Նախագծեր հատուկ Սերժ Սարգսյանի համար. ինչ են մտածել իշխանություններն այս անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հստակ ուրվագծվում է Հայաստանի ապագա կառավարության եւ, ընդհանրապես, պետական կառավարման համակարգի կառուցվածքը: Միայն թե, նկատենք, որ Հայաստանում նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց եւ խորհրդարանական կառվարման անցնելուց հետո առանձնապես չի փոխվելու իշխանավարման փիլիսոփայությունը. եթե հիմա իշխանությունը կենտրոնացած է նախագահի ձեռքում, ապա նոր Սահմանադրության պարագայում ամեն ինչ որոշելու է վարչապետը, տվյալ դեպքում` կրկին Սերժ Սարգսյանը:

Իմիջիայլոց, կարծես հասարակական-քաղաքական քննարկումների օրակարգից դուրս է եկել հարցը, թե ապրիլից ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը: Չնայած իշխող ՀՀԿ-ն դեռ չի հայտարարել վարչապետի իր թեկնածուի անունը, սակայն պարզ է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում եւս պետության ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը, եւ որ նրան այլեւս չկա այլընտրանք: Ու ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքների նախագծերը գրված են հենց այդ տրամաբանության մեջ` Սերժ Սարգսյանի «հագով»:

Եւ այսպես` «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծով բավական մեծ լիազորություններ են տրված վարչապետին: Փոխարենը սիմվոլիկ է լինելու փոխվարչապետների դերը. նրանք լինելու են վարչապետի հանձնարարականը կատարողը եւ համակարգելու են կառավարության գործունեության՝ իրենց վերապահված առանձին ոլորտները, համաձայնեցնելու եւ ներդաշնակեցնելու են այդ ոլորտներում գործող նախարարությունների գործունեությունը:

Ըստ նախագծի 7-րդ հոդվածի` «Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար»: Այնտեղ նաեւ նշված է, որ վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը եւ համակարգում է կառավարության անդամների աշխատանքը: Բացի այդ` նա հետեւում է կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը, ապահովում կառավարության գործունեության միասնականությունը: Վարչապետը նաեւ իրավասու է ընդլայնել նախարարության գործունեության ոլորտը, նաեւ ընդունել որոշումներ ու տալ հանձնարարականներ:

Հատկանշական է նաեւ փաստը, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով վարչապետի ենթակայության տակ են գործելու ուժային կառույցները` ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊՊԾ-ն ու պետական վերահսկողական ծառայությունը: Իսկ պետության մեջ, ինչպես հայտնի է, իշխանությունը պատկանում է նրան, ում ձեռքում կենտրոնացված են լինելու ուժային կառույցները:

Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգի մյուս կառույցներին, ապա դրանք լինելու են կամ կառավարության, կամ առանձին նախարարությունների ենթակայության տակ: Օրինակ` կառավարությանն են ենթարկվելու ՊԵԿ-ը, միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, նաեւ տեսչական մարմինները` առողջապահական, կրթության, շուկայի վերահսկողության, տրանսպորտի տեսչությունները եւ այլն: Իսկ կառավարման մյուս մարմինները` պետական գույքի կառավարման կոմիտեն, անշարժ գույքի կադաստրի կոմիտեն, քաղավիացիայի կոմիտեն, փրկարար, միգրացիոն ծառայությունները եւ այլն, ենթարկվելու են նախարարություններին: Թե կոմիտեներից որը որ նախարարությանն է ենթարկվելու, դեռեւս հստակեցված չէ. դա պետք է սահմանի կառավարությունը:

Հետաքրքիր մեկ փաստ եւս. օրենսդրությամբ շատ քիչ են վարչապետի պաշտոնանկության հիմքերը: Նախագծում նշված է, որ վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել, եթե կորցրել է ՀՀ քաղաքացիությունը կամ ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն, կամ եթե խախտել է պաշտոնավարման անհամատեղելիության պահանջները, այսինքն` զբաղեցրել է այլ պաշտոն:

Միաժամանակ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ վերջինս մահացել է, կամ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ էլ օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը: Ի դեպ, վարչապետին անվստահություն կարող է հայտնել նաեւ ԱԺ-ն` Սահմանադրության 115 հոդվածի համաձայն, եւ խորհրդարանում այդ որոշումն ընդունվելու դեպքում համարվում է, որ կառավարության ղեկավարն ինքն է հրաժարական ներկայացրել: Բայց նման գործընթաց ԱԺ-ն կարող է սկսել միայն վարչապետի նշանակումից մեկ տարի անց նոր միայն:

Ինչեւէ, թե որքանո՞վ արդյունավետ կլինի կառավարման նոր համակարգը, ցույց կտա ժամանակը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս