Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս ՀՀ իշխանությունները պնդում էին, թե խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում Հայաստանը զերծ կմնա քաղաքական ճգնաժամերից. այդ նպատակով նոր Սահմանադրության մեջ էապես նվազեցրին նախագահի լիազորությունները` պետական կառավարման գործառույթների զգալի մասը վերապահելով կառավարությանն ու ԱԺ-ին: Մինչդեռ իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում. եթե նոր նախագահը որոշի լիարժեք օգտվել իր` թեկուզ եւ քիչ լիազորություններից, Հայաստանում քաղաքական առճակատումները կլինեն անխուսափելի:
Եւ այսպես` նոր Սահմանադրությամբ` երկրի նախագահը համարվում է պետության գլուխը, նա հետեւելու է ՀՀ Սահմանադրության պահպանմանը, եւ նախագահի հիմնական լիազորությունների մեջ է մտնելու ԱԺ ընդունած օրենքները ստորագրելը, կառավարության առաջարկությամբ միջազգային պայմանագրեր կնքելը, դեսպաններ նշանակելը, դիվանագիտական աստիճաններ շնորհելը: Նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակելու եւ ազատելու է ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմին, նաեւ վարչապետի առաջարկությամբ զինվորական կոչումներ է շնորհելու: Նախագահն է ընդունելու կառավարության հրաժարականը, նաեւ վարչապետի առաջարկով փոփոխություններ կատարելու կառավարության կազմում:
Միաժամանակ Սահմանադրության 139-րդ հոդվածը նախագահին իրավունք է տալիս ներկայացված որոշումներին համաձայն չլինելու դեպքում առարկել. Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում նախագահը «կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»:
Հենց այստեղ էլ կարող են քաղաքական ճգնաժամեր առաջանալ, եթե, իհարկե, նոր նախագահը որոշի ինքնուրույնություն ցուցաբերել եւ հարկ եղած դեպքերում իրավական գործընթաց սկսել` հակառակվելով խորհրդանական մեծամասնության որոշումներին, չվավերացնելով իրեն պարտադրված ակտերը: Հայաստանում, իհարկե, նման հեռանկարը քիչ հավանական է` հաշվի առնելով քաղաքական դաշտի նրբությունները. իշխող ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կփորձի առաջադրել վերահսկելի մեկին, որը լիարժեք կախված կլինի Սերժ Սարգսյանից եւ երբեւէ չի փորձի նման քայլեր անել: Ի վերջո, իշխանությունները գիտեն նաեւ նման «հուզումները» զսպելու ձեւերը` հրապարակ նետելով կոմպրոմատները: Բայց եւ բացառված չէ, որ նոր նախագահն ինչ-որ պահի որոշի ինքնուրույնություն ցուցաբերել` առճակատվելով խորհրդարանական մեծամասնության հետ: Առավել եւս, երբ նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը քիչ են. Սահմանադրության 141 հոդվածի համաձայն` «Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար»:
Ի դեպ, նկատենք, որ կառավարման մոտավորապես նման համակարգ է նաեւ Մոլդովայում, եւ Ամանորից հետո այնտեղ երկրի նախագահի եւ խորհրդարանի միջեւ լուրջ առճակատում է սկսվել: Նախագահ Իգոր Դոդոնը, որն, ի դեպ, նախորդ տարվա նոյեմբերին այցելել էր Հայաստան, երկու անգամ հրաժարվել է ստորագրել խորհրդարանի ընդունած «Ռուսական պրոպագանդայի դեմ պայքարի մասին» օրենքը: Բացի այդ` Դոդոնը երկու անգամ մերժել էր հաստատել կառավարության կազմում վարչապետի առաջարկած նախարարներին:
Արդյունքում, բանը հասել է նրան, որ Մոլդովայի սահմանադրական դատարանը կոալիցիոն պատգամավորների դիմումի հիման վրա ժամանակավորապես կասեցրել է երկրի նախագահի լիազորությունները: Ճիշտ է, ի տարբերություն Հայաստանի` Մոլդովայի նախագահն ընտրվում է ոչ թե խորհրդարանի, այլ ժողովրդի կողմից: Հետեւաբար այնտեղ կարող է նախագահի պաշտոնում հայտնվել խորհրդարանական մեծամասնության հետ կապ չունեցող անձ: Բայց Հայաստանում էլ չի բացառվում, որ նախագահը ցանկացած պահի որոշի ինքնուրույնություն ցուցաբերել` սանձազերծելով քաղաքական սկանդալներ:
Հ.Գ. Ի դեպ, Սերժ Սարգսյանը մի խումբ մտավորականների հետ զրույցում երեկ նշել է, թե իր պատկերացումներով ինչպիսին պետք է լինի ապագա նախագահը: Ըստ նրա` խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ, որ ամենակարեւորն է, անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել: Ի դեպ, քաղաքականությամբ երբեք զբաղված չլինելու հանգամանքը շեշտադրելը պատահական չէ. Սերժ Սարգսյանին պետք է քաղաքականապես անփորձ մեկը, որին հեշտ կլինի կառավարելը, ուղղորդելը, եւ որը չի համարձակվի ինքնուրույն դրսեւորումների: Այլապես անգամ սահմանադրական սահմանափակ լիազորություններով ինքնուրույն նախագահը կարող է գլխացավանք դառնալ իշխանության համար:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՉԵՆ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այս պահին լրատվամիջոցների համար որեւէ ասելիքով չի ցանկանում հանդես գալ: Նախկին նախարարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աբսուրդ որակեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե օրեր առաջ իր մասնակցությամբ «գեներալական սխոդկա» է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է այդ շրջանակների համակրանքը վայելող թեկնածուին պաշտպանության նախարարի պաշտոնում տեղափոխելու հարցը: «Ո՛չ գեներալները, ո՛չ էլ մյուսները չեն որոշում՝ ով ինչ պաշտոնի է նշանակվելու: Ընթացակարգեր կան», – նշեց նա՝ հրաժարվելով այլեւս պատասխանել մեր հարցերին:
ՈՒՐ ԵՆ ԹՎԵՐԸ
Երեւանի քաղաքապետարանը երեկ հրապարակել է 2017 թվականի իր «բաց եւ թափանցիկ» աշխատանքի հաշվետվությունը: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ հաշվետվության մեջ ներկայացված են 2017 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Բայց թե այդ ծրագրերը կյանքի կոչելու համար որքան գումար է ծախսվել քաղաքային բյուջեից, հաշվետվության մեջ բացակայում է: Օրինակ` «թափանցիկ ու բաց» հաշվետվության մեջ նշված չէ, թե կոնկրետ որքան գումար է ծախսվել, ասենք, ձմերուկի կամ գարեջրի փառատոնի անցկացման կամ բակային տարածքները բարեկարգելու, ճանապարհները ասֆալտապատելու համար: Գրած չէ, որովհետեւ պարզ է, թե որքան գումարն են ծախսել ծրագրի իրականացման համար եւ որքանն են ատկատ արել: Եւ ինչ կարիք կա մանրամասնել այդ մասին:
ԴԵՌ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ
Սերժ Սարգսյանի` հունվարի 10-ի հայտնի խորհրդակցությունից հետո ուղիղ մեկ շաբաթ է լրացել, բայց դեռեւս տեսանելի արդյունք չկա: Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը պահանջել էր գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի` ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետեւանքների մեղմմանը եւ հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին: Այս խորհրդակցության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը ՏՄՊՊՀ-ից հետաքրքրվեց, թե որ փուլում է հանձնարարականի կատարումը: Սակայն մեր հարցին ի պատասխան` ՏՄՊՊՀ-ից հայտնեցին, որ ի թիվս այլ ոլորտների` ընթացքի մեջ է ալյուրի եւ հացահատիկի շուկաների ուսումնասիրությունը: Այն ներառում է ամբողջ շղթան` ներմուծումից եւ արտադրությունից մինչեւ իրացում: «Խիստ վերահսկողություն է իրականացվում գերիշխող ապրանքային շուկաներում հնարավոր չարաշահումները բացառելու նպատակով: Եթե բացահայտվեն նման դեպքեր, ապա կկիրառվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները, որպեսզի թե՛ սպառողները եւ թե՛ բարեխիղճ տնտեսվարողները զերծ մնան անհարկի չարաշահումներից»,- հայտնեցին ՏՄՊՊՀ-ից: Դե, իհարկե, չի բացահայտվի, ամեն ինչ օրինական է եւ հիմնավորված: Պարզապես ՏՄՊՊՀ-ն ժամավաճառությամբ է զբաղված, ինչպես միշտ:
ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՆՍՏԱՑՈՒՅՑԸ
«Ելք»-ը կազմակերպում է հանրային միջոցառում` երթ ընդդեմ թանկացումների: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել է. «Կապ չունի, թե ով ինչ հայացքների տեր է, ով ում է ընտրել ընտրությունների ժամանակ: Բոլորին կոչ ենք անում միասին դուրս գալ պայքարելու: Առանձին պայքարները` վարորդների առանձին պայքարը, ուղեւորների առանձին պայքարը, արդյունք չի տա: Պետք է միասին դուրս գալ փողոց»: Եթե երթից հետո իշխանությունը զիջումների չգնա, Մարուքյանի խոսքով, սպասվում է երկրորդ, երրորդ ավելի մեծ զանգվածային միջոցառումը, գուցե ոչ երթի տեսքով: Չի բացառվում նաեւ նստացույց անցկացնել. «Ամեն ինչ էլ հնարավոր է, որեւէ բան չի բացառվում»,-նշել է պատգամավորը:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակներում 2017թ. ընթացքում կատարված աշխատանքները եւ նախանշվել են 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները: Ռիչարդ Միլսն իր հերթին ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄ
Երեկ ՀՀ ԱԺ-ում քննարկում էր «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Հայաստանի օրենսդրությունը տարիքային շեմ է սահմանում, վիճակախաղերի ծառայություններից օգտվելու դեպքում` 18 տարեկան, իսկ շահումով խաղերի դեպքում` 21 տարեկան: Օրինագիծն առաջարկում է նաեւ վիճակախաղերի կազմակերպման դեպքում եւս տարիքային շեմը 18-ից դարձնել 21: «Ելք» խմբակցությունն առաջարկում է օրենքով ամրագրել, որ լիազոր մարմնի սահմանած կարգով պետք է ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ:
ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
Դեկտեմբերի 21-ից հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը դադարեցրել է հացադուլը: Հիշեցնենք` Սմբատ Բարսեղյանը եւ դեկտեմբերի 19-ին հացադուլ հայտարարած, ապա 25 օր անց հացադուլը դադարեցրած «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Արմեն Բիլյանը պահանջում էին իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել համեմատաբար լավ պայմաններ ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: