Իմ մասին բամբասանքները հիմնականում անձնական բնույթի են, բայց ես դրանց վրա չեմ ֆիքսվում․ Սյուզի Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սյուզի Մելիքյանը շուտով երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ երգի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Ժոր Մելոյանը. «Տեսահոլովակիս կերպարը ես եմ մտածել, սցենարի ստեղծմանն իմ մասնակցությունն եմ ունեցել, կերպարներից մեկն էլ, օրինակ, դիզայներ-մոդելավորող Արեւիկ Սիմոնյանի մտահղացումն է: Ասեմ, որ տեսահոլովակը նկարահանվել է ինձ շատ հարազատ երգի հիման վրա, այդ երաժշտության մեջ ես, կարծես, գտել եմ ինքս ինձ»- ասաց Սյուզին:

Երգչուհին տեղեկացրեց, որ մտածում է առաջիկայում անսպասելի ոճային, ժանրային փոփոխություններով հանդես գալու մասին. «Միշտ ցանկացել եմ ժողովրդական ժանրում ինձ փորձել, տեսնենք, գուցե փոփոխության դիմեմ»,- խոստովանեց Սյուզին:

Դիտարկմանը, թե տարիներ առաջ ինքն ավելի ակտուալ էր եւ հաճախ էր երեւում էկրաններին, տարբեր միջոցառումների, իսկ հիմա, կարծես, խուսափում է դրանցից, Սյուզին չհակադարձեց. «Անկեղծ ասած՝ ճիշտ եք նկատել, բայց ես ոչ թե խուսափում եմ, այլ շատ երեւալու իմաստը չեմ տեսնում, որովհետեւ դրա կարիքը չունեմ: Կան այնպիսիք, որոնք իրենց կարիերայում դա են կարեւորում, բայց ինձ համար էականն այն է, որ ունեմ ինձնով, իմ գործերով հետաքրքրվող երկրպագուներ, ինձ սիրող մարդիկ: Պետք է թողնես, որ մարդիկ սպասեն եւ կարոտեն քեզ: Ես կարեւորում եմ, որ հանդիսատեսն ինքն է ակտիվություն պահանջում»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Սյուզին, ով երկրորդ մասնագիտությամբ դիմահարդար է, արդյոք ունենո՞ւմ է, այսպես ասած, աստղային հաճախորդներ. «Այո, օրինակ՝ դերասանուհի Լիկա Սալմանյանն է եղել ինձ մոտ, բայց ես չեմ սիրում հայտնի հաճախորդներին առանձնացնել մյուսներից, քանի որ բոլորն էլ ինձ համար հավասարապես թանկ են»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Իսկ հարցին, թե որն է իր մասին լսած ամենաանհեթեթ բամբասանքը, Սյուզին պատասխանեց. «Տարբեր բաներ եմ լսել՝ հիմնականում անձնական բնույթի բամբասանքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Անկեղծ ասած՝ չեմ էլ հիշում դրանք եւ չեմ ֆիքսվում բամբասանքների վրա, որովհետեւ երբ ֆիքսվում ես, բամբասողներին ընդլայնվելու հնարավորություն ես տալիս»:

Անի Անտոնյան




Լրահոս