«Բոքս» Արսենի սպանության մանրամասները. վենդետա՝ «Զանգվի ձորում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի վարույթ է ընդունվել Արման Բաղդասարյանի գործով բողոքի քննությունը:

ArmLur.am-ը տեղեկանում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արման Բաղդասարյանին դատապարտել է 11 տարվա ազատազրկման Արսեն Ազիզյանին սպանելու մեղադրանքով:

Մեղադրական եզրակացությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ 30-ամյա Արմանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 27-ի առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում Արման Բաղդասարյանը ծեծի է ենթարկվել համագյուղացի Արսեն Ա.-ի կողմից: Նրանից վրեժ լուծելու նպատակով Արմանը ժամը 6-ն անց 45-ի սահմաններում  ուղևորվել է «Զանգվի ձոր» կոչվող տեղանք, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակահերթ է արձակել Արսեն Ա.-ի ուղղությամբ: Վերջինս ստացել է կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել է:

Արման Բաղդասարյանը եղել է իր բարեկամ Մհեր Բաղդասարովի անձնական մեքենայի՝ «Մերսեդեսի» վարորդը: Դեպքի օ րը՝ առավոտյան ժամը 6-ին, Պտղնի գյուղում հիշյալ «Մերսեդեսը» հեռահար  լույսերով վարելու ժամանակ Արմանը հանդիպել է նույնպես «Մերսեդեսով» երթևեկող համագյուղացի Արսենին: Վերջինս հեռահար լույսերով իրեն խանգարելու հետ կապված՝ կանգնեցրել է Արման Բաղդասարյանին, վիճել է նրա հետ, որի ընթացքում ոտքերով, ձեռքերով ծեծել է նրան:

Այնուհետև Արսենն իր մեքենայում գտնվող երկու կանանց հետ ուղևորվել է «Զանգվի ձոր» կոչվող տեղանք, որտեղ հյուրընկալվել են նաև նրա բարեկամն ու ծանոթուհին:

Նրանք նստել են Արսենի կողմից կառուցված ձկնաբուծարանի համար նախատեսված ջրավազանի մոտ գտնվող վագոն-տնակի դիմացի նստարաններին, զրուցել ու գարեջուր են խմել:

Արման Բաղդասարյանը, մեղադրանքի համաձայն, Արսենի կողմից ծեծվելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, վերցրել է ապօրինի ձեռք բերած ինքնաձիգը, փամփուշտներ ու ենթադրելով, թե որտեղ կլինի Արսենը, ուղևորվել է հիշյալ ջրավազանի մոտ:

Ջրավազանի մոտակա քարքարոտ վայրում էլ տեղի է ունեցել սպանությունը: Արմանը դատարանում հայտնել է, որ Արսենն իր հետ «դաժան ու ստոր ձևով է վարվել առանց առիթի, առանց պատճառի…»: Արսենը շատ հաղթանդամ էր, սպորտսմեն, մականունը «Բոքս» էր:

Իրենք դուռ-դռան հարևաններ էին, դրա պատճառով ավելի շատ է վախեցել նրա սպառնալիքներից… Ինքը կրակել է միայն Արսենի մեքենան վնասելու նպատակով, ցանկացել է ապացուցել, որ կարող է պաշտպանել իր ընտանիքն ու իրեն…




Լրահոս