«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ» ԿԳՆԻ ՍՆԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը` «Հրազդան ցեմենտի գործարանը», սնանկ է ճանաչվել: Պատճառը տարիների ընթացքում կուտակած պարտքերից «մաքրումն է»:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անցած տարվա նոյեմբերի 3-ին «Ցեմենտ Սերվիս» ընկերության սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանը, դիմելով դատարան, խնդրել է «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ին ճանաչել սնանկ: Ավելին` «Հրազդանի ցեմենտ» գործարանը գրավոր չի վիճարկել իր սնանկությունը:
Բանն այն է, որ «Ցեմենտ Սերվիս» ՍՊԸ-ի եւ «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի միջեւ կնքվել են փոխառության պայմանագրեր, որոնցով պարտապանին տրամադրվել են գումարներ` վերջինիս բնականոն գործունեության ապահովման համար: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Ցեմենտ սերվիս» ընկերությունը ցեմենտի գործարանին 2013 թվականի հունիս-դեկտեմբեր ժամանակահատվածում տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ 2016թ. հունիս ամիսը մարման ժամկետով տրամադրել է 1 մլրդ 412 մլն 809 հազար դրամ եւ 1 մլն 515 հազար դոլարին համարժեք դրամ: Այս գումարները գործարանը չի կարողացել հետ վերադարձնել:
«Ցեմենտ Սերվիս» ՍՊԸ-ի` անցած տարվա սեպտեմբերի 26-ի հրապարակած տեղեկանքի համաձայն՝ «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի չկատարված պարտավորությունը կազմում է 5 մլն 60 հազար 381 դոլար եւ 2 մլրդ 838 մլն 123 հազար 543 դրամ: Եւ քանի որ դատարանի կողմից վճռի կայացման պահին դրանք գերազանցել են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, այս պատճառով դատարանը բավարարել է «Ցեմենտ Սերվիս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանի դիմումը` «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով:
Ցեմենտի գործարանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Ժիրայր Արաբյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ գործարանն այս պահին աճուրդի է հանված: Այսինքն` «Ցեմենտ Սերվիս» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման համար աճուրդի է հանված լոտի ընդհանուր մեկնարկային արժեքը կազմում է 3 մլրդ 962 մլն 322 հազար 100 դրամ: Գնի մեջ ներառված է 715 մլն 329 հազար դրամ կադաստրային արժեքը, որը վճարված չէ: «Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ աճուրդի է հանվել անգամ ընդերքօգտագործման իրավունքի գրավի պայմանագրով արդյունահանման իրավունքը, որի մեկնարկային գինը կազմում է 295 մլն 290 հազար դրամ: Վաճառվում է նաեւ ցեմենտի գործարանի հասցեում տեղակայված անշարժ գույքը` 1 մլրդ 688 մլն 192 հազար 100 դրամով, արտադրական գոտի մասնաշենքը` 77 մլն 490 հազար դրամով եւ այլն: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ գործարանը մոտ ժամանակներում կաշխատի:
Նշենք, որ «Ցեմենտ Սերվիս» ՍՊԸ-ն ստեղծվել էր «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնելու համար: Այս ընկերությունը 2013-ի հոկտեմբերին դարձել էր ընկերության կառավարիչ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «ՎՏԲ Հայաստան» բանկը այս տարեսկզբին աճուրդի էր հանել գործարանը: Իսկ ընկերության միակ գնորդ հանդիսանում էր «Հայբիզնեսբանկը»: Փաստորեն այս տարեսկզբից «Հայբիզնեսբանկը» գործարանը գնելու փորձեր է անում:
«Մարդիկ խնդիր չեն ունենա, պարզապես, կոպիտ ասած, սեփականատերերի անվանափոխություն է լինելու: Գործարանը նոր սեփականատեր կունենա, որն էլ պետք է ներդրումներ կատարի: Խոսքը «Հայբիզնեսբանկ»-ի մասին է: Բանկը կգնի, գործարանը կաշխատի, մարդկանց չեն կրճատելու, հակառակը` նոր աշխատատեղեր են ավելացնելու»,- հայտարարեց սնանկության գործով ժամանակավոր կառավարիչը:
«Այն պարտքերը, որոնք առաջացել են գործունեության, վատ տնտեսվարման արդյունքում, դրանք ջրվում են, այդ թվում նաեւ «ՎՏԲ Հայաստան բանկի», «Հայբիզնեսբանկ»-ի նկատմամբ ունեցած պարտքերը: «Հայբիզնեսբանկ»-ը գործարանը ձեռք է բերելու առանց պարտքերի եւ կսկսի նորմալ շահագործել այն: Ավելին` գործարանն այժմ ունի վառարաններ, որոնք վերանորոգման կարիք ունեն: Դրանք են նախատեսում վերանորոգել, եւ գործարանի հզորությունն առաջիկայում կավելանա»,- ոգեւորված պատմեց գործարանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Ժիրայր Արաբյանը:
Հիշեցնենք, որ գործարանը պատկանում էր Միքայել Բաղդասարովին, սակայն կուտակելով մեծածավալ հարկային պարտավորություններ` գործարանի վերցրած վարկերի ապահովման համար գույքը եւ բաժնեմասերը գրավադրվել էին «ՎՏԲ-Հայաստան» բանկում: Իսկ սնանկանալուց հետո գործարանն անցել էր «ՎՏԲ Հայաստան» բանկին:
Նրա խոսքերով` բանկի կողմից գործարանի գնման գործընթացը նախատեսվում է իրականացնել փետրվար ամսին: Այսինքն` այն ժամանակ, երբ գործարանը սնանկանալով` կմաքրվի տարիների ընթացքում կուտակած միլիոնների հասնող պարտքերից: Ու սա ծանոթ ձեռագիր է:
Հայաստանում նման խոշոր ընկերություններ պարտքերից ազատվելու նպատակով գնում են սնանկացման, որից շահում են բանկերը: «Հայբիզնեսբանկը», փաստորեն, դիմելով խորամանկ քայլի` գործարանը ձեռք կբերի առանց պարտքերի: Այս բանկը վերջին տարիներին սկսել է շատ ակտիվ զարգանալ, եւ դա տեղի է ունենում հիմնականում պետական ձեռնարկությունների շրջանառությունը սպասարկելու արդյունքում: Իսկ այս բանկի հմայքը կայանում է նրանում, որ այն պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին: Վերջինս, ըստ հրապարակումների, հենց այն անձն է, որը դեռեւս 2006 թվականին ԱՄՆ-ում իր ներկայացուցչի միջոցով ավելի քան կես միլիոն դոլար է վճարել ամերիկյան «Burson-Marsteller» փիառ ընկերությանը` այն ժամանակ դեռեւս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վարկանիշը արտերկրում բարձրացնելու համար: Այլ կերպ ասած` Վիտալի Գրիգորյանցը այն եզակի մարդկանցից մեկն է, որը անձամբ ներդրում է ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության գալու գործում եւ հիմա հատուցում է ստանում:
Նկատենք, որ այդ հատուցումը ստանում է Սերժ Սարգսյանի վաղեմի մեկ այլ ընկերոջ՝ Միքայել Բաղդասարովի ունեցվածքի հաշվին: Հիշեցնենք, որ Բաղդասարովին էին պատկանում Հրազդանի ցեմենտի գործարանը, «Արմավիան» եւ էլի շատ բիզնեսներ, որոնք բոլորը սնանկ ճանաչվեցին, իսկ Բաղդասարովն անգամ Հայաստանում չի բնակվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
2018թ. հունվարի 1-ից Բագրատաշենի մաքսակետի տարածքում ավտոմեքենաների ապահովագրություն էր կատարում Վանաձորում գրանցված «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, որի հետեւանքով մաքսակետի հարակից տարածքում 2011թ-ից գործող ապահովագրական 6 ընկերությունների մի քանի տասնյակ աշխատողներն առանց հաճախորդի էին մնացել: Նրանք ի նշան բողոքի` հունվարի 8-ին եւ 9-ին փակեցին մաքսակետ տանող ավտոճանապարհը, որի հետեւանքով մաքսակետի մուտքի մոտ ավտոմեքենաների մեծ կուտակումներ էին առաջացել: Նշենք, որ ԱՊՊԱ կատարող գործակալները մաքսակետի տարածքում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի ավտոապահովագրական գործունեությունը դադարեցնելու պահանջով գրավոր դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին, պետական եկամուտների կոմիտե եւ պետական գույքի կառավարման վարչություն: ԱՊՊԱ գործակալների կողմից մաքսակետի ճանապարհը երկու անգամ փակելն արդյունք տվեց: Բագրատաշենի մաքսակետի տարածքում գտնվող «Թոփ-ՍՓին» ՍՊԸ-ի գրասենյակը, ուր ԱՊՊԱ էր կատարվում, հունվարի 9-ի երեկոյան դադարել է գործել: Հունվարի 10-ին ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանել Բագրատաշենի մաքսակետ, հանդիպել ավտոապահովագրություն կատարող ընկերությունների գործակալների հետ եւ նրանց համագործակցության առաջարկ արել: ԱՊՊԱ կատարող գործակալներն այդ առաջարկի պայմանները քննարկել են միմյանց եւ այն ապահովագրական ընկերությունների ղեկավարների հետ, որոնց գործակալներն են: Ավտոապահովագրողներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ իրենք համաձայնել են համագործակցել ՊԵԿ-ի հետ: Առայժմ դեռ որոշված չէ` վերադարձ կատարվելո՞ւ է նախնական վիճակին, երբ ԱՊՊԱ-ն կատարվում էր միայն Բագրատաշենի մաքսակետից դուրս գտնվող տարածքում, թե՞ մաքսակետի տարածքում ԱՊՊԱ կատարելու համար բոլոր ընկերություններին տարածք է տրամադրվելու: ԱՊՊԱ կատարող գործակալները սպասողական վիճակում են: Նրանք չիմացան, թե բարձրաստիճան ո՞ր պաշտոնյան էր կանգնած ավտոապահովագրություն կատարելու համար մաքսակետի տարածքում պետական գույքի կառավարման վարչությունից չնչին` ամսական 25 հազար դրամով, 10 տարի ժամկետով, 11.6 քառակուսի մետր մակերեսով տարածք վարձակալած «Թոփ-ՍՓին» ՍՊԸ-ի թիկունքում:

 

 

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ` ԿԱՆԽԻԿՈՎ
Տավուշի մարզում առողջապահական հիմնարկներ կան, որտեղ աշխատողներին աշխատավարձ վճարում են ոչ թե բանկային քարտերով, այլ կանխիկով, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Նման կերպ են վճարում նաեւ մարզի հանրակրթական դպրոցներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս մասին տարեմուտից առաջ` դեկտեմբերի 27-ին կայացած մարզխորհրդի նիստում հայտարարեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Նաիրի Մելքումյանը` ներկայացնելով մարզի առողջապահական հիմնարկներում կատարված աուդիտի արդյունքները: Առողջապահական հիմնարկների եւ դպրոցների տնօրենները պատճառաբանում են, որ բանկերը գտնվում են մարզի քաղաքներում, հեռու են, աշխատակիցներին հարմար չէ աշխատավարձ ստանալը: Ն. Մելքումյանն ասաց, որ 2018թ. այդ երեւույթը պետք է բացառվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս