 2018-ի ընթացքում:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյան
2017-ի աքաղաղի տարին անակնկալներով լի էր խոզի տարում ծնված Բաբլոյանի համար: Օրենսդիր մանկաբույժի աշխատանքից կտրուկ անցում դեպի երկրի թիվ մեկ ամբիոնի ղեկավարի պաշտոնին, որի բուն գործառույթները մինչ օրս անհասկանալի են նրա համար: 2018թ. իրադարձությունները ցլերի համար արագ կզարգանան։ Շտապե՛ք ավարտին հասցնել բիզնես նախագծերը, ընտանիքի երիտասարդ անդամների պաշտոնական առաջխաղացման հարցերի լուծումը, քանի ժամանակ ունեք: Առավել հավանական է, որ տարվա երկրորդ կեսից հետո զբաղվեք այն գործերով, որից առավել շատ եք գլուխ հանում եւ ստիպված չեք լինի տարբեր իրավիճակներում չմտածված հայտարարություններ անել: Տեղապահի Ձեր գործառույթը կավարտվի կեղծ շնորհակալությունով: Աշխատեք շատ չոգեւորվել այդ փաստից, քանի որ Ձեզ մոտ բժշկությունից խոսելն է միայն լավ ստացվում: Շան տարում հավատարիմ եղե՛ք գոնե ինքներդ Ձեզ, եթե սկզբունքների հավատարմությունն արդեն անհնար է դարձել:
ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան
Աքաղաղի տարում ծնվածների համար 2017թ. սկսված հաջողությունները կշարունակվեն նաեւ եկող տարում: Լուսավոր ապագա կբացվի նաեւ հավատարմության հետ հոմանիշ համարվող շան տարում: Բայց քանի որ շունը դավաճաններին չի հանդուրժում, ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել Ձեզ համար: Այծեղջյուրն ունակ է շրջապատի հետ բաց լինել, սակայն սեփական շահերն առաջ տանելու ձգտումը կարող է երբեմն անհասկացվածություն առաջացնել Ձեր շրջապատում։ Աշխատանքում կառաջնորդվեք պարտքի զգացումով, այլ ոչ թե նյութական հետաքրքրվածությամբ, սակայն այս անգամ Ձեր ջանքերը կպարգեւատրվեն նաեւ ֆինանսապես։ Հիշե՛ք՝ պետք չէ նմանվել առաջնորդներին. ամեն մարդ իր տեսակի մեջ է հետաքրքիր:
ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյան
Առատ խոստումներով եւ ակնկալիքներով սկսված աքաղաքի տարին մեծ հիասթափություն պարգեւեց առյուծի եւ առնետի համաստեղության տակ ծնվածներին: Կորուստների տարի էր՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնի կորուստ, եկամտաբեր բիզնեսների թեկուզ ձեւական վաճառք, ընկերների դավաճանություն եւ այլն: Բայց մի՛ մտահոգվեք, շունը պատրաստ է դառնալ առյուծի օգնականը: Գալիք տարում Դուք կհանդիպեք կարեւոր մարդանց եւ ճիշտ կանեք հետեւել նրանց գործնական խորհուրդներին: Աշխատանքում կարող են որոշ բարդ իրավիճակներ լինել. գլխավորը արդար լինեք եւ «չքաշեք» Ձեզ հավատարիմ գործընկերներին, եթե անգամ ստիպված լինեք մի կողմ դնել Ձեր շահերը: Կանանց մրցակցության փուլը փակված համարե՛ք: Կյանքը առաջ է գնում: Այսուհետ կան ավելի արդիական հարցեր. գլխավորը ուշադիր եղե՛ք հեռախոսի կարգավորումներին: 3 G կապի անջատված մնալը բխում է ե՛ւ Ձեր, ե՛ւ պետության շահերից:
Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյան
2017թ. աքաղաղի տարին առավել շատ սպասումների ու խոստումների տարի էր, քան ձեռքբերումների: Ձեր առջեւ դրված խնդիրը թեեւ կատարեցիք, սակայն դրա պտուղներից օգտվեցին Ձեր մտերիմներն ու բարեկամները: Հավատարմության խորհրդանիշ շան տարին եւս խոստումնառատ է: Շատ կարեւոր է, թե դրանց որ մասը իրագործելի կդառնա: Շան տարում այծեղջյուրներին խորհուրդ է տրվում վեճի չբռնվել երկրորդական հարցերի վերաբերյալ, մեծ բավարարվածություն կպատճառեն ոչ թե բիզնես նախագծերը, այլ մտերիմներին ուրախացնելու հնարավորությունները: Տարվա երկրորդ կեսին հնարավոր է կտրուկ շրջադարձ լինի Ձեր կյանքում՝ գործնական իմաստով, բայց եթե այն դարձյալ անձամբ Ձեզ չվերաբերի, ապա կրկին շահած եք դուրս գալու: Գլխավորը չզայրանաք. երիտասարդները շարունակում են վտանգավոր մնալ:
շարունակելի…
Քաղաքական ու պետական
գործիչների ապագան «գուշակեց»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՑ»
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հափշտակությունների դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թորոս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ որոշել է 2017թ. նոյեմբերի 4-ին` ժ.20-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տարածքում կայանված էլեկտրաքաշից մետաղյա ջարդոններ գաղտնի հափշտակել: Նա իր հետ վերցրել է մալուխները քանդելու, կտրելու գործիքներ եւ մտել ընկերության տարածք:
Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվել: Հաջորդ օրը նա ինքնությունը չպարզված մեկ այլ մարդու հետ կրկին մուտք է գործել նույն ընկերության տարածք, շարունակել քանդել եւ կտրել մալուխները:
Այսպիսով` 144 հազ դրամ արժողությամբ մալուխները նրանք տեղավորել էին տոպրակների մեջ ու փորձել տանել: Բայց ծրագիրն ավարտին չեն հասցրել, քանի որ ընկերության անվտանգության աշխատակիցներ Հ. Ասատրյանը, Ե.Նազարեթյանը եւ Գ. Կոճիբրոյանը բռնել են նրանց:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ 144 հազ դրամի մալուխ գողացած Թորոս Վարդանյանը կալանավորված է:




Լրահոս