«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականի դիմումը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նշեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Իսկ ի՞նչ հիմնավորմամբ է նախարարը հրաժարականի դիմում գրել, հետաքրքրվեցինք Հակոբյանից: «Նախարարի դիմումի մեջ հրաժարականի պատճառները նշված չեն»,- տեղեկացրեց նա:
Նշենք, որ Մանուկյանի հրաժարականի փաստը պաշտոնապես հաստատվեց հունվարի 18-ին, սակայն մինչեւ հիմա Սերժ Սարգսյանը չի ստորագրել նրան աշխատանքից ազատելու հրամանագիրը: Մինչ այդ, նախարարը, որ ստիպված է պաշտոնավարել, մասնակցում էր նաեւ կառավարության նիստին: Ի դեպ, Վ. Հակոբյանը չպատասխանեց մեր այն հարցին, թե ե՞րբ է Ս. Սարգսյանը պատրաստվում ընդունել նախարարի հրաժարականը: Հավելենք, որ այս պաշտոնում որպես հավանական թեկնածու շրջանառվում է վարչապետի հասարակական հիմունքներով գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանի անունը»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: