«ԱՄԱՆՈՐԸ ԿԴԻՄԱՎՈՐԵՄ ԲԵՄՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Էրիկը, ինչպես նախորդ տասը տարիներին, այնպես էլ այս տարի Ամանորը նշելու է բեմում։ Նա գործի բերումով լինելու է Իրանի մայրաքաղաք Թեհրանում. «Իհարկե, կուզենայի տանը նշել, բայց չեմ կարող աշխատանքս թողնել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Էրիկը։

Ամփոփելով 2017 թվականը՝ Էրիկը նախ անդրադարձավ իր ձեռքբերումներին։ Այդ առումով նրա համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել «Իքս ֆակտոր» նախագիծը (Էրիկն ընդգրկված էր ժյուրիի կազմում). «Առհասարակ, նախագիծն ինձ համար նորություն էր, քանի որ երբեք այդ ամպլուայի մեջ հանդես չէի եկել։ Բացի այդ՝ իմ մասնակիցը հայտնվեց եզրափակչում. դա, կարծում եմ, նաեւ իմ ձեռքբերումն էր»,-նկատեց երգիչը։
Նա նաեւ անդրադարձավ 2017-ին ունեցած համերգային շրջագայություններին. «Այն համերգները, որոնք նախատեսել էինք իրականացնել նախորդ տարի եւ որոնք ապրիլյան պատերազմի պատճառով հետաձգվել էին, 2017-ին արդեն իրականացվեցին։ Ինձ համար տարվա ձեռքբերում կարող եմ համարել նաեւ այն, որ ունեցա մի շարք երգեր, որոնք սիրվեցին հանդիսատեսի կողմից։ Իսկապես քեզ լավ ես զգում, երբ երգիդ պրեմիերայից քսան օր անց գնում ես արտերկիր, ու այնտեղ քեզ հետ հավասար երգում են քո երգը»,-շեշտեց Էրիկը։
Անդրադառնալով տարվա բացթողումներին՝ երգիչը նշեց, որ երբ ընդգրկված էր «Իքս ֆակտոր» նախագծում, հրավերներ է ունեցել բազմաթիվ այլ նախագծերից, սակայն ժամանակի սղության պատճառով մերժել է. «Ուղղակի ֆիզիկապես չէի հասցնում ներկա գտնվել այդ նախագծերին։ Օրինակ՝ ունեի շրջագայության հրավեր Ռուսաստանի երեսուն քաղաքներում, բայց չգնացի։ Ամեն դեպքում, դրանք էլ կիրականացնեմ 2018-ին։ Կարեւորը մարդկային կորուստներ չլինեն. մեր հարազատները, սահմանին կանգնած զինվորները առողջ լինեն»,-մանրամասնեց երգիչը։
Հարցին, թե ինչպիսին էր 2017-ը անձնական հարաբերությունների համար, Էրիկը պատասխանեց. «Անձնական կյանքիցս խոսել, առհասարակ, չեմ սիրում, մի բան որ անձնական է, ուրեմն անձնական է»։
Ինչ վերաբերում է միջանձնային հարաբերություններին, երգիչը նկատեց՝ աստիճանաբար ե՛ւ հիասթափությունները, ե՛ւ մարդկանց կորցնելը այսօրվա տեմպով ապրող մարդու համար, ցավոք, սովորական մի բան է դառնում. «Եթե նախկինում շատ բաներ ծանր էինք տանում, այսօր դրանց ուրիշ հայացքով ենք նայում։ Ամեն դեպքում, ես այն համոզման եմ, որ այն մարդիկ, որոնց մենք պետք ենք, մեզնից չեն հեռանա։ Օրինակ՝ իմ դեպքում, եթե որեւէ մեկը հարաբերություններն ինձ հետ խզում է, ուրեմն դա իմ մեղքով չէ, քանի որ ես կողմ եմ հարաբերությունների պահպանմանը»,-հավաստիացրեց Էրիկը։
Էրիկը, վերադառնալով տոնական նախընտրություններին, տեղեկացրեց, որ իր ընտանիքը, լինելով Վրաստանում, ամեն տարի դնում է ե՛ւ սովորական տոնածառ, ե՛ւ վրացական տոնածառ՝ չիչիլակի: «Այս տարի չեմ հասցրել Երեւանի մեր տանը տոնածառ դնել, քանի որ մի քանի օրից մեկնելու եմ Թեհրան, այնուամենայնիվ, կփորձեմ տունն ինչ-որ կերպ զարդարել»,-պատմեց երգիչը։
Հարցին, թե որն է այն իրը, որն ասոցացնում է Ամանորի հետ, Էրիկը պատասխանեց. «Տոնածառի գունավոր խաղալիքները, որոնք, իսկապես, բարձրացնում են իմ տրամադրությունը։ Բացի իրերից՝ Ամանորի հետ ասոցացնում են նաեւ որոշ գովազդներ, որոնք չեն կորցնում իրենց արդիականությունը։ Դրանք մեծ ազդեցություն են ունենում մեր ենթագիտակցության վրա»։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Էրիկը 2018 թվականի հետ կապված ինչ նպատակներ եւ ծրագրեր ունի. «Անպայման կհնչեն նոր երգեր, որոնք հայտնի չեն հանրությանը։ 2018-ին առիթ կունենամ հանդես գալու նոր, գեղեցիկ համերգային ծրագրով, եւ, առհասարակ, ինձ ավելի հաճախ կտեսնեք կենդանի նվագախմբի հետ ելույթ ունենալիս»,-եզրափակեց երգիչը։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՄԵՆԴԵԼՍՈՆՆ ՈՒ ՄՈՑԱՐՏԸ՝ ՓՈՔՐԻԿ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հնչում էր Մենդելսոն, Մոցարտ, Վենյավսկի: Ունկնդիրը հազիվ թե կռահեր, որ այդ կոմպոզիտորների գործերի լարային հնչողությունն ապահովում էր 9-ամյա ջութակահար Ալեքսանդր Խաչատրյանը: 2015թ. իտալական Ռիմինի քաղաքում փոքրիկ ջութակահարների մրցույթում առաջին մրցանակի արժանացած երաժիշտը կատարում էր բավական բարդ գործեր, որոնք, սովորաբար, կատարում են ավելի փարձառու ջութակահարները:

«Մենդելսոնի կոնցերտն այս տարիքում չեն նվագում, այն, սովորաբար, կատարում են աշխարհահռչակ երաժիշտները, սա մեծ ծավալի ստեղծագործություն է, եւ անսովոր է, որ փոքր երեխան կարող է այդքանը մտապահել: Բացի այդ` այսքան փոքր ջութակով այս կոնցերտը չեն նվագում, դա բավական բարդ է: Ինձ հիացրեց նաեւ ուսուցչի կատարած աշխատանքը: Տաղանդավոր երեխային պետք է կարողանալ հետաքրքրել. Դա նրա մոտ ստացվել է: Ուրախ եմ, որ նման կադրեր ունենք, որոնք լարային դպրոցի ավանդույթների շարունակողն են: Բայց պետք է ասեմ, որ այսպիսի երեխաների հետ պետք է շատ զգույշ լինել, նրանք հատուկ վերաբերմունք են պահանջում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:
Ինքը՝ Ալեքսանդրը, խոսեց իր երազանքի մասին, այն է` մեծ ջութակահար դառնալը: Նա նաեւ պատմեց, թե ինչպես է կարողանում հասցնել համատեղել երաժշտությամբ զբաղվելը` դպրոցի դասերի հետ. «Երբեմն բացակայում եմ դասերից, բայց հետո լրացնում եմ բաց թողնվածը: Առարկաներից սիրում եմ հատկապես մաթեմատիկան, այն, կարծում եմ, որոշ առումով կապ ունի երաժշտության հետ»,-ասաց ջութակահարը:
Նա ցանկանում է առաջիկայում մասնակցել մրցույթների Ֆրանսիայում եւ Իսպանիայում: Իսկ ինչ վերաբերում է փոքրիկ ջութակով բարդ գործեր նվագելուն, Ալեքսանդրը պատասխանեց. «Դա այդքան էլ դժվար չէ»:
Ջութակահարը նպատակ ունի առաջիկայում հանդես գալ նաեւ որպես դիրիժոր եւ դասավանդող. «Ծրագրում եմ ուսանել նախ՝ Մոսկվայի, ապա՝ Վիեննայի կոնսերվատորիաներում»,-ասաց նա:
Հավելենք, որ Ալեքսանդրը 2016 թվականից ուսանում է Արտաշես Մկրտչյանի մոտ: Նա նվագում է հայ անվանի վարպետ Շահեն Երիցյանի պատրաստած երկու քառորդ ջութակով:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս