ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի միջեւ հարաբերությունները գնալով ավելի են լարվում: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Հարությունյանի` նախարար դառնալուց հետո պաշտոնանկ արվեցին ՔԿՀ մի քանի ղեկավարներ, բնականաբար բացահայտված սկանդալների արդյունքում: Կադրային այդ փոփոխություններն էլ Օսիկյանի սրտով չեն եղել: Չի բացառվում, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում մի օր էլ նա հրաժեշտ տա պաշտոնին:
Բացի այդ` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հարությունյանն իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում այդպես էլ չի այցելել որեւէ կալանավայր: Իր պաշտոնավարման ընթացքում ՔԿՎ չայցելեց նաեւ նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ում հարաբերությունները եւս լարված էին Արթուր Օսիկյանի հետ: Հովհաննիսյանը մեկ անգամ միայն եղել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եւ վերջ, այնինչ Հարությունյանը նույնիսկ այնտեղ չի այցելել:

 

 

Հաջորդ տարի նախագահականում «կադրային ջարդ է» սպասվում. կրճատվելու է 159 հաստիք, եւ այսօրվա 417 աշխատակցից այնտեղ կմնա 258-ը: Պատճառը սահմանադրական փոփոխություններն են, եւ երբ Հայաստանն անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի, էապես կնվազեն նախագահի լիազորությունները, որոնք կպատվիրակվեն հանրապետության վարչապետին ու ԱԺ-ին: Բայց դեռեւս որոշված չէ, թե կոնկրետ ո՞ր հաստիքներն են կրճատվելու: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշեց. «Դեռ հայտնի չէ, թե ՀՀ նախագահի աշխատակազմի որ հաստիքներն են կրճատվելու»: Նկատենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տարիներին նախագահական ապարատը գնալով ավելի ուռճացվեց, երբ հերթով նախկին պաշտոնյաները թոշակի ուղարկվելու փոխարեն նշանակվում էին խորհրդական կամ օգնական:

 

 

 

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին, ասել է. «Եթե իրականում առկա են փաստեր, պետք է այդ մասին պատշաճ դիմեն իրավապահներին»: Իսկ դիտարկմանը, թե ընտրակաշառքի մասին լուրն ապացուցելը դժվար է, որովհետեւ այստեղ երկուստեք են շահագրգռված, եւ այդ գումարը վերցնողը չի դժգոհի, չի հայտնի կատարվածի մասին իրավապահներին, ԿԸՀ նախագահը հակադարձել է. «Ես Ձեզ հակառակ հարցը տամ` երկուստեք շահագրգռվածության դեպքում որտեղի՞ց են լինում նման հայտարարություններ, բարձրաձայնումներ»: Ըստ նրա` ընտրական գործընթացում այս կամ այն երեւույթի մասին հայտարարությունները հաճախ հիմնված են լինում «անհասկանալի, չբացահայտված, չբարձրաձայնվող աղբյուրների վրա»: Մուկուչյանը նաեւ նշել է. «ԿԸՀ-ն առանձին հայտարարությունների հետ կապված դիրքորոշում դրսեւորեց, որոշ դեպքերում նախազգուշացումներ կիրառեց, բայց անհասկանալի էր, որ այդ դեպքերում նույն քաղաքացիների կողմից թիրախավորվում էին հենց ԿԸՀ գործողությունները, այնինչ` պետք է լիներ հակառակը»:

 

 

 

Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես լցրել է քաղաքացիների համբերության բաժակը` ստիպելով մարդկանց անգամ անհարգալից պահվածք դրսեւորել այդ կառույցի աշխատակիցների նկատմամբ: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախորդ տարվա մայիսին քաղաքացի Սամվել Նահապետյանը գնացել է կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ տեղակայված է նախարարությունը: Չբավարարվելով նախարարության քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Մարինա Ումրշատյանի տված պատասխանով` Նահապետյանը վիճաբանել է, այնուհետեւ պատռել ձեռքում եղած թղթերն ու նետել նրա երեսին: Դրանից հետո քրեական գործ է հարուցվել Նահապետյանի նկատմամբ խուլիգանության համար, ավելին` նրան վերագրվում է հետեւյալը. «Շարունակել է շուրջ 1.5 ժամ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալ ներկաներին»: Միայն թե, նկատենք, քաղաքացուն առաջադրված մեղադրանքն առավել քան ուռճացված է, քանի որ դժվար է պատկերացնել մոտ 1.5 ժամ շարունակ հայհոյելը, եւ եթե անգամ այդպես էր, ինչո՞ւ ոստիկանությունը նրան դուրս չի հրավիրել:

 

 

 

ՆԱՀԱՆՋ` ԱՃՈՎ
Հայաստանի քաղավիացիայում տիրող իրավիճակը ոչնչով չի տարբերվում մյուս բոլոր ոլորտներից. արտաքուստ տպավորություն է, թե վերջին մեկ տարում աճ է արձանագրվել, բայց իրականում, այս ոլորտը եւս անմխիթար, կարելի է ասել` շատ անմխիթար վիճակում է:
Սակայն քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը երեկվա ասուլիսի ժամանակ ներկայացրեց առաջընթացի մասին ցուցանիշներ, երկար-բարակ խոսեց ապագա ծրագրերից: Ընդ որում, խոսեց նաեւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի մասին` պնդելով, թե այնտեղ ներդրումներ են իրականացվելու. ենթակառուցվածքային բարեփոխումների համար մոտ 840 մլն դոլարի պայմանագիր է կնքվել կապալառու կազմակերպությունների հետ:
Բայց մինչ Սերգեյ Ավետիսյանն այսպես ոգեւորված թվարկում էր իրենց ձեռքբերումները, հայտնի դարձավ` Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ իրականացնող «Տարոն-Ավիա» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը: Ավիաընկերության սեփականատիրոջ` Գառնիկ Պապիկյանի վստահեցմամբ` իրենք գործունեությունը դադարեցնում են ժամանակավորապես, մինչեւ գարուն: Իսկ պատճառը, ըստ նրա, այն է, որ ռուսական «Պոբեդա» ընկերությունը դեմփինգային քաղաքականություն է իրականացնում. ավելացրել է դեպի ՌԴ չվերթները` կտրուկ նվազեցնելով սակագինը, եւ նման պայմաններում աշխատելն իրենց ձեռնտու չէ:
Միայն թե իշխանություններն այդպես էլ չեն փորձում միջամտել կատարվածին ու գոնե ուսումնասիրել «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատիրոջ հայտարարությունը` դեմփինգի մասին: Ի վերջո, Հայաստանում հակադեմփինգային օրենք կա, որն էլ համապատասխան կարգավորումներ է սահմանում նման իրավիճակում:
Փոխարեն քաղավիացիայի վարչության պետը երեկ փորձում էր հիմնավորել, որ «Տարոն-Ավիայի» համար փոխադրումներ իրականացնելը ձեռնտու չէ տնտեսապես` շրջանցելով դեմփինգի մասին պնդումները: «Այս պահին «Տարոն-Ավիայի» կողմից որոշ չվերթների մասով ունենք կասեցում՝ կապված ձմեռային հունվար եւ փետրվար ամիսների ցածր պահանջարկի հետ, սա կոմերցիոն սկզբունքների վրա հիմնված որոշում է, որն ընդունված պրակտիկա է, քանի որ դատարկ օդանավ տեղափոխել ա կետից բ կետ ոչ մեկի համար տրամաբանական չէ»,- ասել է նա:
Հետաքրքիր է, եթե դեմփինգ իրականացնելու մեջ մեղադրվեր ոչ թե ռուսական, այլ միանգամայն ուրիշ կազմակերպություն, իշխանությունները կրկին ձեռքերը ծալած կնստեի՞ն, թե՞ կփորձեին միջամտել եւ լուծել խնդիրը:




Լրահոս