Քանի մարդ է վերջին տարիներին հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտավոր հաշվարկներով Շիրակի մարզի Հոռոմ համայնքում 15–20 քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: «Փաստ»–ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Աշոտ Պասկևիչյանը:

Նրա կարծիքով՝ միայն աշխատանքի բացակայությունից չէ, որ մարդիկ լքում են հայրենիքը:

«Կան շատ ավելի նեղ ապրողներ, որոնք մնացել են: Կան շատերը, որ տարվա մեծ մասը դրսում են փող աշխատում, բայց էլի այստեղ են ապրում և իրենց հարկային պարտավորությունները կատարում են»,– ասաց նա:

Այստեղ արդեն տեղյակ են, որ հողային նոր օրենսգրքով, երբ քաղաքացին զրկվում է կամ հրաժարվում է քաղաքացիությունից, մեկ տարի անց կորցնում է սեփականություն հանդիսացող գյուղացիական նշանակության հողատարածքը: Ըստ նախագծի՝ անձը պետք է 1 տարվա ընթացքում վաճառի իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը: Եթե չի վաճառում, կատարվում է հարկադիր վաճառք, ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը: Հակառակ դեպքում հողատարածքը վերածվում է պետական սեփականության:

Պասկևիչյանն ասաց, որ քաղաքացիությունից հրաժարվածներից ոչ ոք չի հետաքրքրվել՝ իր գյուղացիական նշանակության հողակտորից զրկվելու մասին տեղեկությամբ: Գնահատելով նախագիծը, նշեց, որ երկու կողմից էլ մտածելու տեղիք է տալիս: Մի կողմից քաղաքացին հրաժարվում է քաղաքացիությունից, այլ երկրում բարվոք ապրում է, իսկ սեփական երկրում մյուս քաղաքացին ապրուստի միջոց չունի:

«Մի կողմից ճիշտ է: Մերն աճող գյուղ է, ինչո՞ւ չպետք է աճող ընտանիքը օգտվի դրանից: Մի կողմից էլ մեր հայրենակիցների կապն է կտրվում հայրենիքի հետ»,– շեշտեց նա:

Սյունիքի մարզի Սյունիք համայնք նույնպես այս լուրն արդեն հասել է: Սա այն բնակավայրերից է, որտեղ արտագաղթը տարել է գյուղացիների մեծ մասին:

«Դա վատ բան է, մարդուն զրկում են այստեղ ունեցած մի կտոր հողից, մի հույսից»,– ասացին տեղացիները:

Նրանց խոսքով` պետությունը պետք է մտածի մարդկանց կենսամակարդակը բարելավելու ուղղությամբ և ոչ թե սեփական գրպանները լցնելու ծրագրեր մշակի: Իսկ մարդիկ լավ օրից չէ, որ հեռանում են:

«Թող ժողովրդին լավ պահեն, ժողովուրդը չթողնի գնա: Մարդիկ չեն կարողանում ապրել, գնում են Ռուսաստան ու այլ երկիր: Մարդիկ չեն կարողանում տուն պահել, եղած գործով էլ ցածր աշխատավարձ են տալիս»,– նկատեցին նրանք:

Փաստացի 697 բնակիչ ունեցող համայնքում այսօր ոչ բոլորն են տեղում: Մոտավորապես 250–400 բնակիչ հեռացել է, որոնց մի մասն է միայն տարվա մեջ մեկ անգամ երևում: Սեփականաշնորհված հողերն այստեղ շատ քիչ են` յուրաքանչյուրը 3500 մետր հողատարածք ունի:

«Մեկ–երկու տարին մեկ գալիս գյուղով շուռ են տալիս, գնում: Հողերն էլ վարձակալությամբ տվել են հարևաններին, ու նրանք են մշակում»,– պատմեցին մեր զրուցակիցները:

Համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը դեռ չի հաշվարկել, թե հեռացողներից որքան մարդ է մեկընդմիշտ խզել կապերը հայրենիքի հետ:

Նշենք նաև, որ ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալներով՝ 2012 թ.–ից առ այսօր ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 16 հազար 436 քաղաքացի:

Ըստ վիճակագրության՝ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ 2012 թ.–ին դիմել է 968 քաղաքացի, 2013 թ.–ին՝ 1461, 2014 թ.–ին՝ 2407, 2015թ.–ին՝ 2487, 2016 թ.–ին 3863, իսկ 2017 թ.–ին՝ 5250 քաղաքացի:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս