ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթն ամփոփել է անցնող 2017 թվականը:
-Պարո՛ն Մուկուչյան, այս տարվա ամենահիշարժան իրադարձությունների թվում առաջինը շեշտում են խորհրդարանական ընտրությունները: Եւ, ընդհանրապես, 2017 թվականը ընտրություններով «առատ էր»: Ինքներդ ընտրությունների որակից գո՞հ եք:
-2017թ. ընթացքում ոչ միայն համապետական ընտրություններ ունեցանք, այլեւ տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրություններ, միաժամանակ 90 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Եւ որպեսզի ծավալային առումով ավելի պատկերավոր լինի, ասեմ` թեեւ խոսքը վերաբերում էր 90 համայնքի, բայց ընտրական տեղամասեր էին կազմավորվել 380 բնակավայրերում, որովհետեւ 34 համայնքներ խոշորացված էին: Այս ամենը բավական ընդգրկուն էր եւ աշխատանքի կազմակերպման, եւ ծավալի առումով: 2016թ. ընդունվել էր նոր Ընտրական օրենսգիրք, որի կանոնակարգումներին համապատասխան անցկացվեցին ԱԺ ընտրությունները, Երեւանի ավագանու եւ մյուս համայնքների ՏԻՄ ընտրությունները: Եւ ԸՕ կանոնակարգումները մեզանում կյանքի կոչվեցին լիարժեք ծավալով, եւ ըստ էության կայացած ընտրությունները կազմակերպչական առումով, օրենսդրական լուծումների առումով աննախադեպ էին: Աննախադեպ էին, որովհետեւ առաջին անգամ մեզանում իրականացվեց տեխնիկական սարքավորումների կիրառմամբ ընտրողների գրանցման գործընթաց, համապետական ընտրությունների ժամանակ 1500 տեղամասերում կազմակերպվեց քվեարկության ընթացքի եւ արդյունքների ամփոփման ուղիղ առցանց հեռարձակում: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, չնայած օրենքով չկար նման պարտադրանք, բոլոր տեղամասային կենտրոններից իրականացվում էր առցանց հեռարձակում: Ընդհուպ մինչեւ հրապարակվեցին ընտրողների ստորագրած ցուցակները: Սա ինքնին խոսում է այն մասին, որ ընտրությունները հրապարակայնության ապահովման տեսանկյունից իրավմամբ աննախադեպ էին: Այս ամենն առաջին անգամն էր կիրառվում` ապահովելով ընտրական պրոցեսների թափանցիկությունը: Սրանով էր պայմանավորված ընտրական գործընթացների հանրային ընկալումը:
-Իշխանությունները շեշտում են, որ աննախադեպ լավ ընտրություններ են անցկացրել, ընդդիմության մի հատվածը պնդում էր, թե, ընդհակառակը, կեղծիքները շատ էին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում էլ նշված է. «Ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկությունները ստվերել են այս տարվա ԱԺ ընտրությունների ընթացքը»:
-Ես չէի ցանկանա առանձնացնել որեւէ առանձին նկատառում, որեւէ առանձին դիրքորոշում: Ես կցանկանայի ընդամենը նշել հետեւյալը. անհնար է խոսել ընտրական գործընթացի մասին բացարձակ տեսանկյունից, հատկապես քվեարկության օրը, երբ հաշված ժամերի ընթացքում իրար հետ իրավահարաբերությունների մեջ են մտնում հարյուր, հազարավոր քաղաքացիներ: Այդ դեպքում միշտ էլ հնարավոր են ինչ-ինչ իրավիճակներ, տեղի են ունենում առանձին խախտումներ, ԸՕ կանոնակարգումները բոլորի կողմից ամբողջական ու լիարժեք չեն կիրառվում: Բայց ես կարծում եմ` ԸՕ-ով ամրագրված լուծումները եւ լիարժեք կյանքի կոչումը նպաստեցին ընտրությունների նկատմամբ լիակատար հանրային վերահսկողության իրականացմանը եւ թափանցիկության ապահովմանը:
-Ընտրակաշառք բաժանելը կամ ընտրողների նկատմամբ ճնշումները, վարչական ռեսուրսի կիրառումը տեղամասերից դուրս էր արվում, եւ այդ մասին խոսում էին համատարած:
-Հանրորեն վտանգավոր որեւէ արարքը, հանցագործությունը, այդ թվում` ընտրակաշառքը միանշանակ մերժելի է: Այդ երեւույթները հանդիսանում են քրեորեն պատժելի արարքներ, ամրագրված են քրեական օրենսգրքում: Երբ մենք խոսում ենք նման երեւույթների մասին, պետք է առաջին հերթին նկատի ունենանք նաեւ այդ երեւույթը կանխող միջոցները: Երբ քաղաքացիները խոսում են այդ երեւույթների մասին, պետք է ոչ թե պարզապես բարձրաձայնեն` բարձրաձայնելու համար, այլ եթե իրականում առկա են փաստեր, պետք է այդ մասին պատշաճ դիմեն իրավապահներին: Եթե մեզանից յուրաքանչյուրն իր պարտքն է համարում պայքարել ընտրակաշառքի դեմ, ապա պետք է մերժողական վերաբերմունք դրսեւորի` այդ երեւույթը մեկընդմիշտ արմատախիլ անելու համար:
-Խնդիրն էլ այն է, որ կողմնակի մարդուն ընտրակաշառքի մասին լուրն ապացուցելը դժվար է, որովհետեւ այստեղ երկուստեք են շահագրգռված, եւ այդ գումարը վերցնողը չի դժգոհի, չի հայտնի կատարվածի մասին իրավապահներին:
-Ես Ձեզ հակառակ հարցը տամ` երկուստեք շահագրգռվածության դեպքում որտեղի՞ց են լինում նման հայտարարություններ, բարձրաձայնումներ:
-Դե, ոչ թե դժգոհում են, այլ պատմում են, թե ինչպես կարողացան այս կամ այն թեկնածուի շտաբից ստանալ փողը: Հայտարարություն լինում է, բայց ոչ դժգոհության տեսքով:
-Ցավոք, բայց մեզանում շատ ենք տեսնում, երբ ընտրական գործընթացում այս կամ այն երեւույթի մասին հայտարարությունները հիմնված են լինում անհասկանալի, չբացահայտված, չբարձրաձայնվող աղբյուրների, քան կոնկրետ փաստերի վրա: Իսկ եթե լինում են փաստեր, այդ մասին բարձրաձայնողը ներկայացնում է նաեւ փաստերը:
-Քաղաքական կամքի առկայության դեպքում իշխանությունները կարո՞ղ են բացառել ընտրակաշառքը, թե՞ ոչ:
-Ես միանշանակ համոզված եմ` ընտրակաշառքի դեմ պայքարելու քաղաքական կամք միանշանակ առկա է, դրա դրսեւորումն է այդ երեւույթի քրեականացումը, թե քրեական օրենսգրքում այնպիսի իրավակարգավորումների ամրագրումը, որոնք նպատակ ունեն բացահայտելու հանցագործությունը:
-Ուրիշի փոխարեն քվեարկության կամ կրկնաքվեարկության փորձեր եղան եւ բացահայտվեցին, բայց ընտրակաշառք տալու համար որեւէ մեկը չձերբակալվեց:
-Ընտրակաշառքի մասին բոլոր հայտարարությունները, ԶԼՄ-ներում հրապարակումներն ուսումնասիրվել են իրավապահ մարմինների կողմից: Ինձ ծանոթ չէ որեւէ դեպք, որեւէ հայտարարություն, որ դուրս մնացած լինի իրավապահների ուշադրությունից:
Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
ԿՐՏՍԵՐ ՀՈՎԵՅԱՆԻՑ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները տեւական ժամանակ է` դժգոհում են կազմակերպության տնօրեն Վաչե Հովեյանի գործելաոճից: Ըստ աշխատակիցների` երկու տարի առաջ նշանակվելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին` «աշխատանքից ազատում է իր համար ոչ ցանկալի մարդկանց»:
ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի որդու գործելաոճից դժգոհություններին «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում մի քանի անգամ անդրադարձել է: Եւ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աշխատանքից ազատված աշխատողները դատական կարգով վիճարկել են Հովեյանի որոշումը: Այդ անձանցից է իրավաբան Սաթենիկ Գասպարյանը, ով պնդում է` անօրեն է հեռացվել աշխատանքից:
ՊՈԱԿ-ի կադրերի գծով արդեն նախկին տեսուչ Լիաննա Գրիգորյանը մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդից այս տարվա հուլիսին համարվել է վերադարձած եւ ներկայացել աշխատանքի: Սակայն նույն օրը պարզել է, որ «աշխատանքից ազատված է, եւ իրեն հանձնվել է ազատման հրամանը»: Ինչից հետո Լիանա Գրիգորյանը նույնպես հայցադիմում է ներկայացրել դատարան:
Աշխատողներից Նառա Ստեփանյանը դեռեւս 1992 թվականից աշխատել է Կամերային երաժշտության տանը: «Վաչե Հովեյանը 2015 թվականի սեպտեմբերի 28-ին ԿԵԱԿ-ի տնօրեն նշանակվելու առաջին իսկ օրվանից դրսեւորեց իր անմարդկային որակները: Նա անօրեն հրամաններ էր արձակում, աշխատողներին թշնամաբար էր վերաբերվում, արհամարհում եւ հայհոյանքներ շռայլելու հմտություններ ունի: Հովեյանը անընդհատ աշխատակիցներին տեղյակ էր պահում՝ եթե դուրներդ չի գալիս, դիմում գրեք, ազատվեք: Դրսում 2000 սոված մարդ կա: Եւ անհիմն նկատողություններ տալով` ինձ հեռացրեց աշխատանքից»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Նառա Ստեփանյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ աշխատողներն այս խնդրի շուրջ նամակով դիմել են նաեւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Սակայն առարկայական արձագանք չկա: Կարելի է ասել` Հովեյանի դեմն առնող չկա:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ փորձեց կապ հաստատել Վաչե Հովեյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգին պատասխանեց փոխտնօրեն Աննա Ճուղուրյանը եւ փոխանցեց, որ Հովեյանն արձակուրդում է: Նա խնդրեց տալ հեռախոսահամար` օրվա ընթացքում հետ զանգելու եւ մեկնաբանելու համար: Բայց այդպես էլ մեզ չզանգահարեցին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄՈՏ 2 ՄԼՆ ԴՐԱՄ` ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի քաղաքապետարանը երկու ոսկե մեդալ է ձեռք բերել` այդ նպատակով ծախսելով մոտ 2 մլն դրամ: Քաղաքապետարանը պայմանագիր կնքել է Ա/Ձ Լուսինե Միրզոյանի հետ` այդ մեդալները գնելու համար: Դրանց տեխնիկական բնութագրում նշված է, որ պետք է պատրաստված լինեն 750 հարգի ոսկուց, տրամագիծը 60 մմ, քաշը` 43 գրամ: Ի դեպ, մեդալի դիմերեսին պետք է պատվիրված լինի Արմավիր քաղաքի զինանշանը, իսկ դարձերեսին` «2017թ., Արմավիր» գրառումները: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ «Արմավիրի պատվավոր քաղաքացի» մեդալները շնորհելու է դեկտեմբերի 29-ին, երբ ներկայացնելու է իր աշխատանքային հաշվետվությունը: Բացի այս` նա այդ օրը պարգեւատրելու է տարբեր ոլորտների աշխատողների: «Պատվավոր քաղաքացի» մեդալները տրվելու են երկու հոգու` ոստիկանության մարզային վարչության պետ Արսեն Այվազյանին եւ մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանին, որոնք ակտիվ դերակատարություն ունեցան հոկտեմբերի 31-ին «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցնողին վնասազերծելու հարցում. նրանք բանակցություններ էին վարել եւ արդյունքում կարողացել էին համոզել ազատ արձակել պատանդներին:
ՊՆ-Ն ԸՆԴԴԵՄ ԽՈՐՀՐԴԻ
Մատակարարման շուրջ դատական գործընթացները շարունակական բնույթ են կրում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայց է ներկայացրել ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի դեմ: Մասնավորապես ՊՆ-ն պահանջում է, որ դատարանը ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի գնահատող հանձնաժողովի արձանագրությունները անվավեր ճանաչի: Նկատենք, որ պաշտպանության նախարարությունը լուրջ պայքար է սկսել մատակարարների դեմ. այս օրերին ԱԱԾ-ում քննություն է գնում, որ մատակարարները խաբել են ՊՆ-ին եւ կարագի փոխարեն մարգարին են մատակարարել եւ դեռ ավելին` չափանիշներին չհամապատասխանող կաթնաշոռ եւ թթվասեր:
ՄԵՐԺՈՒՄ Է ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
Կառավարությունն իր վաղվա նիստում մտադիր է մերժել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը: Խոսքը Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին է: Մասնավորապես Միհրան Պողոսյանն առաջարկում է փոփոխություններ կատարել եւ եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցնող եկամուտ համարել հաշմանդամության կարգ ունեցող անձի ստացած եկամուտը: Մինչդեռ, ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, կառավարությունն իր մերժման հիմնավորումների մեջ նշել է, թե նախագծի ընդունումը կարող է հանգեցնել հնարավոր չարաշահումների ռիսկերի մեծացմանը, հետեւաբար ընդունելի չէ: