ՊԱՐՈՆ ՏԱՐՈՆԸ, ԵՐԿՈՒ ՈՏՔԸ ՄԵԿ ԿՈՇԻԿ ԴՐԱԾ, ՉԻ ԶԻՋՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ թիվ 1, 37, 44, 75ա երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների վարորդները Հարավ-Արեւմտյան թաղամասում բողոքի ակցիա էին անցկացրել: Պատճառը հունվարի 1-ից գազի գնի բարձրացումն է: Նրանք ի նշան բողոքի` անգամ ճանապարհ էին փակել:

Ըստ դժգոհող վարորդների` իրենք այժմ վնասով են աշխատում. «Աշխատում ենք գծատերերի համար, մեր գրպանի հաշվին ենք քշում: Ընտանիք չենք կարողանում պահել»:
«Եթե մինչեւ հունվարի 1-ը 250 ճնշում գազի համար վճարում էինք 6000 դրամ, հիմա 180 ճնշում գազի համար վճարում ենք մոտ 9000 դրամ: Սրան գումարած գծատերերի պահանջած օրվա պլանը չի իջնում… Անհնար է աշխատել, նույնիսկ զրոյական եկամուտով չենք աշխատում, այլ վնասով, շատ մեծ վնասով: Բոլոր ծանրությունները ընկել են մեր ուսերին, գծատերերին մենք ենք պահում, օրվա մեծ պլանն իրենց ենք տալիս, իսկ մենք այդքան աշխատելուց հետո 5000 դրամ նույնիսկ տուն չենք տանում»,- գրեթե միաբերան դժգոհում էին վարորդները:
Նկատենք, որ վարորդը, բացի գազի համար 9000 դրամ վճարելուց, այլ ծախսեր եւս ունի. սիգարետի եւ կերակրվելու համար ծախսը կազմում է առնվազն 2000 դրամ, սրան գումարենք նաեւ երթեւեկության կանոնների (այդ թվում նաեւ վարելու ժամանակ ծխելու, հեռախոսով զրուցելու տուգանքները) խախտման ակտերը: Իսկ եթե վարորդները շատ օրինախախտ են, ինչպես մեզ մոտ ընդունված է, բնականաբար ոչ մի կոպեկ տուն չեն տանում: Ի դեպ, տեղեկացնենք, որ գծատերերի մեծ մասը վարորդների վրա է թողնում միկրոավտոբուսի, ավտոբուսի ավտոպահեստամասերը վերանորգելու եւ փոխելու ծախսերը:
Տեղեկացնենք, որ դիզելային վառելիքի եւ սեղմված գազի գնաճը հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգրքով է պայմանավորված: Մինչ այդ սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափը 1000 խմ-ի համար կազմում էր 8330, այժմ այն 25 հազար դրամ է: Իսկ ահա բենզինի դեպքում եթե 1 տոննա բենզինի` ավելացված արժեքի ու ակցիզային հարկի համար տնտեսվարողը վճարում էր 120 հազար դրամ, հունվարի 1-ից այն դարձել է 135 հազար դրամ: Դիզվառելիքի դեպքում ակցիզային հարկի չափը կտրուկ նվազել է, փոխարենն այս տարվանից վառելիքը հարկվում է նաեւ ԱԱՀ-ով: Ըստ ՏՄՊՊՀ-ի` մաթեմատիկական պարզ հաշվարկով վառելիքի ներմուծման եւ իրացման համար գանձվող անուղղակի հարկերը ավելացել են շուրջ 60 դրամով:
Երեւանում 3, 42, 48 միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերության տնօրեն Ավետ Բարսամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով վարորդների բողոքի ակցիային, ճանապարհ փակելու փաստին, անմիջապես հայտարարեց, որ ինքը զիջման է գնացել: «Վարորդները ոչ միայն բողոքում են գազի գնի բարձրացումից, այլեւ ուղեւորահոսքի նվազումից, գազի ոչ ճիշտ լիցքավորումից, բազմաթիվ խնդիրներ կան: Ես` որպես տնտեսվարող, գազի գնի համար 1000 դրամի չափով զիջել եմ, մինչեւ տեսնենք` ինչ է լինում: Իմ եկամուտի հաշվին օրվա պլանից էլ 2000-2500 դրամ եմ զիջել` հաշվի առնելով, որ այս օրերին ուսանողություն, ուղեւոր չկա: Ես իմ հնարավության չափով արել եմ, զիջել եմ»,- անկեղծացավ Բարսամյանը: Այս հարցի լուծման միակ տարբերակը, ըստ տնտեսվարողի` ուղեւորավարձի բարձրացումն է, կամ էլ պետք է գազի գինը անփոփոխ մնար: «Ես, ճիշտ է, զիջել եմ, բայց դեռ չգիտեմ` հարկային բեռի տակից հետո ինչպես եմ դուրս գալու, դա իմ ներքին խնդիրն է, թե ինչպես եմ անելու: Բացի այդ` վարորդների հանգստյան օրերն ենք ավելացրել: Ինչ կարող ես անել… հնարավոր է` վաղը գան ու ասեն` էլ չենք աշխատում, ո՞ր մեկի վրա կարող ես ազդել: Դուք խանութներից չեք օգտվում, չեք ստուգել` ձեր կերած կարագի չափը նախորդ օրերի համեմատ նույնն է… Չէ՞ որ վարորդն էլ ուտել, հագնել է ուզում, ինքն էլ է ընտանիք պահում»,- նկատեց գծատերը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը որպես ամսական սպասարկման ծառայության վարձ յուրաքանչյուր միկրոավտոբուսի համար պահանջում է ամսական վճարել շուրջ 16 հազար դրամ: Թե կոնկրետ ինչ սպասարկման մասին է խոսքը, հայտնի չէ:
Կոնկրետ Ավետ Բարսամյանին պատկանող թիվ 48 երթուղին ունի 16 միկրոավտոբուս: Այսինքն` այս տնտեսվարողը ամսական քաղաքապետարանին վճարում է շուրջ 256 հազար դրամ: Բայց այսօր գծատերերից միայն մի մասն է ստիպված զիջման գնում, քանի որ այլ ելք չունեն: Փոխարենը զիջելու մասին Երեւանի քաղաքապետարանը չի մտածում: Եւ այս ամենի արդյունքում տուժում է միայն վարորդը: Տեղեկացնենք, որ տարբեր հաշվարկների համաձայն` Երեւանում մեկ երթուղայինը օրական ավելի քան 15 հազար դրամ «պլան» է վճարում: Մեկ երթուղում գործում է առավելագույնը 20 երթուղային միկրոավտոբուս: Այսինքն` գծատերի օրական եկամուտը կազմում է մոտ 300 հազար դրամ, իսկ ամսական` մոտ 9 մլն դրամ:
«Ժողովուրդ»-ի հարցին` ինչու քաղաքապետարանը զիջման չի գնում, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը անտարբեր տոնով նետեց. «Դա ծառայության մատուցման գումար է, որով նաեւ այդ ձեռնարկությունը աշխատում է: Այս դեպքում զիջման մասով քաղաքապետարանում հարց բարձրացված չէ: Իսկ այդ գումարն էական չէ, օրական 400 դրամի (ծառայության դիմաց վճարվելիք գումարը բաժանել է օրերի) մասին է խոսքը, այնպես որ, դրա մասին ոչ քննարկվել եւ էլ ոչ էլ հարց կա: Այստեղ խնդիրը գազի գնի թանկացումն է, որը վարորդները բարձրաձայնել են: Դուք խնդիրները այլ տեղերում եք ման գալիս: Մարդիկ հարց են բարձրացրել, երբեւիցե չեն խոսել ուրիշ խնդիրների մասին»:
Բայց մյուս կողմից հայտնի է, որ գծատերերի միակ խնդիրն այն է, որ իրենց գերշահույթները չպակասեն: Իսկ գծատերերը օդից վերցրած անհայտ մարդիկ չեն: Նրանք բոլորին հայտնի պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են` քաղաքապետ, նախարար, պատգամավոր եւ այսպես շարունակ: «Ժողովուրդ»-ը Հենրիկ Նավասարդյանից հետաքրքրվեց` ինքը, իր որդիները եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը գծատեր լինելով` ինչու չեն գնում զիջման: Հարցին ի պատասխան. «Դուք սկսում եք ուրիշ բաներ հարցնել, գրավոր հարցերը ուղարկեք… ուրիշ դաշտ եք մտնում` բուն թեմաները թողած…»,- ու անջատեց հեռախոսը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում անկումային տրամադրություն է: Դա կապված է հաստիքների կրճատման հետ: Տարեմուտին` 2017թ. դեկտեմբերի 27-ին, Տավուշի մարզխորհրդի նիստում, որին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը հայտարարեց ֆինանսների նախարարության եւ կրթության եւ գիտության նախարարության համատեղ նամակի մասին, որով դպրոցների տնօրեններին առաջարկվել է դպրոցների ոչ մանկավարժական հաստիքների թիվը համապատասխանեցնել երկու նախարարությունների կողմից ներկայացված սահմանաքանակին: Այսպես` մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներում պետք է լինի ոչ մանկավարժական առավելագույնը 7.5, 100-300 աշակերտ ունեցող դպրոցներում` 9.5, իսկ 300-ից ավել աշակերտ ունեցող դպրոցներում` 13 հաստիք: Ոչ մանկավարժական հաստիքների մեջ մտնում են տնօրենի, փոխտնօրենի, հաշվապահի, պահակի, հավաքարարի հաստիքները: Հաստիքների կրճատումը նշանակում է, որ կրճատվել են պետական բյուջեից հանրակրթական դպրոցներին հատկացվող ֆինանսական միջոցները: Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում դասարանների դասղեկության համար ուսուցիչները ստանում են ամսական 6 հազար դրամ: Դպրոցներ կլինե՞ն, որտեղ դասղեկության համար այլեւս ուսուցիչներին գումար չեն վճարի կամ քիչ կվճարեն: Այդ մասին հարց տվեցի մարզպետարանի վարչության պետ Կարեն Նազարյանին: Նա հայտնեց, որ դասղեկության, մեթոդական միավորումների համար վճարվող գումարները աշխատավարձ չեն, այլ հավելավճարներ, դրանք վճարվում են, եթե տվյալ դպրոցը դրա համար բավարար ֆինանսական միջոցներ ունի:

 

 

«ԺԻԳՈՒԼՈՒ» «ՍՎԵՉԱՆ»
Հայաստանի բնակիչներից շատերն անտեղյակ են, թե Հայաստանը ԵՏՄ միանալուց հետո մեր երկիր ինչ ապրանքներ կարող են առանց մաքսավճարի ներկրել: Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, «Ժողովրդին» պատմեց իր հետ կատարվածը: Նա Ամանորի շեմին ցանկացել է իր ընտանիքի համար Վրաստանից լվացքի մեքենա ներկրել: Բագրատաշենի մաքսակետում մաքսային 2 աշխատողների հարցրել է` Վրաստանից լվացքի մեքենան ներկրելու դեպքում մաքսազերծման խնդիր կառաջանա՞: Մաքսային աշխատողները նոյեմբերյանցուն ասել են, որ նման խնդիր չի լինի: Սակայն Մառնեուլի քաղաքում գնված լվացքի մեքենայի համար Բագրատաշենի մաքսակետում մաքսազերծում են պահանջել: Նոյեմբերյանցին որոնել է այն 2 աշխատողներին, ովքեր հավաստիացրել են, որ նման խնդիր չի ծագի, սակայն այդ աշխատողներն արդեն գնացած են եղել, մաքսային աշխատողների հերթափոխ է եղել: Նոյեմբերյանցին որպես մաքսավճար մուծել է սառնարանի գնի 12 տոկոս գումարը, որը, որպես թաքս ֆրի, Սադախլոյի մաքսակետում իրեն ետ են վերադարձրել: Նոյեմբերյանցիները վկայում են, որ Բագրատաշենի մաքսակետում արգելված է առանց մաքսազերծման խորհրդային հին ավտոպահեստամասեր, «ԳԱԶ-24» ավտոմեքենայի ռադիատոր, «ժիգուլիների» «սվեչաներ»` վառոցքի մոմեր, ներկրելը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՍԴ ՀԱՐՈՒՍՏ ՆԱԽԱԳԱՀԸ
Ինչպես հայտնի է` մինչեւ մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի ՀՀ չորրորդ նախագահին, ով, սակայն, ի տարբերություն երկրի մյուս երեք ղեկավարների, ավելի փոքր լիազորություններ է ունենալու:
Ինչքան մոտենում է խմբակցությունների կողմից նախագահի առաջադրման համար նախատեսված ժամկետը, այնքան սկսում են շրջանառվել իշխող ուժի կողմից ներկայացվելիք հավանական թեկնածուների անուններ: Նրանցից մեկն էլ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է: Իսկ որքան է կազմում նախագահի ամենահավանական թեկնածուի ունեցվածքը:
ArmLur.am-ը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված ՍԴ նախագահի գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրից տեղեկացել է, որ Գագիկ Հարությունյանը 2016 թվականին իր հաշվին ունեցել է 4 մլն 600 հազար դրամ, 6500 դոլար եւ 1250 եվրո: Ընդ որում, եթե արտարժույթով առկա նրա դրամական միջոցները նվազել են, ապա 2015-ին նա ուներ 2 մլն 950 հազար դրամ, որը հաջորդ տարի դարձել էր 4 մլն: 2016 թվականին ՍԴ նախագահը ոչ մի շարժական կամ անշարժ գույք ձեռք չի բերել. համենայնդեպս հայտարարագրում այդ մասին որեւէ տեղեկություն չկա: Իսկ մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է գրեթե 16 մլն դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից: Ընդ որում, առկա են նաեւ արտարժույթով վճարումներ:
Իսկ Գագիկ Հարությունյանի կինը` Անահիտ Խաչատրյանը, ըստ հայտարարագրի` իր հաշվին ունի 1 մլն 546 հազար դրամ եւ 12.500 դոլար, իսկ մեկ տարվա եկամուտն էլ միայն կենսաթոշակն է` 396 հազար դրամ:

 

 

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Հանրապետության տարածքում հունվարի 17-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 11-13 աստիճանով: Մայրաքաղաքում այսօր ժամանակ առ ժամանակ հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները` թաց ձյան տեսքով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, ցերեկը` +4+6 աստիճան տաքություն:




Լրահոս