Թեեւ «Ֆուլ հաուս» սիթքոմն ավարտվել է, բայց երկրպագուներին սպասվում է անակնկալ. սիրված հերոսները վերադառնալու են նոր պատմություններով, նոր հանգամանքներում եւ իրավիճակներում: Սիթքոմի դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է որոշ մանրամասներ, նա տեղեկացրել է, որ նոր նախագծի կյանքի կոչվելուց հետո իրենց թիմը կրկին հանդես կգա ներկայացումներով:
-Գրիգո՛ր, մի փոքր կպատմեք` հոկտեմբերից ի՞նչ նոր նախագիծ եք կյանքի կոչելու, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք հեռուստադիտողների ծանոթ հերոսներին հրաժեշտ չտալ:
-Մենք հոկտեմբեր ամսից նախատեսում ենք «Ֆուլ հաուսի» նոր տարբերակը` նոր պավիլյոններով, որոնք կառուցվում են, եւ նոր պատմություններով: Դերասանական կազմում, իհարկե, կլինեն որոշ փոփոխություններ: Սցենարը հիմա խմորումների փուլում է, բայց հաստատ այնպես ենք անելու, որ հեռուստադիտողի համար հետաքրքիր լինի: Սյուժեում, իհարկե, նոր, անսպասելի զարգացումներ են սպասվում, կերպարների կարգավիճակը, ստատուսն է փոխվելու, մի խոսքով` անելու ենք այնպես, որ հեռուստադիտողը տեսնի նոր «Ֆուլ հաուս»: Իսկ որպեսզի այս ամենը կյանքի կոչվի, ժամանակ է հարկավոր: Անկեղծ ասած` նման նպատակ չունեինք, բայց հեռուստադիտողների պահանջը մեծ էր, մենք էլ հասկացանք, որ նախագիծը պետք է շարունակական լինի:
-«Ֆուլ հաուսի» ստեղծագործական կազմով հաճախ ներկայացումներով հանդես էիք գալիս թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Առաջիկայում նման ծրագրեր կա՞ն:
-Այո՛, ներկայացումներ կլինեն, բայց արդեն նոր նախագիծը իրականացնելուց հետո: Մարդիկ կմարսեն իրենց մատուցված նորությունները, հետո արդեն ըստ դրա կկառուցվի համերգային նոր սցենար, կլինեն համերգներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, օրինակ` Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում:
-Իսկ կա՞ն այլ նախագծեր, որոնցում ընդգրկված եք: Կպատմե՞ք այդ մասին:
-Այո՛, զուգահեռաբար այլ աշխատանքներ էլ ենք կատարում, հիմա ուրիշ նախագծի շուրջ ենք աշխատում, սցենարական աշխատանքներ են կատարվում: Դա «Արմենիա Պրեմիումի» համար է, բայց փակագծերը բացել դեռ չեմ կարող: Միայն կասեմ, որ անում ենք այն, ինչ արել ենք միշտ:
-Իսկ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստանո՞ւմ եք: Եթե հաշվի առնենք, որ հայկական կինոշուկան բավական փոքր է, կարող ենք ասել, որ կատակերգություններ մեզ մոտ շատ են նկարահանվում:
-Ունեմ նման առաջարկ, օրինակ` Ռուսաստանից, հիմա քասթինգի պրոցես է ընթանում: Առաջարկներ պարբերաբար լինում են, բայց ոչ մի հստակ բան դեռ չկա:
-Իսկ ցանկություն ունեցե՞լ եք հումորային դերերից զատ` հանդես գալ, օրինակ, դրամատիկ կերպարներում, թե՞ դա Ձեր պրոֆիլը չէ:
-Դե, հումորային դերերից դրամատիկին անցումը շատ դժվար կլինի, այս պարագայում կարեւորը մարդկանց ընկալումն է. նրանք «Երեւան» նախագծի մեկնարկից սկսած` սովոր են տեսնել ինձ զվարճալի իրավիճակներում: Այդ պատճառով էլ չեմ պատկերացնում` մարդիկ ինչպես կարձագանքեն իմ լուրջ դերերին:
-Ի դեպ, արձագանքների մասին, երկրպագուները, կամ պարզապես անծանոթ հեռուստադիտողները երբ տեսնում են Ձեզ, ասենք` փողոցում, սովորաբար ինչպե՞ս են արձագանքում: Ի՞նչ հետաքրքիր դեպքեր եք հիշում:
-Դեպքերն այնքան շատ են, որ դարձել են կենսակերպի մի մաս: Ամենազվարճալին, թերեւս, այն է, որ շատ երեխաներ ինձ առանց բեղերի չեն ճանաչում, երբ ծնողները նրանց ասում են, թե ես ով եմ, զարմանում են (ծիծաղում է):
-Գրիգո՛ր, Դուք, որքանով տեղյակ եմ, ունեք ստուդիա, որտեղ դասավանդում եք դերասանի վարպետություն: Ի՞նչ մոտեցումներ եք կիրառում երեխաների հետ աշխատելիս եւ ինչի՞ վրա եք շեշտը դնում:
-Փոխանցում եմ հմտություններ հեռուստատեսային-էստրադային-համերգային գործունեությունից, երեխաների մեջ բացահայտում եմ հումորին առնչվող կարողություններ, նաեւ պատրաստում եմ նրանց որպես սցենարիստ, քանի որ եթե դերասան ես, չպետք է քեզ խամաճիկի նման պահես, պետք է կարողանաս իմպրովիզներ անել. յուրաքանչյուր դերասանի համար դա ամենակարեւորն է:
Անի Անտոնյան