Որպես Հայաստանի հաջորդ նախագահ (նոր Սահմանադրությամբ, անգլիական թագուհու կարգավիճակում, սահմանափակ լիազորություններով) խոսվում է նաեւ ՀՀ նախկին վարչապետ, այժմ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածության մասին: Ընդ որում, ասում են` մինչ այս շոշափված անունների մեջ Արմեն Սարգսյանի թեկնածությունն ամենահավանականն է, հատկապես նախօրեին Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո:
Հիշեցնենք` Ս. Սարգսյանը սահմանել էր ապագա նախագահի «չափանիշները»` ասելով, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի անձնավորություն, «ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները: Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն, եւ որ ամենակարեւորն է, անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել»: Ի դեպ, իշխանական շրջանակներում համոզված են, որ այս չափանիշներին համապատասխանող հաջորդ անձնավորությունն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն է, որը, սակայն, խնդիրներ ունի երկրի ներսում ընդունվելու, նրա մենթալիտետն այլ է: Ամեն դեպքում, քանի դեռ ապագա նախագահի թեկնածուի անունը պաշտոնապես չի հայտարարվել, բացառված չէ, որ ցանկացած պահի Սերժ Սարգսյանը փոխի որոշումը: Մինչ այդ, փորձենք վերհիշել` ո՞վ է Արմեն Սարգսյանը եւ ինչպե՞ս է վաստակել իշխանությունների վստահությունը:
65-ամյա Արմեն Սարգսյանը ԵՊՀ ասպիրանտուրան ավարտելուց եւ տեսական ֆիզիկայի ամբիոնում որպես ասիստենտ աշխատելուց հետո` 1984թ., գործուղվել է Մեծ Բրիտանիա` որպես Քեմբրիջի համալսարանի դասախոս: Խորհրդային տարիներին, երբ ԽՍՀՄ-ը սառը պատերազմի մեջ էր Արեւմուտքի հետ, «կապիտալիստական թշնամական» երկրներ մարդիկ չէին կարող տուրիստական ուղեւորության մեկնել, էլ ուր մնաց` գործուղվել որպես դասախոս: Այնպես որ, Ա. Սարգսյանի` Քեմբրիջի համալսարանում դասավանդելն ամենատարբեր ենթադրությունների տեղիք է տալիս:
Հետագայում, իհարկե, Սարգսյանը վերադարձել է Հայաստան եւ այստեղ զբաղվել դասախոսական գործունեությամբ մինչեւ 1992 թվականը: Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին նա նշանակվել է Մեծ Բրիտանիայում դեսպան, նաեւ ՀՀ գլխավոր դեսպանը Եվրոպայում: Սակայն 1996թ. նոյեմբերի 1-ին Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց վարչապետ: 1996թ. նախագահական աղմկոտ ընտրութունների եւ դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում իշխանության նկատմամբ կար հանրային վստահության պակաս: Եւ այն ժամանակ հարկավոր էր, որ առանցքային պաշտոններում նշանակվեն թարմ դեմքեր: Արմեն Սարգսյանը լիովին համապատասխանում էր նշված չափանիշներին, ուստի նշանակվեց նման բարձր պաշտոնի: Նա արագ ընդունվեց հասարակության կողմից: Բայց Արմեն Սարգսյանի պաշտոնավարումը տեւեց շատ կարճ. 1997թ. փետրվարին նա մեկնեց արձակուրդ, որից հետո` փետրվարի 28-ին, հրաժարական տվեց: Այն ժամանակ խոսվում էր, որ վարչապետի հրաժարականի պատճառը պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի հետ հակասություններն են եղել, եւ արդյունքում Սպարապետն ապտակել էր նրան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը խոստացել էր Վ. Սարգսյանի մտերիմներից մեկին ինչ-որ պաշտոնում նշանակել: Խոստումը չէր կատարել, սակայն, Վազգեն Սարգսյանին խաբել էր` ասելով, թե կատարել է խնդրանքը: Բնականաբար, սուտը շատ արագ բացահայտվել էր, եւ Վազգեն Սարգսյանը խաբելու համար «տղայականով» պատժել էր նրան: Այն ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Արմեն Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, եւ դրա համար է մեկնել Լոնդոն, այնուհետեւ հեռվից հրաժարական ներկայացրել:
Ինչեւէ: 1998թ. ներպալատական հեղաշրջումից հետո Սարգսյանը կրկին դարձավ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը մինչեւ 2000 թվականը: Այդ ընթացքում էլ հասցրեց զգալի հարստություն կուտակել: Նրա անունը կապված է Ամուլսարի ոսկու հանքի հետ. Սարգսյանն այդ հանքը շահագործող օֆշորային գոտում գրանցված «Լիդիան ինթերնեյշնլ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է: Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ական գործարար Աշոտ Արսենյանից գնեց «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի կոլա բոթլեր» գործարանի բաժնեմասերը, նաեւ փայատեր է քաղցրավենիքի «Նեսթլե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում: Եւ, վերջապես, Արմեն Սարգսյանինն է «Երեւան, իմ սեր» հիմնադրամը, որին կառավարության որոշմամբ 2013թ. մոտ 380 հազար դոլար արժողության 298 քմ մակերեսով հողատարածք նվիրվեց Կոզեռնի թաղամասում:
Ըստ շրջանառվող լուրերի` Ա. Սարգսյանը կարողացել է լուրջ կապեր ձեռք բերել միջազգային ասպարեզում, համարվում է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի ամենավստահելի անձանցից մեկը, ում օգնությամբ ինքն ու իր դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, օրինականացնում են իրենց հսկայական գումարները: Ա. Սարգսյանը նաեւ Ղազախստանում «Բրիթիշ փեթրոլ» ընկերության ներկայացուցիչն է: Ու ըստ շրջանառվող լուրերի` «ձեռքի հետ» զբաղվում է նաեւ Սերժ Սարգսյանի գումարների օրինականացմամբ:
Մեր աղբյուրների պնդմամբ` 2013թ. նրան կրկին դեսպան նշանակելը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով: Թերեւս սա էր պատճառը, որ Ա. Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկը, եւ հիմա նրա համար ճանապարհ են հարթում դեպի նախագահական նստավայր: Միայն թե, նկատենք, Արմեն Սարգսյանը նաեւ ինքնուրույն գործելու սովորություն ունի, եւ չի բացառվում, որ ինչ-որ պահից իշխանության ներսում կոնֆլիկտների ականատես լինենք:
Մինչ այդ հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` Արմեն Սարգսյանը որոշակի շրջանակներին հայտնի է «Թենզոր» անունով:
Հ.Գ. Ի դեպ, երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառել, որ նախագահի թեկնածուն լինի դեսպան Արմեն Սարգսյանը: «Եթե կոնկրետ նշում եք Արմեն Սարգսյան անունը, հնարավոր է՝ նաեւ այդ թեկնածությունը քննարկվի: Ինձ թվում է՝ չափորոշիչների մեջ կարելի է տեղավորել, բայց մենք դեռ անձերի չենք անդրադարձել, մոտ օրերս քննարկումներ կկազմակերպենք անունների շուրջ, եւ դրա մասին դուք կիմանաք»,- ասել է նա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԻՆՔՆԸՍՏԻՆՔՅԱՆ
Թեեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 8-12-ը մեկնել էր արձակուրդ եւ գտնվում էր արտերկրում, սակայն հասցրել է մի շարք որոշումներ ստորագրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն հունվարի 11-ին վարչապետը 5 որոշում է ստորագրել: Հասկանալու համար` արդյոք վարչապետը դրա իրավունքը ուներ, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նրա մամլո խոսնակ Արամ Արարատյանի հետ: «Այդ որոշումները, որոնք նրա արձակուրդում եղած ժամանակ հայտնվել են այդ կայքէջում, դրանք փոխվարչապետի կողմից ստորագրվածներն են: Բայց քանի որ ծրագրային խնդիր կա, այսինքն` համակարգը այնպես է