Նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը մարտի 1-ին բոլորին Ազատության հրապարակ գալու կոչ է անում: Ինչ եւ ում սպասել մարտի 1-ին Մուշեղ Սաղաթելյանի կողքին: Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստանալ հենց նախկին քաղբանտարկյալից:
-Պարո՛ն Սաղաթելյան, Դուք մարտի 1-ին բոլորին Ազատության հրապարակ գալու կոչ եք արել, ի՞նչ եք նախատեսել:
-Առայժմ բավարարվեք իմ տված հայտարարությամբ: Կա ծրագիր, մնացած դետալները կարեւոր չեն: Ես չեմ ասում ո՛չ զենք, ո՛չ դագանակ, ո՛չ կռիվ, ո՛չ էլ մարդ սպանել: Եկեք, գարնան առաջին օրն Ազատության հրապարակում կանգնեք, առանձին մարդիկ կլինեն, որ կզրուցեն, հասկանան՝ իշխանություններին ինչ առաջարկել, ինչ ասել:
-Դուք, այսպես ասած, թասիբի գցող հայտարարությամբ հանդես եկաք՝ եթե համարում եք Ձեզ լավ, դուխով, առնական տղամարդ, եկե՛ք Ազատության հրապարակ: Ի՞նչ է նշանակում Ձեր կոչը:
-Ով իրեն հայ է համարում, ՀՀ քաղաքացի, ով սիրում է իր երկիրը, ես այդ մարդկանց կոչ եմ արել, որ ես այսկերպ եմ մտածում, որ կարելի է փրկել կամ լավացնել վիճակը: Ես ռեալ ասում եմ՝ հայ մարդիկ, ովքեր գիտակից մարդիկ են, զգում են, որ այս երկիրը երկիր չէ, վատ են ապրում, ես կոչ եմ անում հավաքվել Ազատության հրապարակում, բայց ոչ թե կռիվ գնալու համար, այլ ամեն մեկդ Ձեր ցանկությունը հայտնեք՝ անկախ կուսակցական, քաղաքական եւ հասարակական շահերի:
-Այսինքն՝ Դուք ավելի շատ կոչ եք անում ժողովրդին, այլ ոչ թե քաղաքական ուժերի՞ն:
-Ես կոչ եմ անում ամբողջ հայ ժողովրդին: Հայաստանում պետականությունը խալխլվում է, հայերը փախնում են, հազար տեսակի խնդիրներ կան, ուզո՞ւմ եք դա շտկվի, ես առաջարկում եմ բանաձեւ՝ եկեք Օպերայի բակ, շատ ժամանակ կա` լսելու, գիտակցելու համար, բռունցքդ բարձրացրու վերեւ, ասա՝ ես այսպես եմ մտածում, տեղում մտքերը կծնվեն:
-«Ելք» դաշինքն էլ թանկացումների դեմ պայքարելու համար է ժողովրդին կոչ անում միանալ իրենց: Դուք, որպես «առնական տղամարդ», կմասնակցե՞ք երթին:
-Ես չեմ խափնվում նման բաների: Ի՞նչ է տալու: Ենթադրենք` լիքը լցվեցին, եկան ու արտահայտվեցին, որ ժողովուրդ, թանկացել է: Է, դուք Ազգային ժողովում չեք կարողանում կազմակերպել, միասին ինչ-որ հարց լուծեք, եթե եկաք, այդտեղ վիճեցիք, սրեցիք, տաշի-տուշի, ուռա, ծափահարություններ, գնացիք տուն… դրա իմաստը, արժեքը ո՞րն է: Էդքան չարչարվենք, ի՞նչ, ցույց տանք՝ Սե՛րժ, նայի՛ ինչքան մարդ կա կանգնած դիմացս, տեսեք` ինչ եմ անելու Ձեզ: Իրենք իրենց անելիքն Ազգային ժողովում չեն անում, հելել են փողոցը, որ մի հատ էլ պրավերկա անեն: Եթե գիտենամ, որ դրանից մի տոկոս փոփոխություն կլինի ի օգուտ ժողովրդի ու պետականության, կգամ: Բայց գիտեմ, որ դա ընդամենը քաղաքական խաղ է, էն էլ վատ խաղ: Այս թանկացումը չի կարող միավորող լինել, քանի որ չկա ո՛չ անձ, ո՛չ վստահելի քաղաքական-հասարակական միավոր:
-Ամեն տարի մարտի 1-ին ՀԱԿ-ն է ակցիա իրականացնում, հիմա Դուք իրե՞նց հետ եք, թե՞ առանձին: Ի՞նչ արձագանքներ կան:
-Եթե նման բան լիներ, ես իմ խոսքում կնշեի, որ այսինչ մարդկանց հետ եմ, կան մարդիկ, ում հետ անում եմ: Ես ընդամենը որպես հայ, մտահոգ մարդ, ուզում եմ օգտակար լինեմ մարդկանց, այդպիսի առաջարկ եմ անում: Տարբեր անհատներից բազմաթիվ զանգեր եղել են, որ մեկը ասում է՝ ով կգա որ, մեկն ասում է՝ ես եկա, ինչ պետք է ասեմ: Ես էլ պատասխանում եմ՝ դու Սերժից վատն ես, եթե ասում ես՝ ոչ ոք չի գա:
-Ումի՞ց եք զանգեր ստացել՝ քաղաքական անհատների՞ց:
-Ինձ համար աբսալյուտնի խնդիր չէ, որ քաղաքական ուժերը չմիանան: Ինձ հետ թող գա աշխարհի ամենավատ մարդն էլ, բռունցք բարձրացնի՝ ասի, ապրեք Դուք, ճիշտ եք անում: Ե՛վ քաղաքական անհատներից եմ զանգեր ստացել, ե՛ւ հարգված երիտասարդներից: Անուններ չեմ նշի, մի քանի օրից ավելի մանրամասներ կհայտնեմ:
ԳՆԱՃԸ ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ ՉԻ ԲԵՐԵԼ
Գնաճի մասին այժմ խոսում են բոլորը, եւ սա այն դեպքում, երբ տարեսկզբի գնաճը միանգամայն սպասելի էր: Բանն այն է, որ ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ 113.5 մլրդ դրամով ավել են նախատեսված հարկային եկամուտները, եւ նախատեսված է ավելացնել հարկերը: Ու այդ ամենը՝ նոր ընդունված Հարկային օրենսգրքով: Բայց, չգիտես ինչու, օրենքի գործողությունից հետո Սերժ Սարգսյանը, անակնկալի եկած, թանկացումները զսպելու հանձնարարական տվեց:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, հունվարի 1-ից արձանագրված թանկացումները, ելնելով 2018 թվականի պետական բյուջեի նախագծի հարկային եկամուտներից, սպասելի էին: Ստացվում է՝ թանկացնո՞ւմ եք, հետո պայքարո՞ւմ դրա դեմ:
-Երբ այս կամ այն հարկի դրույքաչափը բարձրանում է, անկասկած դա իր արձագանքը բյուջետային եկամուտների վրա կունենա: Եվ սա որեւիցե մեկի համար գաղտնիք չէ: Հարցն այլ է. արդյո՞ք այդ հարկատեսակների դրույքաչափերի բարձրացման արդյունքում, մատուցվող ծառայությունների կամ ապրանքների գների բարձրացումն ինչպիսի էֆեկտ կարող են ունենալ ընդհանրապես այդ ամբողջ գների բարձրացման կամ սպառողական գների ամբողջ շղթայում: Կամ արդյո՞ք կառավարությունը դրա հետեւանքները մեղմելու որոշ քայլեր ենթադրում է կամ նախատեսել է, թե՞ ոչ: Այս տեսանկյունից լսումները, որ պատրաստվում ենք անել, ենթադրում եմ, որ կառավարությունը հանդես կգա հավելյալ մեկնաբանություններով:
-Դուք խոսեցիք խորհրդարանական լսումների մասին, նաեւ Սերժ Սարգսյանն է գնաճին անդրադարձել եւ հանձնարարական հնչեցրել: Բայց չէ՞ որ թանկացումները սպասելի էին դեռ վաղուց: Ինչո՞ւ մինչ այդ քայլեր չեք ձեռնարկել՝ որպես իշխանություն:
-Ակցիզային հարկի դրույքաչափերն ավելացվել են 2016թ. դեկտեմբերին, այսինքն՝ կառավարությունն այդ ժամանակ արդեն ուներ իր ազդեցության գնահատականը: Բնական է, որ այն քայլերը, որոնք կարող էին մեղմել դրանց ազդեցությունը, ներառվեց 2018 թվականի պետական բյուջեի ծախսային մասում: Ոչ թե հանկարծակիի եկանք, այլ նախագահի ուղերձը նաեւ այլ էր. մենք ունենք ապրանքների երկու խումբ, որոնց գների բարձրացումը պայմանավորված չէ մեր ներքին գործոններով: Նախագահն առաջարկում էր առանձին ուսումնասիրել ապրանքների գների բարձրացման հիմնական պատճառները եւ պարզել, թե որքանով են դրանք պայմանավորված սեփական քաղաքականությամբ եւ որքանով այն գործոններով, որոնք մեզ հետ կապ չունեն: Նրա հանձնարարականը հենց դրանով էր պայմանավորված. մոնիթորինգի ենթարկել եւ փորձել ներկայացնել նման լուծումներ:
-Սակայն թանկացումներն ունեն իրենց հետեւանքը: Երթուղայինների վարորդները բողոքի ակցիա իրականացրին, առջեւում «Ելքի» նախաձեռնությունն է: Սոցիալական ընդվզման պատճառներ տեսնո՞ւմ եք:
-Ճիշտն ասած բունտի՝ ոչ: Որ կարող են լինել դժգոհություն, ես դա չեմ բացառում, նույնիսկ ինչ-որ տեղ կարող եմ դա բնական համարել: Ես կարծում եմ, որ շատ մարդ փողոց դուրս չի գա:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԸՆԴՈՒՆԵԼԻ ՆԱԽԱԳԱՀ
Իշխող ՀՀԿ-ն դեռեւս չի բացահայտում իր նախագահի թեկնածուին, որը Սերժ Սարգսյանի խոսքով` «պետք է լինի անկուսակցական, հեղինակություն ունեցող եւ ճանապարհ անցած մարդ»: Երեկ էլ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չէր բացառել, որ հնարավոր է` սատարեն ՀՀԿ-ի թեկնածուին, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ չէր բացառել այդպիսի քննարկում ունենալը: Ի վերջո, ինչ ակնկալիքներ ունի այս առումով ՀՀԿ-ն: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդի» հետ զրույցում այս առնչությամբ նշեց, թե երբեւէ չեն բացառում ընդդիմադիր ուժերի աջակցությունը: «Գագիկ Ծառուկյանի ասածը խոսում է քաղաքական ուժերի համախմբվածության մասին՝ նպատակներն իրականացնելու համար: Մեզ համար ամեն ինչ սպասելի է: Սպասում ենք նաեւ «Ելքի» աջակցությանը», – ասաց նա: Նշենք, որ ՀՀԿ-ն առաջիկա օրերին սկսելու է նախագահի թեկնածուի շուրջ քննարկումների շարքը:
ՊՈՐՏՖԵԼԱՍԵՐՆԵՐԸ
ՀՀ ֆինանսների նախարարությունը, կարծես թե, պորտֆելների սիրահար է եւ ոչինչ չի խնայում դրանց ձեռքբերման համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունն անցած տարվերջին` դեկտեմբերի 12-ին, պայմանագիր է կնքել «Ալֆա Թրեյդ» ընկերության հետ եւ գնել 40 հատ պայուսակ-պորտֆել: Նշենք, որ յուրաքանչյուր պորտֆելի արժեքը կազմում է 17 հազար 500 դրամ եւ ընդհանուր 40 հատ պորտֆելի համար պետական բյուջեից ծախսվել է 700 հազար դրամ: Ի դեպ, ֆինանսների նախարարությունը պորտֆելների տեխնիկական բնութագրում նշել է, որ պորտֆելները պետք է լինեն սեւ գույն, արհեստական կաշվից, իսկ պորտֆելի դիմամասի վրա պետք է դաջված լինի իրենց գերատեսչության շենքի պատկերը: Թե ինչի կամ ում համար են գնվել պայուսակները, անհայտ է: Հայտնի է միայն, որ եւս 20 հատ պորտֆել ֆինանսների նախարարությունը անցած տարվա հոկտեմբերին է գնել` կրկին պայմանագիր կնքելով վերոնշյալ ընկերության հետ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 20 հատ պորտֆելի համար էլ այս նախարարությունը վճարել է 270 հազար դրամ. յուրաքանչյուր պորտֆելը արժեցել է 13.500 դրամ:
ՀՅՈՒՐԱՆՈՑՆ ԸՆԴԴԵՄ ՊԵԿ-Ի
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի եւ ՊԵԿ-ի միջեւ կռիվ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն 2018 թվականի հունվարի 15-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը ստիպի պետական եկամուտների կոմիտեին անվավեր ճանաչել 2017 թվականի սեպտեմբերի 19-ի որշումը: Պարզ է՝ պետական եկամուտների կոմիտեն ԴԱՀԿ նախկին պետին պատկանող հյուրանոցային համալիրում ստուգումներ է իրականացրել եւ խախտումներ հայտնաբերել, որից հետո վարչական պատասխանատվության է ենթարկել, եւ հիմա ընկերությունը դատարանում բողոքարկում է կայացրած ակտը: