15 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՆՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ամենատարբեր քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալների շրջանում սպասողական վիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` Սերժ Սարգսյանին ներման խնդրանքով 15 դատապարտյալների անուններ են ներկայացվել, որոնցից երեքը ցմահ դատապարտյալներ են: Ու բոլորը սպասում են նրա պատասխանին:

Հիշեցնենք՝ 2017 թվականի դեկտեմբերի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ մի շարք քրեակատարողական հիմնարկներում տեղեկություններ են տարածվել, որ Ամանորին ընդառաջ` Սերժ Սարգսյանը պատրաստվում է երեք ցմահ դատապարտյալների ներում շնորհել: Ավելին՝ մեզ հայտնի էր դարձել, որ քրեակատարողական հիմնարկներից համապատասխան փաստաթղթեր են պահանջել, որպեսզի հասկանան, թե որ ցմահ դատապարտյալի դեպքում հնարավոր կլինի ներում շնորհել` հաշվի առնելով նրա` ազատազրկման մեջ գտնվելու տարիների վարքագիծը եւ մի շարք այլ գործոններ:
Եւ ահա Սերժ Սարգսյանի կողմից ներման գործընթացի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ» օրաթերթին: Ըստ այդմ, 2017 թվականի տարեվերջին Սերժ Սարգսյանին են ներկայացվել 15 դատապարտյալների անուններ, որոնցից 3-ը ցմահ դատապարտյալներն են, որոնց նա պետք է ներում շնորհի:
Իսկ ովքե՞ր են այն ցմահ դատապարտյալները, որոնք հնարավոր է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանի կողմից ներման արժանանան:
Խոսքը դաշնակցական Արմենակ Մնջոյանի մասին է, որը 90-ականներին` Սերժ Սարգսյանի` ԱԱԾ նախարար եղած ժամանակ, կալանավորվել էր` բանդիտիզմի, երկու եւ ավելի հոգու սպանության, զինված պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով:
Մասնավորապես 1992 թվականին բացահայտվել էր, որ ՀՅԴ-ի ներսում գործել է «Դրո» ահաբեկչական կառույցը, որը երկու խոշոր գործողություն է իրականացրել` «Քերոբ» եւ «Թոփ-1» անուններով: «Քերոբ» գործողության հետեւանքով 1993թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը «Դրո» կառույցի անդամների կողմից սպանվել էին ՀՀ քաղաքացիներ Աշոտ Ներսիսյանն ու նրա կինը` Նունե Մարուքյանը, իսկ 1994թ. մայիսի 2-ին «Թոփ-1» գործողության արդյունքում սպանվել էր դաշնակցական Գագիկ Սահակյանը:
Այս գործով մեղադրյալներից է եղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որը դատապարտվել է, սակայն 1998 թվականին մի քանի գործիչների հետ ազատ է արձակվել: Իսկ այս գործով անցնող մյուս հիմնական մեղադրյալները` Արսեն Արծրունին եւ Արմենակ Մնջոյանը, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման, շարունակում են իրենց պատիժը կրել մինչ օրս:
Մյուս ցմահ դատապարտյալը , որին ամենայն հավանականությամբ ներում կշնորհվի, ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանն է: Վերջինս ցմահ ազատազրկման մեջ է գտնվում այն բանի համար, որ ըստ մեղադրանքի` ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը 1992թ. ամռանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ` բանդա, որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում եւ զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային եւ պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները: Քրեական գործում նշված է, թե Վանո Սիրադեղյանի ցուցումով 1992թ. հուլիսի 24-ին Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամները ձեւականորեն հրամանագրվել են ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում` որպես միլիցիոներներ, եւ օգոստոսի 11-ին նրանց տրամադրվել է «Մակարով» տեսակի հինգ ատրճանակ: 1992թ. օգոստոսի կեսերին Վանո Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել է բանդայի միջոցով իրագործել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությունը: Նկատենք, որ քրեական գործով Վանո Սիրադեղյանի եւ Արմեն Տեր-Սահակյանի դեմ ցուցմունքներ էր տվել մեղադրյալներից ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը, որը դատապարտվեց կարճատեւ բանտարկության, հետո ազատ արձակվեց եւ 2003թ. նախագահական ընտրություններում գլխավորում էր այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբերից մեկը: Իսկ Սերժ Սարգսյանն էլ 2014թ. Հարությունյանին պարգեւատրել էր «Մարտական ծառայության» մեդալով: Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների, Արմեն Տեր-Սահակյանին եւս առաջարկվել է ցուցմունքներ տալ Վանո Սիրադեղյանի դեմ, խոստանալով ազատ արձակել: Սակայն նա հրաժարվել էր ու Քոչարյանի օրոք դատապարտվել ցմահ ազատազրկման:
Սերժ Սարգսյանից ներում խնդրած մյուս ցմահ դատապարտյալը Ստեփան Գրիգորյանն է, որը 1997թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի՝ սպանությանը մասնակից լինելու համար: Այնուհետեւ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, եւ նա 23 տարի անազատության մեջ է գտնվում: Ի դեպ, վերոնշյալ ցմահ դատապարտյալները վերջին 10 տարիների ընթացքում բազմաթիվ ներման դիմումներ են ներկայացրել ՀՀ տարբեր նախագահներին, սակայն դրանք մնացել են օդից կախված:
Չի բացառվում, որ ցմահ դատապարտյալների շրջանում ներում ստանալու խոսակցությունները ակտիվացել են այն բանից հետո, երբ ՔԿ վարչությունը նրանցից պահանջել է իրենց վարքագծի մասով ՔԿՀ ղեկավարության նկարագրերը եւ ներման խնդրագրերը: Տեսնենք, թե այս անգամ խնդրագրերն ինչ ճակատագրի կարժանանան: Համենայնդեպս «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց ճշտել ներկայացված 15 անուններից միայն 3-ի տվյալները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԵՂԾ ՏՐԱԿՏՈՐԻՍՏՆԵՐԸ
ՀՀ իրավապահների կողմից շարունակվում են հայաստանյան մի շարք բուհերի ռեկտորների կողմից պաշտոնական կեղծիքներ կատարելու մասով բացահայտումները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Գաբրիել Ավետիսյանը:
Տեղեկացանք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառք ստանալը) եւ 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիք կատարելը) հատկանիշներով: Մասնավորապես իրավապահները բացահայտել են, որ քոլեջի տնօրեն Ավետիսյանը 2013թ. ընթացքում թվով 53 քաղաքացիների կեղծ դիպլոմներ է տվել:
Մամիկոն Հովհաննիսյանը, Արման Հովհաննիսյանը, Պետրոս Ավետիսյանը, Մուշեղ Այվազյանը, Սամվել Միրզոյանը, Հաբեթ Մկրտիչյանը եւ էլի մի շարք անձինք տրակտորիստ-մեքենավարի դասընթացներին փաստացի չեն մասնակցել եւ քննություն չեն հանձնել: Սակայն նրանց փոխարեն ռեկտորը լրացրել է դասընթացներին մասնակցությունը հավաստող վկայականներ, որտեղ ստորագրելով ուսումնական հաստատության ղեկավարի եւ քննական հանձնաժողովի նախագահի հատվածներում` դրանք հանձնել է հիշյալ քաղաքացիներին: Արդյունքում 53 անձինք այդ վկայականները ներկայացրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Արմավիրի մարզի գյուղտեխնիկայի պետական տեսուչ Պետրոս Մնացականյանին եւ հանձնելով համապատասխան քննություն` ստացել են տրակտորիստի վկայական:
Բայց միայն այս 53 քաղաքացիների կեղծ դիպլոմներով չի ավարտվում պատմությունը: 2015 թվականին իրավապահները բացահայտել են, որ թվով 34 քաղաքացիների` Միշա Եփրեմյանի, Հայկ Սիրունյանի, Ժորա Բալյանի եւ այլ անձանց տրակտորիստ-մեքենավարի դասընթացներին փաստացի չմասնակցելու եւ քննություն չհանձնելու պայմաններում դարձյալ ռեկտորը լրացրել է դասընթացներին մասնակցությունը հավաստող վկայականներ, որտեղ ստորագրելով ուսումնական հաստատության ղեկավարի եւ քննական հանձնաժողովի նախագահի հատվածներում` դրանք հանձնել է հիշյալ քաղաքացիներին: Արդյունքում, այդ անձինք վկայականները ներկայացրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Արմավիրի մարզի գյուղտեխնիկայի պետական տեսուչ Պետրոս Մնացականյանին եւ հանձնելով համապատասխան քննություն` ստացել են տրակտորիստի վկայական:
Հավելենք, որ այս գործընթացը քոլեջի տնօրենն իրականացրել է կլորիկ գումարի դիմաց՝ «կեղծ» ուսանողներից պահանջելով եւ ստանալով գումարներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կեղծ փաստաթղթեր ստանալու համար ռեկտորին վճարվել է 15 հազար դրամից ինչեւ 80 հազար դրամ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրգործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ: Այսպես` Ս. Ն.-ն հայտնել է, որ գնացել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ու իր պահանջը ներկայացրել համապատասխան աշխատակցին, սակայն վերջինիս կանչով իրեն մոտեցել են 3 ոստիկաններ եւ պահանջել դուրս գալ մասնաշենքից: Երբ հրաժարվել է դուրս գալ, ոստիկանները ձեռքերից ու ոտքերից բռնելով` քաշքշել են իրեն, բռունցքով հարվածել դեմքին եւ գլխին, ապա դուրս բերել մասնաշենքից, որտեղից այլ ոստիկաններ իրեն ներկայացրել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ քաղաքացի Ս. Նահապետյանը գնացել է կառավարության 3-րդ մասնաշենք եւ չբավարարվելով նախարարության քաղաքացիների ընդունելության բաժնի պետի տված պատասխանով` Նահապետյանը վիճաբանել է, այնուհետեւ պատռել ձեռքում եղած թղթերն ու նետել նրա երեսին: Դրանից հետո քրգործ է հարուցվել Նահապետյանի նկատմամբ խուլիգանության համար: Արդյունքում մեղադրյալի կարգավիճակում հայտնվել են ե՛ւ ոստիկանները, ե՛ւ քաղաքացին:

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԹԱՐ
Երեկ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում` Մյասնիկյան պողոտայում: Վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին եւ հայտնվել ջրանցքում: Վթարի հետեւանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մահացածը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին է` Ռոբերտ Գալստյանը: Վթարի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է այն, որ կենդանիներ են հայտնվել մեքենայի դիմաց, վարորդը փորձել է խույս տալ նրանցից, ըստ այդմ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան, եւ այն հայտնվել է ջրանցքում: Նշենք, որ, ըստ մեզ հասած լուրերի, մահացած երիտասարդը նշանված է եղել: Ռ. Գալստյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի սբ. Սարգիս եկեղեցում, այսօր` 17.01.2018, ժամը 17:30-ից: Հուղարկավորության արարողությունը` 18.01.2018, ժամը 13:00 Մարալիկ քաղաքի գերեզմանատանը: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում տարվում է քննություն` դեպքի հանգամանքները պարզելու համար:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը: ArmLur.am-ի տեղեկություններով` Արցախում զոհված զինվորը ինքնասպան է եղել, սակայն իրավապահները դեռեւս վերջնական գնահատական չեն տվել կատարվածին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` մահացած զինվորը ՊԲ ծառայության պետերից մեկի որդին է: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




Լրահոս