կառուցված, այդ որոշումները ավտոմատ մուտք են գործում վարչապետի անունով»,-պարզաբանեց մամլո խոսնակը կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված որոշումների մասին: Իսկ վարչապետը երեկ ԱԺ-ում արդարանում էր, որ ինքը շատ կարճ ժամանակով է արձակուրդ մեկնել. «Ես, սեպտեմբեր ամսից աշխատելով, ընդամենը 8 օր եմ հանգստացել՝ 3 օր ամռանը եւ 5 օր՝ հունվարին: Մի՞թե ես այդ իրավունքը չունեի»: Սակայն, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ոչ աշխատանքային օրեր են եղել, վարչապետն իրականում հանգստացել է ոչ թե 5, այլ 13 օր:
ՊԱՐԱՊ-ՍԱՐԱՊ
Քառօրյա համարվող նիստերն այս շաբաթ, կարելի է ասել, տեւեցին երկու օր: Նիստի օրակարգը պատգամավորները սպառեցին շատ արագ: Երեկ 16:30 պետք է տեղի ունենար կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը, սակայն նիստի աշխատանքները պատգամավորներն ավարտել էին առավոտյան՝ քվեարկություններից հետո: Արդյունքում պատգամավորները չգիտեին` այդքան ժամ ինչ անել, ինչով զբաղվել մինչ հարցուպատասխանի ժամը: Պատգամավորների մի մասը ընտրել էր շենքից մի քանի ժամով հեռանալու, ապա նախատեսված ժամին հետ գալու տարբերակը: Սակայն մի մասն էլ որոշել էր մնալ խորհրդարանում, եւ ժամանակ էին «սպանում» ԱԺ ճաշարանում, գործընկերների հետ խորհրդարանի միջանցքում զբոսնելով կամ էլ աշխատասենյակում մնալով: Ի վերջո, կառավարության հետ հարցուպատասխանի ժամին խորհրդարանում էին միայն այն պատգամավորները, ովքեր այդ ժամին ավանդաբար դեռ խորհրդարանում են լինում:
ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Իշխանության ամենաբարձր ատյանների հովանավորությունը վայելող խաղամոլություն քարոզող ընկերությունների շուրջ դատական պրոցեսները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Վիվառո գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության` պահանջելով, որ դատարանը նախարարությանը պարտավորեցնի ապրանքային նշանի կրկնական փորձաքննության արդյունքում դրա գրանցման որոշումն ընդունի: Ինչով կավարտվի նախարարության եւ «Վիվառո գրուպ» ՍՊԸ-ի միջեւ առաջացած անդունդը, ցույց կտա ժամանակը:
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
Շուրջ 600 փաստաբան պահանջ է ներկայացրել Ազգային ժողովին եւ կառավարությանը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում փաստաբանները: ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել` պահանջելով ՀՀ Ազգային ժողովից եւ կառավարությունից նախագծում ներառված, փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել: Գործող իրավակարգավորումը երաշխավորում է փաստաբանների պաշտպանությունը դատարանի հնարավոր անհիմն ներգործության միջոցներից, մինչդեռ նախագծով նախատեսված նոր մոտեցումը վտանգում է փաստաբանության անկախությունը եւ ազատությունը, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ միջազգային իրավական ակտերով:
ՆՈՐ ԿԱՐԳ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակել եւ ներկայացրել կառավարություն: Առաջարկվում է ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնների անվտանգության մակարդակը խստացնել, սահմանել նոր տուգանքներ կանոնները չպահպանած անձանց նկատմամբ: Ծանուցման ենթակա գործունեության տեսակների մեջ կավելացվի սեղմված բնական գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացումը: Նշենք, որ կառավարության հավանությանն արժանանալուց եւ ԱԺ-ում ընդունվելուց 6 ամիս անց այս օրենսդրական փաթեթը կմտնի ուժի մեջ: