ԹԱՆԿԱՑՆՈՒՄ ԵՆ, ՀԵՏՈ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԴՐԱ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեսկզբին արձանագրված գնաճը դարձել է քաղաքական դաշտի քննարկումների հիմնական թեման: Ու տպավորություն է, թե ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունն այն օգտագործում են քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

Գնաճի մասին խոսում է խորհրդարանական ընդդիմությունը, որ փորձում է ԱԺ-ում լսումներ կազմակերպելուց բացի` բողոքի ցույցեր անցկացնել փողոցում (հավանաբար` ոգեւորված հարեւան Իրանում տեղի ունեցած դեպքերից): Այդ մասին խոսեցին իշխանությունները, ընդ որում, առաջին դեմքի մակարդակով. հիշում եք` հունվարի 10-ին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել` գնաճը մեղմելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին հանձնարարականներ հնչեցնելով: Եվ սա այն դեպքում, երբ տարեսկզբի գնաճը միանգամայն սպասելի էր. գնաճն, ըստ էության, «նախատեսված էր» 2018թ. պետական բյուջեի նախագծով:
Եւ այսպես` ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի համաձայն` այս տարի հարկային եկամուտները ծրագրվել են 1 տրիլիոն 248.5 մլրդ դրամ` 113.5 մլրդ դրամով ավելի նախորդ տարվանից: Բայց եկամուտների մի մասը նախատեսված է ավելացնել հարկերը, մասնավորապես, ակցիզային հարկը բարձրացնելու արդյունքում, այն բանից հետո, երբ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հարկային նոր օրենսգիրքը: Այս տարվա պետական բյուջեի բացատրական մասում մանրամասն նշված է, որ հարկային եկամուտները, ի թիվս այլ գործոնների, ծրագրվել են` հաշվի առնելով նաեւ «հարկային օրենսդրության՝ 2018 թվականին ուժի մեջ մտնող հայտնի փոփոխությունների հնարավոր ազդեցության գնահատականները»: Ըստ այդմ, «Հարկային օրենսդրության փոփոխությունների հնարավոր ազդեցությունը գնահատվել է 10.3 մլրդ դրամ»: Բացի այդ` «2018 թվականի համար կանխատեսվում է ակցիզային հարկի հաշվին պետական բյուջեի եկամուտների 80,0 մլրդ դրամ համալրում, որի շուրջ 51%-ը (40.8 մլրդ դրամ) կազմում է ՀՀ-ում արտադրվող եւ ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը»:
Այնպես որ, գնաճի այս ալիքը որեւէ մեկի համար անակնկալ չէր, ո՛չ ԱԺ-ի համար, քանի որ փաթեթները պատգամավորներն են ընդունել, ո՛չ Սերժ Սարգսյանի համար, որը վավերացրել է օրենքները: Պարզապես պետք էր մանրամասն ուսումնասիրել փաստաթուղթը: Խորհրդարանական ընդդիմությունն առանձնապես չէր կարեւորել այս ամենը եւ բյուջեի քննարկումների ժամանակ չփորձեց շեշտը դնել այդ փաստերի վրա (ելույթներում խնդրին շատ հպանցիկ էին անդրադարձել):
Իսկ իշխանություններն այս ընթացքում փորձել են մոլորեցնել հասարակությանը` խաբելով եւ հակառակը համոզելով: Տնտեսական ոլորտի պատասխանատուները հատկապես ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ մշտապես հերքել են պնդումները, թե այս տարի բնակչությունը շատ ավելի վատ է ապրելու: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ԱԺ-ում չէր համաձայնել դիտարկմանը, թե բնակչությունը 2018թ. 10 տոկոսով ավելի վատ է ապրելու, քան նախորդ տարի: Ընդհակառակը, նա պնդել էր, թե իրենք տնտեսական աճի նախադրյալներ են ստեղծում, բացի այդ՝ սոցիալական խնդիրների նվազեցումը բյուջեի գերակայությունների թվում է: ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ բյուջեի հիմքում ընկած են «տնտեսական աճը, Հայաստանի անվտանգությունը եւ սոցիալական վիճակի բարելավումը»: Սերժ Սարգսյանն էլ դեկտեմբերին հարցազրույցում խոսել էր ընդհանրապես գնաճի մասին` ասելով, թե գնային տատանումները հիմնականում միջազգային շուկայում տեղի ունեցածի հետեւանք են. «Այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք… ընդհանուր գնաճը կառավարելի է»:
Իսկ հիմա, երբ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային նոր օրենսգիրքը, բարձրացել ակցիզային հարկը, իշխանությունները փորձում են ձեւացնել, թե կատարվածն անսպասելի էր, եւ քայլեր են անում` սոցիալական լարվածությունը մեղմելու համար: Այդ մասին է վկայում Սերժ Սարգսյանի` հունվարի 10-ի խորհրդակցությունը, երբ հայտարարել էր. «Եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք այդ հետեւանքները: … Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաեւ ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա»: Ասել է, թե Սերժ Սարգսյանը փորձում է ձեւացնել, որ մտահոգված է ստեղծված իրավիճակով, դեռ ավելին` քայլեր է անում այդ ուղղությամբ: Մինչդեռ Սերժ Սարգսյանն ինքը ստորագրել էր ԱԺ-ում խորհրդարանական մեծամասնության ընդունած Հարկային օրենսգիրքը, նաեւ ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին օրենքը` ըստ այդմ, համաձայնելով թանկացումներին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄ
Թեեւ միջազգային շուկայում կարագի գինը նվազում է, Հայաստանում հակառակ երեւույթն է գրանցվում: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ մեկ կիլոգրամ կարագի գինը միջազգային շուկայում այս տարվա հունվարի 2-ի դրությամբ նվազել է՝ կազմելով 4.5 դոլար: Մինչդեռ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9.2 դոլարը՝ 4.7 դոլարով ավելի միջազգային գնից: Երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում Նոր զելանդական տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4430 դրամով, իսկ «Անքոր»-ը` 4510 դրամով: Սա եւս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ միջազգային շուկայում որեւէ ապրանքատեսակի գնանկում չի անդրադառնում հայաստանյան գների վրա: Իսկ բարձրացումները վայրկյան առաջ տեղ են հասնում: Բայց չնայած սրան` պատկան մարմինը` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, շուկայում «ձեւական ուսումնասիրություններ» անելուց հետո ոգեւորված հայտարարում է, թե կարագի գնի բարձրացումը անմիջական կապ ունի միջազգային շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ:

 

 

ԿԱՆԵՎՍԿՈՅԻ ՄՏԵՐԻՄՆԵՐԸ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ
Քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի սպանված թիմակից Կարեն Դավթյանի հարազատները տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` սպանված Կարենի հարազատները դեպքից երկու ամիս անց փակել են Էջմիածին քաղաքի իրենց բնակարանի դռները եւ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա: Ամենայն հավանականությամբ, սպանվածի հարազատները այս քայլին գնացել են իրենց անվտանգությունից ելնելով, քանի որ կատարված սպանությունից անցել է 4 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր են հանցագործություն իրականացնողները:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ, սակայն «սայլը» դեռեւս տեղից չի շարժվում:

 

 

ՀԱՍԱՎ ՎՃՌԱԲԵԿ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանի գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Ինչպես հայտնի է` նրա պաշտպան Հայկ Ալումյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, որպեսզի նրան գրավի դիմաց ազատ արձակեն, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սողոյանի պաշտպան Ալումյանը հունվարի 8-ին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով նրա խափանման միջոցը: Իսկ թե ինչ որոշում կկայացնի վճռաբեկ դատարանը, դժվար է ասել:

 

 

 

ՓՈՒԼԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ Է ՊԵՏՔ
Մոսկվան կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակն առավել հանգիստ դարձնելը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով 2017թ. ռուսական դիվանագիտական տարին, նշել է. «Կարծում եմ, որ հիմա կարեւոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում (Լեռնային Ղարաբաղում) ամեն դեպքում իրավիճակը հանգիստ դառնա, դա կօգներ անցում կատարել քաղաքական կարգավորմանը: Այդ խնդիրը (Լեռնային Ղարաբաղի) մեկ փաստաթղթով մեկընդմիշտ լուծել հնարավոր չէ: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտահայտի ներկայումս հնարավոր քայլերի շուրջ համաձայնությունը եւ կսահմանի այն հարցերի շուրջ աշխատանքները, որոնք հավելյալ քննարկումների կարիք ունեն` հանուն վերջնական կարգավորման»: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող այդ հակամարտության լուծման կոնկրետ պլան ունենալ, քանի որ «խնդիրը կարող են լուծել միայն կողմերը»: «Մենք սպասում ենք, որ երկու երկրների (Հայաստանի եւ Ադրբեջանի) կողմից ինչ-որ դրական ազդակներ կստանանք»,- հավելել է նա:
 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Միացյալ ազգերի կազմակերպության ռեզիդենտ համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին` Երեւանում առաքելության ավարտի կապակցությամբ: Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը Բրեդլի Բուզետոյին պարգեւատրել է արտգործնախարարության պատվո մեդալով:

 

 

 

ՄԵՐԺԵԼ Է
Իշխող Հանրապետական խմբակցությունն իր քվեարկությամբ մերժել է ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած եկամտահարկի դրույքաչափերը փոփոխելու նախագիծը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու առաջարկը: Տնտեսական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Խոսրով Հարությունյանը հայտարարել է, որ առաջարկվող փոփոխությամբ` աշխատող քաղաքացիների եկամուտը չնչին կավելանա, մինչդեռ գնաճի զսպման համար, ըստ նրա, արմատական փոփոխություններ են հարկավոր: Հիշեցնենք` հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում տարեսկզբից մոտ 40 դրամով թանկացել են բենզինն ու մեքենաների լիցքավորման գազը, իսկ գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքի գինը 390-ից հասել է 440 դրամի:

 

 

ԳՈՏԵՊՆԴԵԼ Է
Երեկ ՀՀ ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» խմբակցության օրենսդրական 2 նախաձեռնությունների մերժումը ցույց է տալիս, որ խորհրդարանական մեծամասնությունը թքած ունի իր իսկ տարփողած պառլամենտարիզմի վրա: «Էսօրվա թանկացումների պատասխանատուն դուք եք: Պոպուլիստներն էլ եք դուք, դեմագոգներն էլ»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը: ArmLur.am-ի թղթակիցը լսել է` ինչպես է այս ամենին տեղից արձագանքում ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը: Վերջինս կես կատակ-կես լուրջ գործընկերոջը գոտեպնդել է. «Նառա՛ ջան, դուխով, մի հատ էլ սրանց գնդակահարի՛, պրծի՛»:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ ՄԻՊ-ի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում առանձազրույցներ են ունեցել «Սասնա ծռեր»-ի անդամներ Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, իսկ «Էրեբունի» ԲԿ-ում Արայիկ Խանդոյանի հետ: Ա. Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում շարունակում է ստանալ վերականգնողական բուժում, ենթարկվել է մի շարք հետազոտությունների: Ս. Բարսեղյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողությունը բավարար է: Հաշվի առնելով վերջինիս հացադուլի տեւողությունը՝ ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարել նրա հետագա բժշկական հսկողությունն իրականացնել ստացիոնար պայմաններում: «Ծռեր»-ի անդամ Ա. Խանդոյանն էլ երեկ «Էրեբունի» ԲԿ-ում պետական պատվերի շրջանակներում ենթարկվել է անհրաժեշտ վիրահատական միջամտության:




Լրահոս