«ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔ»-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ դիտեցի ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի «Առաջին դեմք» կատակերգությունը, որի սցենարի հեղինակները «ԱրմՔոմեդի» հումորային հաղորդման հեղինակ-վարողներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանն են: Մի կողմ թողնելով ֆիլմի գեղարվեստական արժանիքները` ավելի հետաքրքիր է անդրադառնալ դրա քաղաքական մեսիջներին: Ֆիլմի մի մասը, ի դեպ, նկարահանվել է նախագահականում, քանի որ սյուժեն արժանացել է հավանության:

«Առաջին դեմք»-ում կարելի է հանդիպել եւ այնպիսի երեւույթների, որոնք անմիջական կապ ունեն եւ որ բացարձակապես ոչ մի աղերս չունեն մեր իրականության հետ: Այսպիսով` «բառադի» լրագրող, որպես բարմեն աշխատող Գրիգոր Աստվածատրյանը, որին մարմնավորում է Արամ MP3-ն, անընդմեջ դժգոհում է իրեն շրջապատող իրականությունից, սակայն ինքը գրեթե ոչինչ չի անում` այն փոխելու համար: Փոխարենը նրա ընկերուհին` մանկաբույժ Լիլիթը, որը բնապահպան-ակտիվիստ է, իր ընկերների հետ պայքարում է Արմատաշենում գործարանի ընդլայնման դեմ: Գրիգորն էլ օգնում է ընկերուհուն ռեպորտաժ պատրաստել այդ մասին, բայց նա միաժամանակ վստահ է, որ եթե վերեւներից չուզեն, ոչինչ հնարավոր չի լինի փոխել: Եվ հանկարծ մի հրաշքով հայտնվում է առեղծվածային հերոսը` Լեւոն Հարությունյանի կերպարով: «Բաղրամյան 26» խորհրդանշական անունը կրող հրաշագործ-տաքսիստի հետ զրույցից հետո Գրիգորը զարթնում է` որպես երկրի առաջին դեմք` նախագահ: Իսկ զրույցի առանցքում հետեւյալ հիմնական հարցն է. «Գործարանի հարցը կարո՞ղ ես լուծել, եթե երկրի ղեկը քո ձեռքում լինի»: Պարզվում է` դա բավական բարդ գործ է: Բայց մինչ դրան անդրադառնալը, առանձնացնենք մի քանի դրվագ:
Ֆիլմում խոսքի ազատության մասին պատկերացումները բավական ուռճացված են, տեղ-տեղ` խեղաթյուրված: Բարձր պաշտոնյաներից մեկը` Վրեժ Արշավիրովիչը, որին մարմնավորել է Արա Դեղտրիկյանը, կողմ է գործարանի ընդլայնմանը, քանի որ ունի իր անձնական շահը: Նա հովանավորում է մի լրատվամիջոցի, որը կեղծ տեղեկություններ է տարածում գործարանի ընդլայնմանը դեմ նախագահի եւ նրա ընտրյալի մասին: Նախագահին հայտնում են, որ տարածվել է մի սուտ տեղեկություն, ըստ որի` նրա ընտրյալը փչացած լրտես է:
-Բա չենք կարող մենք էլ…
-Չէ, պարոն նախագահ, խոսքի ազատություն է:
Փաստացի զրպարտությունը, ամենաթողությունը ֆիլմում ներկայացվում է որպես խոսքի ազատություն: Այսինքն` լրագրողները դա համարում են խոսքի ազատության դրսեւորում, իսկ վերեւներում էլ այնքան հաշտ են դրա հետ… Այնինչ` օրինական մոտեցումն այն կլիներ, եթե զրպարտիչը պատասխանատվություն կրեր: Բացի այդ` եթե նույնիսկ սա համարենք խոսքի ազատության դրսեւորում, պետք է նկատել, որ մեր իրականությունում ամեն բան բոլորովին այլ է, որ մեր դեպքում անպայման կգտնվեին համապատասխան լծակներ, որոնց միջոցով կհրահրվեին «տեղեկատվական պատերազմներ»: Սա` ամենաքիչը, լավագույն դեպքում:
Իսկ այն, որ երկրի առաջին դեմքը սիրավեպ ունի, որի մասին չի թաքցնում, հակառակը` իր եւ սիրելիի համբույրի տեսարաններն ամենուր հայտնվում են ամսագրերի շապիկներին, եւս հայկական իրականության պարագայում ֆանտաստիկայի ժանրից է:
Կա մի դրվագ, որը մեր իրականության տիպիկ արտացոլումն է: Նախագահը հրահանգում է պատգամավորներին հեծանիվով գնալ գործի, եւ քաոսային իրավիճակ է ստեղծվում: Ցմփոր պատգամավորները, որոնք սովոր են իրենց նստատեղը բրաբուսներից չկտրել, ուղղակի շունչները փչում են:
Բայց սրանք ընդամենը շտրիխներ են: Ֆիլմի հիմնական մեխը կառուցված է հետեւյալ սյուժետային գծի վրա: Գրիգոր Աստվածատրյանը լրագրողական հետաքննություն է իրականացնում եւ պարզում է, որ Արմատաշենում ոչ մի փայտամշակման գործարան էլ չի հիմնվելու, փոխարենը ներդրողների թիրախում հանքերն են, որտեղ ծանր մետաղներ են մշակվելու: Այս ամենի թիկունքում կանգնած է բարձր պաշտոնյա Վրեժ Արշավիրովիչը: Հաջորդ պահին Գրիգորը վերադառնում է իր իրական կյանք, զարթնում է որպես լրագրող եւ իր պարտքն է համարում իր ունեցած տեղեկությունները հայտնել երկրի նախագահին: Եվ… հրաշք: Նախագահը լսում է նրան, եւ հերիք չէ` նախաձեռնում է, որ արմատաշենցիները ստանան ադեկվատ բուժում, իսկ շրջանի էկոհամակարգն էլ վերականգնվի, նա նաեւ պատժում է բոլոր մեղավորներին, այդ թվում` բարձր պաշտոնյային: Իսկ հետաքննություն իրականացրած լրագրողն էլ պարգեւատրվում է նախագահի կողմից: Մի խոսքով` հայկական իրականության հետ որեւէ կապ չունեցող հրաշալի հեքիաթային լուծում: Մենք ունենք հարյուրավոր դեպքեր, երբ հետաքննող լրագրողները բացահայտել են այս կամ այն պաշտոնյայի խարդախությունները, իսկ վերջիններս ոչ միայն չեն պատժվել, այլեւ շարունակել են պաշտոնավարել: Մեր դեպքում գործարանը չի կարող չընդլայնվել, միայն որովհետեւ այնտեղ ծանր մետաղներ են մշակվում: Եվ մեր դեպքում չի կարող պաշտոնյան ինքնագլուխ խառնված լինել նման մութ գործերի մեջ, իսկ վերեւներում չիմանան այդ մասին: Իսկ քանի՞ անգամ է նախագահի կողմից հետաքննող լրագրող պարգեւատրվել, դա էլ ուրիշ թեմա է…
Հասկանալի է, որ «Առաջին դեմք»-ը ոչ թե փաստավավերագրական, այլ գեղարվեստական ֆիլմ է, եւ նաեւ պարտադիր չէ, որ այն ամբողջովին արտացոլի մեր իրականությունը, բայց այն հասարակական կարծիք ձեւավորելու ֆունկցիա է կատարում, իսկ հայ հանրությունը, ցավոք, վաղուց չի հավատում Գրիգորի այն ռոմանտիկ խոսքերին, թե «չկան խնդիրներ, որոնք լուծում չունենան, ուղղակի պետք է սիրես մասնագիտությունդ եւ հավատաս ուժերիդ»:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

«ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԺԱՆԵՑ ՄԵԶ»

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայտնիների անձնական կյանքի` քչերին հայտնի կամ անհայտ դրվագներին: Վերջիններս հանդես են գալիս անկեղծ խոստովանություններով, հայտնում են սիրո մասին իրենց պատկերացումները: Այս անգամ մեր զրուցակիցը «The beautified project» ռոք խմբի հիմնադիր եւ մեներգիչ Անդրե Սիմոնյանն է:

Նա պատմեց, որ առաջին անգամ սիրահարվել է բավական հասուն տարիքում` 24 տարեկանում. «Սիրահարվել էի քրոջս ընկերուհիներից մեկին, որն ինձնից մեծ էր հինգ տարով: Այդ ժամանակ մենք ապրում էինք Լոնդոնում: Մեկ տարի իրար հետ ընկերություն արեցինք, հետո նա որոշեց տեղափոխվել Միացյալ Նահանգներ` մոր եւ եղբոր մոտ, իսկ ես որոշեցի գալ Հայաստան: Այսինքն` զգացինք, որ հետագայում անհնար էր` միասին լինեինք: Կարելի է ասել` տարածությունը բաժանեց մեզ: Թեեւ, բացի այդ` նա մեր տարիքային տարբերության հետ կապված եւս մտավախություններ ուներ»:
Ամեն դեպքում, Անդրեի խոսքով, իրենք լավ ընկերներ են մնացել: Հիմա նրա նախկին ընտրյալն ամուսնացել է. «Ես ինչ ընկերուհի որ ունեցել եմ, հետը լավ հարաբերություններ եմ պահել, այնպես եմ արել, որ եթե փողոցում հանդիպենք, գլուխներս չթեքենք»,-ասաց երգիչը:
Նրա համոզմամբ` առաջին սերն իսկապես չի մոռացվում, բայց ոչ թե տվյալ անձնավորությունը, այլ նրա հետ քո ապրած զգացմունքներն են, որ մնում են հիշողությանդ եւ սրտիդ մեջ: Ըստ Անդրեի` դա նման է առաջին անգամ պաղպաղակ ուտելուն կամ որեւէ երկիր տեսնելուն. «Ամեն դեպքում, ես ոչնչի համար չեմ ափսոսում, երգերիցս մեկում ասում եմ, որ եթե կյանքը նորից ապրեի, նույն «սխալները» կկրկնեի, քանի որ դրանք մարդու էության բաղկացուցիչ մասն են կազմում»: Մեր զրուցակիցը խոստովանեց, որ իր առաջին սիրուց բաժանվելու արդյունքում բազմաթիվ գեղեցիկ երգեր են ծնվել. «Նա շատ մեծ դեր ունեցավ, որպեսզի էմոցիաներս դատարկեմ երգերիս մեջ»,-եզրափակեց Անդրեն:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս