Ինչու է ուշանում Աշոտ Մանուկյանի հրաժարականի հաստատումը. դիմումը նախագահի մոտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականի դիմումը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նշեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Իսկ ի՞նչ հիմնավորմամբ է նախարարը հրաժարականի դիմում գրել, հետաքրքրվեցինք Հակոբյանից: «Նախարարի դիմումի մեջ հրաժարականի պատճառները նշված չեն»,- տեղեկացրեց նա:

Նշենք, որ Մանուկյանի հրաժարականի փաստը պաշտոնապես հաստատվեց հունվարի 18-ին, սակայն մինչեւ հիմա Սերժ Սարգսյանը չի ստորագրել նրան աշխատանքից ազատելու հրամանագիրը: Ինչո՞ւ, երբ է վերջապես ստորագրվելու նախարարի հրաժարականի դիմումը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` Ս. Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը մեկնաբանեց. «ՀՀ նախագահի կողմից նախարարի հրաժարականի դիմումը ստորագրելու ժամկետի օրենսդրական սահմանափակում չկա»:

Փաստորեն, Մանուկյանը հայտնվել է օդից կախված վիճակում. մի կողմից փաստացի նախարար չէ, քանի որ հրաժարական է ներկայացրել, մյուս կողմից՝ ստիպված է պաշտոնավարել, քանի որ չկա աշխատանքից ազատելու հրամանագիրը:

Հավելենք, որ այս պաշտոնում որպես հավանական թեկնածու շրջանառվում է վարչապետի հասարակական հիմունքներով գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանի անունը:




Լրահոս