Վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձած հարցերից մեկն է, թե ում պատկանող օդանավով վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 22-ին մեկնեց Շվեյցարիա` մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետը կիսվեց օդանավում արված լուսանկարներով, որոնցում երեւում էր շքեղ ինքնաթիռը: Իսկույն պարզ դարձավ, որ այն պաշտոնյաներին սպասարկող օդանավը չէ, չարտերային թռիչք է:
Հարցին, թե Կարեն Կարապետյանն անձնական օդանավ ունի՞, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել էին, թե վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն, պետբյուջեից գումար չի հատկացվել: Բայց այդպես էլ չհստակեցվեց` որ ընկերությունն էր վարչապետի թռիչքի համար անվճար տրամադրել ինքնաթիռը, կամ ով ինչքան գումար էր պահանջել ու ստացել վարչապետից՝ նրան օդանավ տրամադրելու համար:
«Այն պարզաբանումը, որ տրվել է մասնավոր օդանավի վերաբերյալ, դրան ավելացնելու բան այս պահին չունեմ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը:
Մեր դիտարկմանը` եթե մասնավոր ընկերություն կամ որեւէ գործարար անձ է Կարեն Կարապետյանին տրամադրել ինքնաթիռը, ապա այս «լավության» համար հետագայում երկրի երրորդ դեմքը պետք է փոխհատուցի որեւէ ձեւով: Կառավարության աշխատակիցը նշեց. «Ես այդ մասին լսել եմ: Չեմ կարծում, որ նման խնդիրներ ծագեն: Հարցումներ ստացել ենք, կքննարկենք, կփորձենք պատասխանել»:
Նշենք, որ ըստ որոշ լուրերի` օդանավը պատկանում է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի նախագահ, միլիարդատեր Սամվել Կարապետյանին:
Մերի Մարտիրոսյան