Ինչու դատախազն ու ԱԺ նախագահը ներառված չեն ԱԽ կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Դրա համաձայն` ՀԽ-ն գլխավորելու է երկրի վարչապետը: Խորհրդի անդամներն են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Հատկանշական է, որ խորհրդի կազմում բացակայում են ՀՀ գլխավոր դատախազը, ինչպես նաեւ ԱԺ նախագահը, թեեւ մեր երկիրն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի: Իսկ ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը:

Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նախագծի հեղինակն ավելի հստակ պարզաբանում կարող է տալ հարցի շուրջ: Բացի այդ` ավելացրեց. «Հեղինակը գիտի, թե ինչ տրամաբանությամբ է դա արել: Այժմ դա դեռեւս նախագիծ է: Երբ նախագիծը լինի Ազգային ժողովում, պատգամավորները կքննարկեն սկզբում հանձնաժողովում, հետո արդեն նիստում»:

«Պետք է մեկնաբանություն վերցնել նախագծի հեղինակներից: Ուրիշ ասելիք չունեմ: Մեկնաբանությունը խնդրում եմ իրենցից, թե ինչու է այդպես»,-իր հերթին նշեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Նշենք, որ անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Այս մասին կառավարության` հունվարի 25-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Բացի այդ` ներկայացվեց, որ անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունելու է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ:

Մինչ 2015-ի սահմանադրական փոփոխությունները, 2005-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ազգային անվտանգության խորհուրդ կազմավորում էր հանրապետության նախագահը եւ նախագահում այն:
Միաժամանակ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ազգային անվտանգության խորհուրդը վերանվանվեց անվտանգության խորհրդի: Դրանից զատ` ամրագրվեց, որ անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ անվտանգության խորհուրդը դառնալու է պաշտպանության, անվտանգության ոլորտներում որոշումներ կայացնող մարմին:

Այլ խոսքով` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմնից վերածվելու է երկրի պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում վարչապետի գլխավորությամբ առանցքային որոշումներ կայացնող կառույցի: Ստացվում է` նման կարեւոր կառույցից դուրս է մնում նաեւ հանրապետության նախագահը: Բացի այս` անվտանգության խորհուրդը կլքեն նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ Սահմանադրական դատարանի նախագահը:

Իսկ ահա ապագա վարչապետը լայն լիազորություններ է ստանձնելու: Սահմանված է, որ ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ կառավարության ղեկավարը խորհրդի նիստ պետք է հրավիրի: Բացի այդ` ԱԽ նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը եւ հիմնական զեկուցողներին նույնպես որոշելու է վարչապետը: Նա է նշանակելու եւ ազատելու անվտանգության խորհրդի քարտուղարին: Ընդհանուր առմամբ, հաստիքացուցակը վարչապետն է հաստատելու, իրավասություն է ունենալու նաեւ նշանակելու եւ ազատելու քարտուղարության հանրային ծառայողներին:

Անվտանգության խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել այդ նիստերին, քվեարկել հօգուտ կամ ընդդեմ քննարկվող հարցի: Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող որոշումներն ընդունվելու են անվտանգության խորհրդի անդամներից առնվազն յոթի ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները` խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Ուշագրավ է, որ խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը եւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն լինելու: Սույն կանոնից բացառությունները սահմանելու է վարչապետը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս