2018-Ի ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ` ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐՈՎ ԼԻ 2017-Ի ՖՈՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականին մշակույթի ոլորտում բարեփոխումներ իրականացնելու կոնտեքստում հնչեցին բազմաթիվ խոստումներ, որոնցից շատերը` միայն օդում: Գրանցվեցին ձեռքբերումներ, սակայն ընդհանուր առմամբ մշակութային տարին ամփոփելիս պատկերն այնքան էլ հուսադրող չէր: «Ժողովուրդ»-ը ներկայացնում է մի քանի նկատառումներ, որոնք նախարար Արմեն Ամիրյանը պետք է հաշվի առնի 2018-ին իրականացնելիք գործունեության շրջանակում:

Պետք է պատասխանատվության ենթարկել
2017 թվականը պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասով ձախողման տարի էր: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ 7 հուշարձանի վերականգնման մասով եղել են բացթողումներ. «Հայտարարված մրցույթի մասնակից կազմակերպություններից մեկի բողոքի պատճառով շինարարության մեկնարկի ժամկետը հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր ամիս: Բնականաբար մեկ-երկու ամսում մենք չէինք կարող իրականացնել այնպիսի հսկայական ծավալ, ինչպիսին նախապես պլանավորված էր: Կային նաեւ թերացումներ շինարարների կողմից»,-ասաց նա: Ամենաուշագրավն այն է, որ նման անհուսալի պատկերի ֆոնին Ամիրյանը փորձեց «լուսավոր» կետ տեսնել. «Թափանցիկ ու բաց վերահսկողությունն ամենակարեւոր ձեռքբերումն էր, որ կարողացանք իրականացնել անցնող տարվա ընթացքում, արձանագրել այն բոլոր ցավոտ, հիվանդոտ կետերը, որ մենք ունենք, որպեսզի հաջորդիվ դրանք չկրկնվեն»: Փաստորեն, այս ոլորտի միակ ձեռքբերումն այն էր, որ նախարարին հաջողվեց հայտնաբերել, ինչպես ինքն է ասում, հիվանդոտ կետերը: Նկատենք, որ Ամիրյանը տվեց ախտորոշումը, իսկ հիվանդոտ կետերի առաջացման պատճառների մասին հնչեցին լղոզված ձեւակերպումներ: Այնինչ` «հիվանդության» պատճառները գտնելն ու վերացնելը պետք է լիներ թիվ մեկ քայլը: Այն, որ ոլորտի պատասխանատուները պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտավորությունները, ակնհայտ է: Բայց այդ մասին ոչ մի խոսք. ըստ նրա` մեղավորը շինարարներն են: Այնինչ` 2018 թվականին այս ոլորտում նման ձախողումներից խուսափելու համար Ամիրյանը պետք է խորքային լուծում տա խնդիրներին եւ ոլորտի ներկայացուցիչներին անգործության մատնվելու համար ենթարկի պատասխանատվության:
Կիսատը ավարտել, հաշվետվություն պահանջել, ազգայինը խրախուսել
Նախորդ տարեսկզբին մշակույթի նախարարությունը հայտարարեց կինոոլորտում բարեփոխումներ իրականացնելու մասին: Կինոկենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվեց Շուշանիկ Միրզախանյանը` ազատվելով «Հայկ» կինոստուդիայի տնօրենի պաշտոնից: Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատար նշանակվեց ԱՄՆ-ից ժամանած պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանը: Ամիրյանը վստահեցրեց, որ ֆիլմ-հանձնակատարի ինստիտուտը կարող է դրական լուրջ տեղաշարժեր իրականացնել ոլորտում: Այնինչ` այդ ինստիտուտն, ըստ էության, մինչ օրս ձեւավորված չէ: Արսեն Բաղդասարյանի ծրագրերի մասին արդեն մեկ տարի է` ոչ մի հստակ տեղեկատվություն չի տրվում: Բաց ու թափանցիկ աշխատելու մասին խոստումները մնացին օդում: Պետական աջակցությամբ նկարահանվող ֆիլմերը տարիներ շարունակ մնում են անավարտ: Կինոկենտրոնի ղեկավարությանը չի հաջողվում ֆինանսներ հայթայթել` նախագծերն ավարտին հասցնելու համար: Օրինակ` Հ. Գալստյանի «Մետամորֆոզներ» ֆիլմին պետությունը մոտ 90 միլիոն դրամ է հատկացրել, եւ ընդամենը 9 րոպե տեւողությամբ տեսաշար է ներկայացվել: Ուստի 2018-ին նախարարության առաջին հանձնարարականը պետք է լինի պետական գումարները ծախսելու հարցում պատասխանատվության մեխանիզմի մշակումը:
2017թ.-ին սկսվեց «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքներ տարվել: Օրենքի դրույթները, սակայն, մի շարք կինոգործիչների կողմից արժանացան բուռն քննադատության: Նրանց խոսքով` դա պարզապես լավ բիզնես ծրագիր է արտասահմանյան կինոարտադրողների համար: Այս տարի մշակույթի նախարարության գործունեության առանցքային կետերից մեկը պետք է լինի այնպիսի օրենքի մշակումը, որը կնպաստի ազգային կինոյի զարգացմանը:
Տարբերակել առեւտրայինը
ոչ առեւտրայինից
2017-ին պետությունը բարձրացրել է թատրոնների տարեկան շահույթի չափը, փոխարենը պակասել է թատրոնների սուբսիդավորումը: Այնինչ` ոլորտի գործիչները պնդում են, որ ավել շահույթ ակնկալողը պետք է ավել ներդրում անի. այլ ճանապարհ չկա: Այն, որ թատրոնները իրենց միջոցներով կարողանում են արտաբյուջետային միջոցներ կուտակել, դա, բնականաբար, գովելի է, սակայն նախարարությունը պետք է հաշվի առնի, որ դրանք առեւտրային կազմակերպություններ չեն, մշակութային օջախներ են, որոնք եթե առաջնորդվեն բիզնես-մտածողությամբ, արվեստի մասին խոսելը կդառնա ավելորդ: Ուստի 2018-ին մշակույթի նախարարությունը պետք է վերանայի մշակույթի կապիտալիզացմանը միտված իր տեսլականը եւ փորձի արժեւորել մշակութային արտադրանքը:
Ֆորմալ լուծումների փոխարեն
ֆունդամենտալ աշխատանք
Գրականության ոլորտում բարեփոխումների, մասնավորապես գրականությունը եւ ժամանցը համատեղելու հարցում նախարար Արմեն Ամիրյանն առանձնացրեց «Գրաբուս» ծրագիրը եւ Ստանիսլավսկու թատրոնի առջեւում մեծ գրախանութ բացելու պլանը: Այնինչ` ոլորտի մի շարք կարեւորագույն խնդիրներ մնում են չլուծված: Հայաստանում գրքի համար ավելացված արժեքի հարկը չի նվազում, գրքի շուկա այդպես էլ չի ստեղծվում, մեր երկիր ներմուծվող տպագրության համար հումքը` թուղթ, ներկ, տպաձեւեր, եւ այլն, սահմանին թանկանում է 20-32%-ով, իսկ պատրաստի գիրքը, օրինակ` Թուրքիայից ներմուծելու դեպքում, ազատված է բոլոր տիպի հարկերից եւ տուրքերից: Այնպես որ, տեղին կլինի, եթե 2018-ին մշակույթի նախարարը կառավարությանը կոնկրետ ծրագրեր ներկայացնի նշյալ ֆունդամենտալ խնդիրները լուծելու ուղղությամբ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ՍՈՒՊԵՐ ՄԱՄԱ 2»-Ի ԱՊՕՐԻՆԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Օրեր առաջ հայկական «Սուպեր մամա 2» կատակերգական ֆիլմն ապօրինաբար հայտնվել էր համացանցում: Տեսահենները մինչ օրս չեն հայտնաբերվել: Ոստիկանությունը ֆիլմի հեղինակներից դիմում չի ստացել: Փոխարենը ֆիլմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հանդես եկավ մի հայտարարությամբ, ըստ որի` հունվարի 3-ից պայքարում են համացանց ներբեռնված ֆիլմի ապօրինի տարածումը կանխելու համար:

Թե ինչու Հայկ Մարությանը չի դիմել ոստիկանություն, պարզ չէ: Կարելի է մի քանի ենթադրություն անել` կամ այն պատճառով, որ տեսահենին հայտնաբերելը ժամանակատար, ծախսատար գործընթաց է, Հայաստանում հաճախ նաեւ անարդյունավետ, կամ էլ, որոշ մարդկանց կարծիքով, Հայկ Մարությանն ինքն է տարածել ֆիլմը` դրա շուրջ աղմուկ բարձրացնելու, այն փիարելու նպատակով: Երկրորդ պնդման կողմնակիցները առաջ են քաշում այն փաստը, որ ֆիլմը համացանցում հայտնվել էր բավական բարձր որակով, այսինքն` այն թաքուն նկարահանման արդյունք չէր. օգտագործվել էր բուն ֆայլը:
Հայկ Մարությանը, ցավոք, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, փոխարենը «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` թեմայի շուրջ ինչ կարծիք ունեն մասնագետները:
Այսպիսով` տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պնդեց. «Պարզ է, որ ներսից մեկն է ֆիլմը դուրս հանել: Չեմ կարծում` դահլիճից տեսանկարահանման արդյունքում նման բարձր որակ ստանային»: Փորձագետի խոսքով` տեսահենին հնարավոր է գտնել այն դեպքում, երբ Youtube-ը համագործակցի ոստիկանության հետ. «Հեղինակները պետք է դիմեն ոստիկանությանը, վերջինս էլ` Youtube-ին»:
Սամվել Մարտիրոսյանը, սակայն, Հայաստանում նման նախադեպ չի հիշում: Հարցին, թե հնարավոր է արդյոք մշակել որեւէ մեխանիզմ, ըստ որի` հնարավոր կլինի խուսափել հեղինակային իրավունքի խախտման նմանօրինակ դեպքերից, փորձագետը պատասխանեց. «Ոչ, ավելին ասեմ` պետք է փորձել մոդելներ փոխել, ավելի բաց ֆորմատով աշխատել: Բայց դա արդեն ուրիշ թեմա է»:
Նշենք, որ հայաստանյան օրենսդրության համաձայն` խախտված հեղինակային իրավունքները վերականգնելու համար տուժողը կարող է դիմել ոստիկանություն կամ քաղաքացիական հայցով անմիջապես դատարան: Օրինախախտին սպառնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ իրավաբան Սուրեն Պարսյանի հետ: Նրա խոսքով` ֆիլմի հեղինակը կարող է Youtube-ին հարցում անել, եւ եթե վերջինս տրամադրի տեսահենի մասին համապատասխան տվյալներ, կարող է գտնել եւ քաղաքացիական հայց ներկայացնել նրա դեմ. «Սա առաջին հերթին քաղիրավական տիրույթի հարց է, քանի որ հեղինակներին հասցվել է տնտեսական վնաս: Կարող է դրան զուգահեռ նաեւ քրեական վարույթ սկսել` կախված վնասի չափից: Պարզապես ամբողջ խնդիրն այն է, որ տեսահենին բացահայտելը բավական բարդ է: Նախ` միշտ չէ, որ Youtube-ը տալիս է տվյալ օգտատիրոջ ամբողջական տվյալները, երկրորդ` օգտատերը կարող է այնպիսի տվյալներ ներկայացրած լինել, որոնք կտանեն, օրինակ, Աֆրիկա: Դե, գնա ու այդ մարդուն գտիր, որ դատի տաս»,-բացատրեց իրավաբանը:
Նրա խոսքով` ամեն դեպքում, ֆիլմի հեղինակները պետք է փորձեն տեր կանգնել իրենց իրավուքներին եւ գտնել տեսահեններին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

0-4 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն անդրադարձել է վերջին օրերին երկրում առկա սուր շնչառական հիվանդությունների վիճակագրությանը: Նա խոսել է այն հիվանդանոցից, որտեղ աշխատում է ինքը, եւ ըստ նրա` այս պահին սուր շնչառական խնդիրներով հիվանդ չկա` ո՛չ երեխա, ո՛չ մեծահասակ: Մյուս հիվանդանոցներում հիվանդներ կան, բայց ծանր կամ բարդացած վիճակների մասին խոսք չկա: Այս տարի, նախորդ տարիների համեմատ, բավականին նվազած ցուցանիշներ են գրանցվել: Վերջին շաբաթվա ընթացքում բարձրաձայնվել է հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող թվով 650 հիվանդների մասին, որոնց մոտ 96 տոկոսը 0-4 տարեկան երեխաներ են:

 

 

45 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻՑ՝ 25 ՀԱԶԱՐ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համացանցի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ վիրավոր զինծառայողներից մեկի` Ալբերտ Դալլաքյանի բարդ վիրահատության կազմակերպման համար անհրաժեշտ 45 հազար դոլարից հավաքվել է 25 հազար դոլարը՝ չհաշված զինվորի մոր բացած հաշվեհամարում եղած գումարը: «Սիրելի՛ ընկերներ, հենց նոր իմ երկու ընկերներ հայտնեցին Ալբերտի բուժման համար եւս 11.000 նվիրաբերելու մասին։ Մեր սիրելի խմբավար Կարեն Դուրգարյանը՝ 1000 եւ Փարիզից Ռայմոնդ Եզեկուլյանը՝ 10.000 ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, չհաշված Ալբերտի մայրիկի կողմից բացված հաշվում հավաքագրված գումարի, որի չափն ինքը կհայտնի, ունենք 45000-ից 25.000։ Վատ չէ 24 ժամվա համար։ Պահենք տեմպը եւ հաջորդ շաբաթ բուժման ուղարկենք Ալբերտին»: Հիշեցնենք` նախօրեին նախարարը կոչ էր արել օգնել եւ հավաքել վիրահատության համար անհրաժեշտ գումարը: Գրառումը թեժ քննարկումների առիթ էր դարձել, մասնավորապես, երբ Վիգեն Սարգսյանը նախարարին ոչ վայել կերպով սկսել էր պատասխանել մեկնաբանություններին:




Լրահոս