Չճանաչված պետության քաղաքացիներն ունեն նույն իրավունքները, ինչ այստեղ նստած ձեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նաիրա Զոհրաբյանը առաջարկել է ԵԽԽՎ-ում ստեղծել աշխատանքային խումբ՝ քննարկելու եւ գտնելու լուծումներ՝ չճանաչված պետությունների քաղաքացիներին եվրոպական կրթական ծրագրերում ներգրավելու և կրթական գործընթացին մասնակից դարձնելու համար

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը խոսել է չճանաչված պետությունների քաղաքացիների կրթական իրավունքի մասին, նշելով, որ Եվրոպայում չպետք է լինեն սեւ խոռոչներ։ Զոհրաբյանը հիշեցրել է, որ դեռեւս 1960 թվականին UNESCO-ն ընդունել է կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան, ինչը հստակ արձանագրում է, որ քաղաքացին ունի կրթության անբեկանելի իրավունք` անկախ նրանից, թե որտեղ է բնակվում։

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասել է՝

Հարգելի գործընկերներ,

Ես խոսելու եմ այնպիսի մի կարեւորագույն ու հրատապ խնդրի մասին, ինչպիսին չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքն է՝ որպես մարդու իրավունքների անքակտելի մաս: Այսօր լրջագույն խնդիր է, որ չճանաչված պետությունների քաղաքացիները զրկված են եվրոպական կրթական ծրագրերում ներգրավվելուց և դուրս են եվրոպական կրթական տարածքից։

Ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս 1960 թվականին UNESCO-ն ընդունել է կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան, ինչը հստակ արձանագրում է, որ քաղաքացին ունի կրթության անբեկանելի իրավունք` անկախ նրանից, թե որտեղ է բնակվում։ Եւ այս ամբիոնից կրկին անգամ մեր Վեհաժողովին, որի հիմնարար արժեքը մարդու բոլոր իրավունքների պաշտպանությունն է, կոչ եմ անում անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կրթական որակավորումը ճանաչելու խնդրին, ինչը մարդու իրավունքների գերակա պահանջ է։

Այսօր, սակայն, Լեռնային Ղարաբաղում ապրող ուսանողներն ու աշակերտները զրկված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքից, զրկված են եվրոպական միացյալ կրթական տարածքին ինտեգրվելուց։ Մինչդեռ, մեր այս ամբիոնից քանի հազար անգամ է հնչել, որ Եվրոպայում չպետք է լինեն սեւ խոռոչներ եւ որ չճանաչված պետությունների քաղաքացիները ունեն նույն այն իրավունքները, ինչը ունի մեզանից յուրաքանչյուրը։

Այսօր Արցախի հանրապետությունում գործում է 219 դպրոց, 6 միջին մասնագիտական և 5 բարձրագույն ուսումնական հաստատություն:
Սակայն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար իրենց երկրի սահմաններից դուրս մշտապես առաջանում են անլուծելի խնդիրներ և խոչընդոտներ, ինչպես, օրինակ, կրթական ավարտական վկայականների չճանաչվածությունն է, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում Արցախի բուհերում սովորող հազարավոր ուսանողների համար։ Բացի դա` Արցախի ուսանողները դուրս են մնում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից, եւ չեն օգտվում Բոլոնիայի գործընթացով երաշխավորված որեւէ ծրագրից:

Հարգելի գործընկերներ, մեկ բան հստակ է ` անկախ պետության կարգավիճակից, եվրոպական հանրությունը պատասխանատվություն է կրում Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների եւ ազատությունների երաշխավորման եւ իրացման համար։ Դա մեր եւ ձեր իմպերատիվ պարտականությունն է, անկախ նրանից, թե այստեղ նստածներից ով է դեմ այդ իրավունքին։

Ուստի, առաջարկում եմ մեր Վեհաժողովին ստեղծել աշխատանքային խումբ` չճանաչված պետությունների բնակչությանը կրթական ծրագրերում ներգրավելու և կրթական գործընթացին մասնակից դարձնելու
հարցի լուծման արդյունավետ ուղիներ գտնելու համար:




Լրահոս