«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՃԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամփոփելով անցնող տարվա գործունեության արդյունքները` ընթերցողներին ենք ներկայացնում այն բազմաթիվ խնդիրներից մի քանիսը, որոնք մասնակի կամ ամբողջությամբ լուծվել են հենց մեր հրապարակումների արդյունքում:

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 7-ի իր համարում անդրադարձել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքի 601 խցի պայմանների մասին: Խցի խողովակները վնասված էին, ու ջուրը լցվում էր հենց խուց: Ցմահ դատապարտյալ Արամ Պետրոսյանը այս խնդրի առթիվ բազմիցս դիմել էր պատասխանատու մարմիններին, սակայն ոչ մի արձագանք չէր եղել: «Ժողովուրդ»-ը լուսանկարներով նյութ էր հրապարակել, որից կարճ ժամանակ անց քրեակատարողական հիմնարկից տեղեկացրին, որ համապատասխան աշխատանքներ են կատարվել եւ քիչ թե շատ բարեկարգել են խցի պայմանները:
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 7-ի իր համարում գրել էր, որ Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության աշխատողները չեն ստացել 4-5 ամսվա իրենց աշխատավարձերը: Կազմակերպության նախագահ Գագիկ Վերանյանի փոխանցմամբ` իրենց ընկերությունը ստացել է 2016թ. առաջին 4 ամիսների համար նախատեսված սուբսիդիայի գումարները, դրանից հետո բյուջեից ֆինանսական հատկացում այլեւս չի եղել: «Ժողովուրդ»-ը դիմել էր Տավուշի մարզպետարան` պարզելու, թե Նոյեմբերյան ՋՕԸ-ի աշխատողների աշխատավարձի պարտքերը երբ պետք է մարվեն: Մարզպետարանից հայտնել էին, որ աշխատավարձի պարտքը, ըստ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշաների նախարարության ջրտնտպետկոմի նախնական պայմանավորվածության, մինչեւ սույն թվականի 1-ին եռամսյակի վերջը կմարվի: «Ժողովուրդ»-ի մի քանի հրապարակումները տվեցին իրենց ցանկալի արդյունքը. վերջիններս կատարել էին իրենց խոստումը եւ վճարել ՋՕԸ-ի աշխատողների մի քանի ամսվա աշխատավարձերը:
ArmLur.am-ը փետրվարի 27-ին գրել էր, որ 1972թ. ծնված Աթիկ Խուրշուդյանը չարորակ ուռուցքի երկու վիրահատություն էր տարել: Նա լեզվի երկու վիրահատության էր ենթարկվել եւ չէր կարողանում խոսել ու տեղաշարժվել: Վերջինիս կինը ArmLur.am-ի հետ զրույցում նկարագրել էր, որ սպին վիրակապելու համար անգամ բամբակ չունեն. զուգարանի թուղթ են դնում սպիի վրա: Հիվանդի վերքերը չէին լավանում, որովհետեւ վիրակապ դնելու համար գումար չունեին, հիվանդանոց չէին գնում: Ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում, սոցիալապես անապահով վիճակում: Նրանք բարի ու սրտացավ մարդկանց օգնության կարիքն ունեին: ArmLur.am-ի հրապարակումից հետո, Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը արձագանքել էր խնդրին: Վերջինիս հրահանգներից հետո գյուղապետ Սարիբեկ Կարապետյանը գումար էր տրամադրել ընտանիքին: Ինչպես նաեւ անվճար դեղորայք էր տրամադրել նոր վիրահատված երիտասարդին:
«Ժողովուրդ» օրաթերթն օգոստոսի 1-ի իր համարում գրել էր, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Գարուն» կարի արտադրամասի աշխատողները վեց ամիս իրենց աշխատավարձը չեն ստացել: «Ժողովուրդ»-ը զրուցել էր արտադրամասի տնօրեն Վաղինակ Եղիազարյանի հետ, որը փոխանցել էր, որ աշխատավարձերը վճարելու համար դիմել են բանկ, որպեսզի վարկ վերցնեն: Մեր հրապարակումից հետո` չանցած մեկ ամիս, արտադրամասի աշխատողների աշխատավարձերի մեծ մասը վճարվել էր:
«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 21-ի իր համարում գրել էր, որ Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի դպրոցը չի ջեռուցվում եւ զուրկ է տարրական պայմաններից: Աշակերտների ծնողները հավաքվել եւ դժգոհում էին, որ դպրոցում չկան նորմալ պայմաններ: Դպրոցի տնօրեն Նարեկ Զաքարյանը հայտնել էր, որ ինքը սեպտեմբերի 1-ից է անցել իր պարտականությունների կատարմանը: «Ամեն ինչ արել ենք, ցելաֆաններ ենք դրել պատուհաններին, բայց ծնողներն ասում են` ինչո՞ւ պետք է մեր դպրոցը վատը լինի մյուս գյուղերի դպրոցներից»,- ներկայացրել էր նորանշանակ տնօրենը: «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո ծնողներից տեղեկացանք, որ դպրոցում սկսվել են վերանորոգման աշխատանքներ, որի ավարտից հետո ջեռուցման խնդիրը եւս լուծվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր ՀՀ պաշտպանության նախարարության գնումների խնդրին: Բացահայտել էինք, որ տարվա սկզբին ՀՀ ՊՆ-ն պայմանագիր է կնքել Խաչիկ Խաչատրյանին (ձվերի Խաչիկ) պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ` 1 ձվի դիմաց 53 դրամ վճարելու պայմանով: Այս տարվա ապրիլի քառօրյա պատերազմից հետո Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաներից մի քանիսը ՀՀ ՊՆ-ին առաջարկել էին ձուն մատակարարել ինքնարժեքով` մեկ հատը 40-ից 45 դրամով: Սակայն ՊՆ-ն չէր ընդունել այդ առաջարկը եւ շարունակել էր «Արաքս»-ից ձու գնել 53 դրամով: ՀՀ պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ հենց մեր հրապարակումից հետո ձվի մատակարար ընկերության հետ նոր պայմանագիր է կնքվել, ըստ որի` մատակարարման նոր գին է սահմանվել 41 եւ 45 դրամ` նախկին 53-ի փոխարեն: Այս դեպքում եւս մեր հրապարակումն իր արդյունքը տվեց. ՀՀ ՊՆ-ն ավելի էժան ձու է գնում, քան նախկինում:
Իհարկե, այսքանով չեն սահմանափակվում «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրությունների ձեռքբերումներն ու աշխատանքի հաճելի պտուղները: Եղել են նաեւ բազմաթիվ դեպքեր, երբ խմբագրության միջամտությամբ (ոչ հրապարակային) լուծվել են շարքային քաղաքացիների խնդիրները: Մեր զանգերի եւ դիմումների արդյունքում օգնել ենք մի շարք կարիքավոր մարդկանց:

Պատրաստեց ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ




Լրահոս