ԿՈՒՆԵՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա ավարտը Հայաստանի հարավային հարեւան Իրանում աչքի ընկավ լրջագույն իրադարձություններով, որոնք հղի էին թե՛ այդ պետության, թե՛ տարածաշրջանի ապակայունացման լուրջ վտանգով: Թեպետ այժմ իրավիճակը որոշակիորեն խաղաղվել է, ակնհայտ է, որ Իրանի շուրջ միջազգային իրադրությունը շարունակելու է սրվել, ինչին առաջին հերթին նպաստում է ԱՄՆ 45-րդ նախագահի վարչակազմը:

Թեպետ ԱՄՆ նախագահը հրապարակավ առաջինը աջակցություն հայտնեց Իրանի հոգեւոր վերնախավի դեմ փողոց դուրս եկած ցուցարարներին, սակայն գործնական օժանդակություն վերջիններիս այդպես էլ չցուցաբերվեց: Ի հեճուկս ամերիկյան վերնախավի` ԱՄՆ արեւմտյան դաշնակիցները խիստ զուսպ կեցվածք որդեգրեցին Իրանում ծավալավող իրադարձությունների հանդեպ: Միացյալ Նահանգների հռետորաբանությանը, ինչպես եւ ակնկալվում էր, ներդաշնակեց միայն Իսրայելը? Կարելի է ասել` այս հարցում նույնպես ԱՄՆ-Իսրայել տանդեմ մնաց միայնակ` չկարողանալով աշխարհին «վաճառել» իր իրավացիությունը: Իսկ հավանականությունը, որ տանդեմը անմասն չէր մնացել Իրանում տեղի ունեցող ցույցերի հրահրումից, բարձր էր: Սակայն Իրանում հեղափոխության այս փորձը չի կարելի դիտարկել արեւմտյան ուժային կենտրոնների ներքին անհամաձայնություններից դուրս, որտեղ միանշանակ վերաբերմունք չկա ինչպես Իրանի հետ հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ:
Այդ հակասությունները դրսեւորվեցին ինչպես Իրանի ցույցերին արձագանքելիս, այնպես էլ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի ճակատագրի շուրջ: Օբամայի վարչակազմը այնժամ ողջախոհություն դրսեւորեց` հասկանալու, որ Իրանին անհնար կլինի հակել Իրաքի ճակատագրին, եւ ավելի նախընտրելի է փոխզիջումային ճանապարհով աստիճանաբար Իրանը բացել աշխարհի առջեւ, քան անընդհատ առճակատման գնալով` ստանալ մի նոր Հյուսիսային Կորեա: Օբաման դիպուկորեն նկատեց, որ Ռուսաստանին ու Չինաստանին միայնակ թողնելու համար անհրաժեշտ է նրանց զրկել դաշնակիցներից: Եվ ահա դրան նպաստեց նաեւ Հասան Ռոհանիի` իշխանության գալը Իրանում` որպես բարեփոխումներով շահագրգռված ուժերի ներկայացուցիչ: Այս քաղաքականությունը ընդունեցին եւ սկսեցին անգամ տնտեսական օգուտներ քաղել նաեւ Եվրոպական տերությունները, առաջին հերթին Ֆրանսիան, Գերմանիան ու Միացյալ Թագավորությունը: Սակայն ԱՄՆ նոր նախագահը չընդունեց ինչպես իր նախորդի, այնպես էլ եվրոպական դաշնակիցների տրամաբանությունը` առաջ մղելով Իրանի հանդեպ կոշտ քաղաքականությունը: Առհասարակ, Միացյալ Նահանգներում Իրանի հանդեպ ագրեսիվ ու բացասական ընկալումներն առավել հիվանդագին բնույթ են կրում, քան Եվրոպայում: Այս առումով լիովին հասկանալի է, թե ինչու է Իրանի հետ կնքված համաձայնագիրը հատուկ պայմաններ նախատեսել, որով ԱՄՆ նախագահը ամեն 120 օրը մեկ պետք է հետաձգի Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը, հակառակ դեպքում դրանք կմտնեն ուժի մեջ` չեղարկելով այդ երկրի հետագա մասնակցությունը կնքված համաձայնագրի իրագործմանը: Սա մի զիջում էր, որ Օբաման ստիպված էր կատարել իր ընդդիմությանը` հուսալով, որ հաջորդ նախագահները կօգտվեն շարունակական երկարաձգման հնարավորությունից: Սակայն Թրամփը կարծես այստեղ էլ է պատրաստվում օրիգինալ երեւալ:
ԱՄՆ նախագահն օրերս հայտարարել է, որ պատժամիջոցների կիրառման հետաձգումը լինելու է վերջինը, եթե Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չվերանայվի: Նա պնդել է, որ առաջիկա չորս ամսվա ընթացքում եվրոպական դաշնակիցների հետ միասին պետք է գտնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը վերանայելու ձեւը, եւ եթե այդ «վերջին շանսն» էլ կորսվի, ԱՄՆ-ն անվարան դուրս է գալու համաձայնագրից: Հետաքրքիր է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը եւ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական ՄըքՄասթերը քանիցս նախագահին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Իրանի միջուկային համաձայնագրի չեղարկումից: Նրանց հրապարակավ ու մասնավոր հայտարարություններով ձայնակցել են նաեւ համաշխարհային առաջնորդները` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ: Իսկ իրականում ցանկանալով շուտափույթ կերպով չեղարկել համաձայնագիրը` Թրամփը դեռեւս բավարար քաղաքական կապիտալ չունի դրա համար: Ընդամենը մեկ ամիս առաջ է նա միանձնյա Երուսաղեմը հռչակել Իսրայելի մայրաքաղաք, ինչի համար ենթարկվեց ծանր քննադատության թե՛ իսլամական աշխարհի կողմից, թե՛ եվրոպական դաշնակիցների: Եթե իսլամական պետությունների ագրեսիվ վերաբերմունքին ԱՄՆ-ն սովոր է, ապա եվրոպական դաշնակիցների հետ հարաբերությունների սառնությունն ու միասնական քաղաքականության խզումը նոր երույթ է եւ ամենեւին էլ չի բխում ԱՄՆ-ի շահերից:
