2017թ. Հայաստանի համար նախորդ տարիների տրամաբանական շարունակությունն էր` խորացող տնտեսական անորոշությամբ, քաղաքական լճացմամբ, հարեւանների հետ լարված հարաբերություններով ու աղետալի արտագաղթով: Տարին, սակայն, լիովին հաջող դասավորվեց անձամբ Սերժ Սարգսյանի համար, որը սպառնում է մնալ իշխանության գագաթին նաեւ իր նախագահության ժամկետի ավարտից հետո:
Փայլուն օպերացիա
2017թ. կարեւորագույն առաջին իրադարձությունը ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններն էին, որոնք արմատապես տարբերվեցին բոլոր նախորդ ընտրություններից: Այս անգամ ընտրական տեղամասերում առարկայական խախտումներ տեղի չունեցան: Սերժ Սարգսյանը դաս էր քաղել 2007 եւ 2012թթ. ընտրություններից եւ ընտրական օրենսգրքով զիջելով ընտրական ցուցակների հրապարակման ու ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցերում` հատուկ թակարդ լարեց ընդդիմության համար` ներմուծելով ռեյտինգային ընտրակարգը: Դրա միջոցով օլիգարխները աշխատում էին սեփական անձի համար` ինքնաբերաբար բարձր տոկոսներով ապահովելով կուսակցությանը: Թեեւ ընդդիմադիր կուսակցությունները կասկածի տակ դրեցին ընտրական գործընթացի արդար բնույթը, դա էականորեն չազդեց ինչպես միջազգային հանրության արձագանքի, այնպես էլ հայ հասարակության տրամադրությունների վրա: Սերժ Սարգսյանը դեռեւս 2015թ. փոխելով Հայաստանի Սահմանադրությունը` մի յուրօրինակ ծրագիր էր մտահղացել` անցկացնել «անաղմուկ» ընտրություններ: Այդ ընտրական փորձը նա հաջողեցրեց 2016թ. ապրիլին` Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ ընտրատեղամասերում որեւէ լուրջ խախտում թույլ չտալով` իշխանությունն իր թեկնածուի հաղթանակը ապահովել էր դրսում` ընտրողների համատարած գնման միջոցով: Սարգսյանի համար այդժամ պարզ դարձավ, որ ոչինչ չի խանգարելու իրեն այդ փորձը կրկնել նաեւ հանրապետության մասշտաբով:
Սարգսյանը 2017թ. ընտրություններին մոտեցավ արդեն իսկ հաղթածի կարգավիճակով: Նա նախ չեզոքացրեց իր դեմ ձեւավորվելիք ցանկացած դիմադրական ճակատ` բաժան-բաժան անելով 2008թ. միասնական ընդդիմությանը: Տատանվող ընտրազանգվածի համար կրկին ասպարեզում հայտնվեց ԲՀԿ-ն, իսկ քոչարյանական հնարավոր ռեւանշը խեղդվեց բնում: Այդպիսի պայմաններում ընտրություններին մասնակցող որեւէ կուսակցություն կամ դաշինք չէր դնում Սերժ Սարգսյանից իշխանությունը վերցելու խնդիր` բավարարվելով սոսկ խորհրդարանում հայտնվելու հեռանկարով: Առանց մասշտաբային ու աղաղակող խախտումների` Սերժ Սարգսյանը փայլուն արդյունք ապահովեց անձնապես իր համար` կամակատար խորհրդարան ձեւավորելով:
Կարեն Կարապետյանի մոլորությունը
2016թ. վարչապետ նշանակվելով` Կարեն Կարապետյանը, թվում էր, անշեղորեն ընթանում էր Սերժ Սարգսյանից իշխանությունը ժառանգելու ճանապարհով: Նա այսօր էլ հրապարակայնորեն չի թաքցնում, որ ցանկանում է դառնալ երկրի առաջնորդը 2018թ. ապրիլից հետո: Սակայն քաղաքական իշխանությունը ժառանգելու համար ցանկացած գործիչ պետք է ոչ միայն կարողանա արձագանքել իրեն ուղղված հարվածներին, այլեւ անձամբ ի վիճակի լինի ձեռնոց նետելու հակառակորդներին: Այս ընթացքում Կարապետյանը նման հնարավորություն ունեցել է երկու անգամ եւ անվճռական գտնվելով` խուսափել Սերժ Սարգսյանի հետ առճակատումից: Կարապետյանի առաջին ձախողումը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էր, երբ նրան արգելեցին գլխավորել ՀՀԿ ընտրացուցակը` Սահմանադրության պահանջին չհամապատասխանելու պատրվակով: Կարապետյանը չնկատեց, որ իր հեղինակությունն է դնում խաղասեղանին, միայնակ վարում ՀՀԿ-ի քարոզարշավը, բայց չի ստանում ՀՀԿ-ի մեծամասնությանն առաջնորդելու գործնական հնարավորություն:
Սերժ Սարգսյանը լիովին պահպանեց «ակելայի» իր կարգավիճակը` օլիգարխների համար մնալով իբրեւ անփոխարինելի առաջնորդ: Իր նախորդի պես Կարապետյանը մոլորություն ունեցավ հավատալու, թե Սերժ Սարգսյանը սկուտեղով իշխանությունը հանձնելու է իրեն, թեեւ այժմ արդեն պետք է հասկացած լինի, որ ՀՀԿ-ականների «ազգովի խնդրանքներին» հազիվ թե կարողանա հակաքայլ ներկայացնել:
Արտաքին գամբիտ
Ներքաղաքական դաշտում իրեն անփոխարինելի դարձնելով` Սերժ Սարգսյանը հաջողեցրեց անայլընտրանքային թեկնածու դառնալ նաեւ արտաքին ասպարեզում: Նա ստորագրեց ԵՄ-ի հետ քաղաքական համաձայնագիրը, որը, ըստ էության, իր անձնական ձեռքբերումն էր: Այդկերպ նա Եվրոպայի ու, առհասարակ, արեւմուտքի համար Հայաստանում իշխանությունը գլխավորելու ամենահարմար թեկնածուն դարձավ: Բնական է, որ ռուսական խեթ հայացքի ներքո ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրած գործիչը պետք է հայաստանյան քաղաքական անապատում, որքան էլ դա իր հետեւողական գործունեության արդյունքը լինի, դառնար արեւմուտքի համար միակ ընդունելի կերպարը: Արեւմուտքը չափազանց պարզունակ է նայում հետխորհրդային տարածաշրջանին` առաջնահերթորեն կարեւորելով կայունությունը: Իսկ Հայաստանի թեկուզեւ թվացյալ ու երերուն կայունությունը կարող է ապահովել միայն Սերժ Սարգսյանը: Անշուշտ, վերջինիս վարչապետությունը արեւմուտքի համար իրավիճակային լուծում է, գրեթե այնպես, ինչպես Պուտինի չորրորդ ժամկետը, սակայն գոնե առաջիկա հինգ տարիների համար դա կլինի չարյաց փոքրագույնը` արեւմուտքի համար խոստանալով հարաբերական կայունություն ու հավասարակշռություն: Այլ հարց է, որ դրա եւ Սերժ Սարգսյանի փաստացի 3-րդ ժամկետի համար վճարելու է Հայաստանը: 2008թ. Սարգսյանը արեւմուտքին գաղտնաբար խոստացել էր սկսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` Հայաստանի պետական շահերով վճարելով իր լեգիտիմության գինն ու պահելով օդից կախված իշխանությունը: Հետաքրքիր է` 2018 թվականի համար ինչ է խոստացել նա արտաքին ուժային կենտրոններին` անշուշտ, կրկին Հայաստանի հաշվին:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՉԻ ԽՈՍՈՒՄ
Նոր Սահմանադրության պարագայում նախագահի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նաեւ ԼՂՀ նախկին նախագահ, այժմ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի անունը: Միայն թե Ղուկասյանը չի ցանկանում խոսել այդ թեմայով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց պարոն Ղուկասյանին: Սակայն նա` լսելով, որ իրեն լրագրող է զանգահարել, ասաց. «Ինձ մի զանգահարեք»,- եւ անջատեց հեռախոսը: Նշենք, որ նոր Սահմանադրությամբ նախագահը թեեւ համարվելու է պետության գլուխը, բայց լինելու է «անգլիական թագուհի», քանի որ շատ քիչ լիազորություններ են նրան վերապահված: Նոր նախագահի թեկնածուների շարքում շրջանառվում է նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը, ով, սակայն, հայտարարել է, որ չի ցանկանում այդ պաշտոնը:
ՄԻԱԿ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ
2017 թվականի ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրություններում ընտրակեղծիք կատարած անձանցից միայն Դավիթ Սիմոնյանն է, որ շարունակում է մնալ կալանքի տակ: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա դատավճիռը դեռեւս չի հրապարակվել: Հիշեցնենք, որ նա ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով եղբոր` Գոռ Սիմոնյանի հետ այցելել է Երեւան քաղաքի Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամաս եւ այնտեղ վերցնելով եղբոր անձնագիրը` գրանցվել է ընտրողների ցուցակում եւ քվեարկել նրա փոխարեն: Այլ կերպ ասած, ի տարբերություն մյուս ընտրակեղծարարների, որոնք կես ճանապարհին հանցանքի պահին բռնվել էին, Սիմոնյանը կարողացել էր անգամ քվեարկել: Այս արարքի համար նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով` կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ կառավարությունը մտադիր է հերթական անգամ արտոնություն տալ ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդուն` Սերգեյ Սոֆոյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սոֆոյաններին պատկանող «Դամալա գրուպ» ընկերությունը այս տարվա դեկտեմբերի 22-ից մինչեւ 2018 թվականի մարտի 31-ը 3 տարով կհետաձգի ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Տեղեկացնենք, որ մինչ այդ` դեկտեմբերի 7-ին, գործադիրը օտարեց Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում ավելի քան 6300 քմ շենք-շինությունները, 5.8 հա հողամասը: Ի դեպ, պետական գույքի կառավարման վարչությունը այդ տարածքը գնահատել էր 385 մլն 974 հազար 72 դրամ: Սակայն կառավարությունը տվյալ գումարը նախկին պատգամավորի համար էժանացրել է` տարածքի արժեքը սահմանելով 300 մլն դրամ: Այսինքն` ավելի քան 85 մլն դրամով զեղչել է գինը: Նշենք, որ ընկերությունը նախատեսում է հիմնել կոշիկի եւ հագուստի արտադրություն:
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն, անդրադառնալով հարցին, թե երբ կկարողանան ՀՀ քաղաքացիները մուտք գործել Բելգիա առանց մուտքի արտոնագրի կամ դյուրացված ընթացակարգով, նշել է. «Մենք այս հարցի լուծումը տեսնում ենք երկու փուլով, առաջինը` վիզաների տրամադրման դյուրացումն է, երկրորդը` ընդհանրապես վերացումը: Սակայն նաեւ գիտակցում ենք, որ ներկայում տեխնիկական ու քաղաքական պատճառներով հնարավոր չէ լիովին վերացնել վիզաները»: Ըստ նրա` տեխնիկական հարցերից մեկն էլ անձնագրերի ճանաչումն է, մասնավորապես կենսաչափական անձնագրերի կիրառումը: Դեսպանի դիտարկմամբ` ԵՄ երկրների քաղաքացիները չեն ընդունի քայլը, եթե վիզաների ազատականացման գործընթացը կատարվի միանգամից: «Ես չեմ խոսում միայն Բելգիայի բնակչության մասին, այլ ողջ Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներին նկատի ունեմ»,-ընդգծել է դիվանագետը:
ԴԵՄ ԵՆ
Երեւանի ավագանին 16 դեմ 47 կողմ եւ զրո ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Երեւան քաղաքի 2018-ի բյուջեն: «Երկիր Ծիրանի»-ի ավագանին եկող տարվա բյուջեն որակել է «հաղորդում հանցագործության մասին»: Այս խմբակցության ավագանին քաղաքապետին հիշեցրել է Ավանի առանձնատունը եւ այլ պաշտոնյաների ունեցվածքը: «Ելք»-ի ավագանի Թեհմինե Վարդանյանն ասել է, որ բյուջեն անտեղի ուռճացված է, եւ կան անիմաստ ծախսեր: Մասնավորապես «Ելք»-ին մտահոգում էր, որ ի հաշիվ առողջապահական ծախսերի` բյուջեով այլ ծախսեր են նախատեսվում: Մինչդեռ առողջապահության ոլորտում մի շարք չլուծված խնդիրներ կան: «Ելք»-ի ավագանի Անի Սամսոնյանն էլ հիշեցրել է վերելակների պատճառով քաղաքացիների մահվան դեպքերը: Թափառող շների վնասազերծման համար նախատեսվում է 115 միլիոն դրամ, եւ հարց է ծագում` թափառող շներն ավելի՞ վտանգավոր են, քան վերելակները:
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարը, ինչպես նաեւ մոտ ապագայում նախատեսված` Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան: Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Վրաստան` Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան: Սերժ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: