ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՄԵԿԸ ԳՈՀ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԴԺԳՈՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը 2017թ. սեպտեմբերին գրել էր, որ իշխանությունները մտադիր են փոփոխության ենթարկել ընտրական օրենսգիրքը: Գրել էինք նաեւ շրջանառության մեջ դրված ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխոթյունների նախագծի մասին, որով առաջարկվում է ընտրությունների եւ հանրաքվեի ընթացքում բացառել վարչական ռեսուրսի օգտագործումը:

Այժմ էլ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Միքայել Մելքումյանն են նախաձեռնել փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում: Նրանք առաջարկում են խորհրդարանական ընտրակարգը դարձնել հարյուր տոկոս համամասնական եւ ըստ այդմ օրենքից հանել ռեյտինգային ընտրակարգը՝ ամրագրելով, որ ընտրություններն այսուհետ պետք է կայանան միայն համամասնական ընտրակարգով:
«2017 թվականի ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ նման ընտրակարգով ընտրություն անցկացնելու միջոցով խորհրդարանական ընտրություններն ուղղակի ապաքաղաքականացվեցին: Ընտրական պայքարն ընթացավ ընտրություններին մասնակցող, նույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջեւ, որտեղ գաղափարական եւ ծրագրային մրցակցությունը մղվեց երկրորդ պլան», -նշված է պատգամավորների կողմից ներկայացված հիմնավորման մեջ, որն ուղարկված է կառավարություն:
Սակայն արդարադատության նախարարությունը դեմ է ընտրական օրենսգրքից վարկանիշային ընտրակարգը հանելու առաջարկին, եւ այն որակել են որպես «անհրաժեշտություն չունեցող»: Հավելենք, որ առաջարկը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փոփոխության համահեղինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան
-Պարո՛ն Էնֆիաջյան, ընտրական օրենսգրքում փոփոխություններ եք կատարել, որով առաջարկում եք ընտրական համակարգը դարձնել հարյուր տոկոս համամասնական: Ինչո՞ւ նման նախաձեռնությամբ հանդես եկաք:
-Նախ գործող ընտրական օրենսգրքի հետ կապված մենք բազմաթիվ մտահոգություններ ունեցել ենք, ինչի առթիվ նաեւ բազմիցս առիթներ ենք ունեցել խոսելու եւ մատնանշելու, ինչը նաեւ կիրառության մեջ մենք՝ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչներ, առերեսվեցինք, եւ մեր երկրի քաղաքացիները եւս առերեսվեցին մի շարք դժվարությունների ու խնդիրների հետ կապված: Մեր ծրագրային դրույթները եւ առկա հանգամանքները հաշվի առնելով, որ իրողություն են դարձել, մենք առաջարկում ենք, որպեսզի ՀՀ-ում իրական, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու մեխանիզմ լինի եւ այդ մեխանիզմը, բնականաբար, կարող է օրենքի տեսքով լինել: Այդ իսկ պատճառով ես, Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը ներկայացրել ենք համատեղ օրենսդրական նախաձեռնություն, որտեղ ամրագրված է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու գործընթացը:
-Սակայն կառավարությունն իր եզրակացությունում առաջարկը որակել է որպես անհրաժեշտություն չունեցող: Ի վերջո, գաղտնիք չէ, որ ռեյտինգային ընտրակարգն առաջին հերթին անհրաժեշտ է հենց իշխանություններին: Ի՞նչ եք կարծում` խորհրդարանում ինչպիսի՞ դիրքորոշում կլինի:
-Սա մի ընտրական գործընթաց էր, որի հետ առերեսվել են մեր երկրի բոլոր քաղաքացիներն ու քաղաքական ուժերը, այսօրվա պատգամավորներն այդ թվում: Եվ կարծում եմ՝ մեր գործընկերների համար մեր կողմից ներկայացված առաջարկները պետք է ընդունելի եւ ընկալելի լինեն:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, «Ծառուկյան» խմբակցությունը ընտրական օրենսգրքում փոփոխություններ է նախաձեռնել, որով առաջարկում է հրաժարվել ռեյտինգային համակարգից: Պատրաստվո՞ւմ եք ընդառաջել:
-Ո՛չ, իմ դիրքորոշումը բացասական է:
-Ինչո՞ւ, բացի ՀՀԿ-ից` բոլորը դժոհ են ռեյտինգային համակարգից:
-Ես համարում եմ, որ մենք մանրամասը քննարկել ենք ընտրական համակարգը, եւ այն արդյունավետ գործում է:
-Այսինքն` գո՞հ եք ռեյտինգային համակարգով ընտրված պատգամավորների գործունեությունից:
-Ես գոհ եմ ընտրական համակարգից:

 

 

 

ԱՆՁԻ ԽՆԴԻՐ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ

«Ժառանգություն» կուսակցությունը նախօրեին վարչության նիստ է անցկացրել, որը վարել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վերջերս կրկին Հայաստան էր վերադարձել: «Ժողովուրդ» օրաթերթը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ զրուցել է առաջիկա ներքաղաքական զարգացումների եւ կուսակցության գործունեության մասին:

-Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ հարցեր են քննարկվել կուսակցության վարչության նիստում:
-Նախօրեի նիստում քննարկել ենք ներքաղաքական, կուսակցական, արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
-Առաջիկայում ներքաղաքական զարգացումներ են սպասվում՝ նախագահի, վարչապետի ընտրություններ: Այդ հարցերը քննարկե՞լ եք:
-Դրանք ակտիվ զարգացումներ չեն, շարունակություն են: Իսկ ակտիվ զարգացումները եղել են 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ: Հիմա ընդամենը հետեւանք է: Ակտիվ էին խորհրդարանական ընտրությունները, որ ընդդիմությունը պետք է միասնական հանդես գար, որպեսզի այս վիճակը չլիներ: Հիմա հետեւանք է, արդեն անցել, վերջացել են, էլ ինչ քննարկենք: Ակտիվ է միգուցե իշխանության մի քանի ներկայացուցիչների համար, բայց դա հասարակության հետ ինչ կապ ունի:
-«Ժառանգություն» կուսակցությունը չունի՞ իր դիրքորոշումը վարչապետի կամ նախագահի ընտրությունների գործընթացի շուրջ:
-Ինձ դա բացարձակ չհետաքրքրող հանգամանք է, քանի որ ով լինի, ոչ մի փոփոխություն չի լինի, դա մեկ: Երկրորդը՝ ամեն ինչ գնում է նրան, որ Սերժ Սարգսյանը կրկին մնա:
-Սակայն Դուք միշտ դեմ եք եղել իշխանության վերարտադրմանը:
-«Ժառանգությունը» ոչ թե դեմ է եղել Սերժ Սարգսյանի վերարտադրմանը, այլ մենք դեմ ենք եղել ոչ ժողովրդավարական ընտրություններին, կողմ ենք եղել արմատական բարեփոխումների: Մենք անձի խնդիր երբեւիցե չենք բարձրացրել, մեզ համար համակարգն է կարեւոր եւ ընտրության ձեւը: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ ընտրություններով չէ, որ նախագահի պաշտոնը զբաղեցնում է:
-Ապրիլին տեղի ունեցող զարգացումները հնարավո՞ր է` «Ժառանգությանը» փողոց դուրս բերի:
-Մեզ միայն արմատական բարեփոխումների խնդիրն է հետաքրքիր, որը պետք է սկսի իշխանափոխությունից: Առաջին հերթին դրա համար ժողովրդի, հասարակության ակտիվ աջակցությունն է պետք: Իսկ դա կարող է լինել, երբ որ ընդդիմությունը միասնական կպայքարի, որովհետեւ որեւէ ուժ առանձին ոչինչ չի կարող անել:
-Օրինակ` «Ելք» դաշինքը նախաձեռնել է թանկացումների դեմ ուղղված բողոքի ակցիա, սակայն իրենք էլ նշում են, թե ժողովրդի աջակցության դեպքում պատրաստ են իշխանափոխության գործընթաց եւս նախաձեռնել: Այդ դեպքում ինչո՞ւ չմիացաք նրանց:
-Մենք որեւէ մեկին միանալու խնդիր չունենք: Եթե իրենք ցանկանում էին, որ միասնական գործունեություն իրականացնենք, յուրաքանչյուր քաղաքական ուժ գիտի, որ մինչեւ գործողություն իրականացնելը, իր հավանական գործընկերներին ինքն ասում է, քննարկում են, որպեսզի համատեղ գործունեություն իրականացնեն: Դա տեխնիկական առումով, իսկ ինչ վերաբերում է իրենց քաշած օրակարգին, ապա դա իրենց օրակարգն է, թող գնան, դա կյանքի կոչեն: Մեր օրակարգում թանկացումների խնդիրը չէ, այլ դրա պատճառներն են: Ակցիզային հարկը պատճառ չէ, այլ պատճառն այն է, թե մոնոպոլ տնտեսությունն ինչքան է ազդում գների վրա, պատճառն այն է, որ վեց մլրդ-ից ավել արտաքին պարտք ունենք, եւ դրա սպասարկման համար է նաեւ այդ հարկը բարձրացվում: Մենք պետք է ազատ տնտեսական դաշտ ստեղծենք:
-Այսինքն` եթե «Ելք» դաշինքն այլ օրակարգ առաջ քաշեր, միգուցե միանայի՞ք:
-Այս պահին այն օրակարգը, որ իրենք քաշել են առաջ, որեւէ կերպ չի համընկնում մեր քաղաքական օրակարգի հետ: Մենք պատճառներն ենք ուզում վերացնենք, այլ ոչ թե հետեւանքը:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

ՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԻ ՍՊԸ-Ի ԴԵՄ
Պարզվում է` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունը մեծ գումար է պարտք սնանկացած «Յունիֆիշ» ՍՊԸ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Յունիֆիշ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ից պահանջելով 685 հազար 940 դրամի չափով գումար բռնագանձել: Ըստ էության, «Յունիֆիշ» ՍՊԸ-ն ժամանակին ԱԺ պատգամավորին պատկանող ընկերությանը ապրանք է մատակարարել, իսկ ահա սնանկանալուց հետո պարտապանը հրաժարվում է այն տալ: Հիմա ընկերությունը դատարանի միջոցով է ուզում վերադարձնել գումարը: Ի դեպ, «Յունիֆիշ» ՍՊԸ-ն նաեւ միջնորդություն է ներկայացրել դատարան, որ պատգամավորի ընկերության գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դնեն, սակայն դատավոր Ռուբեն Ափինյանը մերժել է միջնորդությունը:

 

 

ԽՈՍՏԱՑԱՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
«Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքով բարձրաստիճան պաշտոնատար անձինք նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագրեր: Սակայն մեր օրերում կան պաշտոնյաներ, որոնք դեռեւս հայտարարագիր չեն ներկայացրել: Այդ պաշտոնյաների թվին է պատկանում ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, որն այդ պաշտոնը ստանձնել է դեռեւս 2016 թվականին: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետից հետաքրքրվեց հայտարարագիր չներկայացնելու պատճառների մասին: Հարցին ի պատասխան` Դավիթ Համբարձումյանը խոստացավ` նշելով. «Անպայման կներկայացնեմ առաջիկայում, թաքցնելու ոչինչ չկա»: Տեղեկացնենք, որ Մասիսի քաղաքապետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ օրենսդրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից այդ հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին փուլով նախատեսել է նախազգուշացում, ապա` տուգանք:

 

 

ԿՐՃԱՏԵՆ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը, որը շրջանառության մեջ է դրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Նա առաջարկում է օրենքում ամրագրել, որ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատողի պահանջով աշխատանքային օրվա ավարտ սահմանեն ժամը 17:00: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է մերժել պատգամավորի նախաձեռնությունը:




Լրահոս