Թրամփի հայտարարությունը հակասական արձագանքներ է գտել համաշխարհային ասպարեզում: Եթե վերլուծաբանների մի մասը քննադատում է Թրամփին անհարկի արմատականության համար` կարծելով, որ 120-օրյա վերջնաժամկետով որեւէ դրական արդյունքի հասնել հնարավոր չէ, եւ դա կարող է նոր լարվածության հանգեցնել, մյուս մասն էլ համոզված է, որ դա նոր քննարկումների խթան կլինի ու կհանգեցնի կարեւոր վերանայումների` ի շահ արեւմտյան երկրների: Կարելի է կարծել, որ Իրանում տեղի ունեցածը հենց այս տրամաբանության շրջանակներում է` իբրեւ հստակ մեսիջ այդ երկրի վերնախավին, որ միջուկային համաձայնագրի կամովին վերանայումը առաջին հերթին հենց նրանց շահերից է բխում: Ակնկալելի է, որ Երուսաղեմի ճանաչումից հետո Թրամփը, Իսրայելի աջակցությամբ, հանդգնելու է նաեւ չեղարկել Իրանի հետ համաձայնագիրը, եթե դրա վերանայման գործընթացը չսկսվի: Այդ դեպքում, սակայն, առաջին հերթին տարածաշրջանը կարող է ընկղմվել այդքան ատելի «կառավարելի քաոսում»` փաստի առաջ կանգնեցնելով բոլորին, այդ թվում` Հայաստանին, որի գերխնդիրը պետք է լինի առավելագույնս թափանցիկ ու բոլոր կողմերի համար ընդունելի չեզոքության պահպանումը: Այլ հարց է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը ի վիճակի կլինի ճշգրտորեն ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը եւ ընկալելի լինել հակամարտող կողմերի համար:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ՊԱՇՏՈՆՅԱՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է
Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի` այսօր հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է գրեթե հավասար գներով: Պաշտոնյայի խոսքերով` Հայաստանի եւ Վրաստանի գները համադրելի չեն, քանի որ տարբեր է ձեռքբերման եւ ներկրման աշխարհագրությունը: «Հայաստանը բենզինը ձեռք է բերում հիմնականում ՌԴ-ից, Ռումինիայից եւ Բուլղարիայից, իսկ Վրաստանը` Ադրբեջանից եւ Թուրքմենստանից: Մենք բենզինի տեղափոխումը իրականացնում ենք Վրաստանի տարածքով` երկաթուղային տրանսպորտի միջոցով, ինչն էական ազդեցություն ունի գնագոյացման վրա»,- երեկ հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահը:
Սակայն գնալով Արտակ Շաբոյանի հայտարարության հետքերով` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այսօր Վրաստանում ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 2 լարիով, որը հայկական դրամի վերածելու դեպքում կկազմի 380 դրամ: Իսկ մեզ մոտ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 440 դրամով` 60 դրամով ավելի: Թեեւ Վրաստանում բենզինի գինը նախորդ ամիսների համեմատ փոքր-ինչ բարձրացել է, բայց միեւնույն է` այդքան թանկ չէ, որքան մեր հանրապետությունում:
Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի` Վրաստանում բենզինի գնի թանկացումը պայմանավորված է լարիի արժեզրկմամբ: «Այնտեղ պետք է ավելի ցածր լինի: Վրաստանում բենզինի գինը միշտ էլ մեր ներքին շուկայի համեմատ էժան է եղել: Եթե այնտեղ բենզինի գնի բարձրացման մասով դժգոհություն լինում է, ապա մարդիկ հասկանում են, որ երկու հանգամանք կարող է դրա պատճառը լինել` միջազգային շուկայում նավթի գների բարձրացումը եւ լարիի արժեզրկումը: Եթե մեկը փորձի բարձ գնով բենզին վաճառել, մյուսները չեն թողնի, որովհետեւ այնտեղ այլընտրանքի հնարավորություն կա, իսկ մեզ մոտ դա չունենք»,- բացատրեց տնտեսագետը:
Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ Վրաստանում բենզինի շուկան լրիվ ազատականացված է, մոնոպոլացված չէ: «Վրաստան մտնելիս ճանապահին կնկատեք, որ 4-5 ընկերության բենզալցակայան կա, եւ ամեն մեկը իր գնով տարբեր է: Այսինքն` այնտեղ գինը ձեւավորվում է մրցակցության արդյունքում: Իսկ մեզ մոտ այդպիսի բան չկա: Մեզ մոտ առաջին նախապայմանն է, որ մենք ունենք միակ ներկրող` «Ռոսնեֆտ», եւ երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ չկա ու չի էլ լինելու: Եւ բացի դա` մանրածախ շուկայում վերավաճառում են երկու-երեք կազմակերպություն, որոնք էլ որեւէ հնարավորություն չունեն գների մեծ տարբերություն դնելու»,- նկատեց Վահագն Խաչատրյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ, ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԱՍԱՄԲ ԱԶԱՏ ԵՐԿԻՐ

Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2018 թվականի զեկույցը, որտեղ Հայաստանը պահպանել է իր տեղը «մասամբ ազատ» երկրների ցանկում: Ի՞նչն է պատճառը, որ ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրում է կիսաազատ պայմաններում:

Այս մասին ArmLur.am-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ:
-Պարո՛ն Սաքունց, ինչո՞վ է պայմանավորված, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես Freedom House-ը, Հայաստանը ներկայացրել են «մասամբ ազատ» երկրների ցանկում:
-Սա բնական է, որովհետեւ ազատ չի, շատ պարզ: Քաղաքական բանտարկյալների առկայություն, խոսքի ազատության սահմանափակում, անպատժելի համակարգի ձեւավորում, կոռուպցիան, դատարանի շենքում մեղադրյալների բռնությունը, ի վերջո, Ազգային ժողովի խայտառակ կերպով անցկացրած ընտրությունները, բավականին շատ են հիմքերը, որպեսզի համարվեինք կիսաազատ:
-Լեռնային Ղարաբաղը նույնպես ճանաչվել է «մասամբ ազատ» երկիր, արդյո՞ք այնտեղ նույնպես առկա են Ձեր նշած պատճառները:
-Ըստ էության դրանք նույն համակարգում են գործում:
-Freedom House-ի Հայաստանին տված այս «կոչումը» որքանո՞վ կարող է վնասակար լինել Հայաստանի համար միջազգային հարթակներում:
-Դե, առաջին հերթին սա առաջադրանք է իշխանություններին` իրենց քաղաքականությունը փոխելու համար: Եվրամիության հետ պայմանագիր կնքած երկիրը չի կարող մասամբ ազատ լինել:
-Առաջին հերթին ի՞նչ քայլեր պետք է արվեն` ամբողջովին ազատ երկիր դառնալու համար:
-Դատավորի անկախությունը պետք է ապահովվի, խոսքի ազատություն պետք է լինի, հատկապես Հանրային հեռուստաընկերությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարը լինի արդյունավետ, ոչ թե ձեւական: Սրանք անհրաժեշտ պայմաններ են, որպեսզի առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն ապահով զգա: Իսկ գործողությունները վկայում են, որ ազատ երկիր դառնալու համար ցանկություն չկա ոչ մի քայլ ձեռնարկելու:
-Իսկ այն փաստը, որ մեր դաշնակից եւ բարեկամ Ռուսաստանի Դաշնությունը համարվել է «ոչ ազատ» երկիր, ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Օրինակ` այն, որ մենք հիմա կարողանում ենք նման թեմայով խոսել, Ռուսաստանում դա բացառված է: Քննադատությունը իշխանությունների նկատմաբ բացառված է: Բավարար հիմքեր են անազատ լինելու համար:

Զրուցեց ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ




Լրահոս