ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՑ ՀԵՏ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՊՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` տարիներ շարունակ ՀՀ ՊՆ համարանիշներով մեքենա վարելը եղել է մեր երկրում արտոնյալ կարգավիճակ. ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչները չեն տուգանել այդ համարանիշներով ավտոմեքենաներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ապրիլյան պատերազմից հետո ՀՀ պաշտպանությունը որոշել է վերանայել համարների բաշխման պրոցեսը՝ պահանջելով ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդկանցից՝ այդ թվում եւ պաշտոնաթող գեներալներին, հետ վերադարձնել ՊՆ համարանիշները: Իհարկե, ընդվզումներ եղել են, բայց վերջնարդյունքում համարանիշները հանձնվել են ՊՆ-ին:

ՃՈ-ն չէր նկատում
Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր այս թեմային՝ բարձրաձայնելով խնդիրը, որ շատ մարդիկ, որոնք բանակի հետ որեւէ առնչություն չունեն, արտոնյալ կարգով վարում են ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենաներ: Պարզել էինք, որ ՀՀ ՃՈ-ում ներքին հրահանգ կա ՊՆ համարանիշներ ունեցող մեքենաներին չտուգանել: Անգամ եթե փողոցում տեղադրված տեսախցիկներն արձանագրում են ՊՆ մեքենաների խախտումները, կազմված տուգանքի ակտերը հասցեատերերին չեն ուղարկվում: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պարզաբանել էր, որ ներքին հրահանգ չկա, այլ պարզապես նրանց երթեւեկությունը կարգավորում Է ՌՈ-ն: Ու հենց այդտեղ Էլ «թաղված Էր շան գլուխը»: ՌՈ պետն իր ընտրությամբ Էր որոշում՝ ում տույժի ենթարկել, ում ոչ: Բայց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ համարանիշների մասով իրավիճակ է փոխվել: Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զանգահարել է ՊՆ-ի հետ կապ չունեցող մի շարք գեներալների եւ հայտնի նախկին պաշտոնյաների եւ պահանջել, որ նախարարությանը պատկանող ՊՆ պետահամարանիշները վերադարձնեն: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ եղել են գեներալներ, որոնք ընդվզել են, թե ինչու պետք է վերադարձնեն, իրենք ստացել են համարանիշները այլ մարդուց եւ չեն տա: Բայց, ի վերջո, ընդվզումն արդյունք չի տվել, եւ ՊՆ-ի հետ առնչություն չունեցող գեներալներն ու պաշտոնատար անձինք վերադարձրել են ՊՆ պետհամարանիշները նախարարությանը:
Իսկ ովքեր են եղել այն գեներալները կամ ՊՆ-ի հետ կապ չունեցող անձինք, որոնց ՊՆ-ն շռայլել է համարանիշներ՝ ազատ երթեւեկելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` նրանց մեջ են եղել ԱԺ գեներալ-պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը եւ այսպես շարունակ:
Գեներալին զանգել են
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ հանգամանքներում է վերադարձրել համարանիշները:
-Պարո՛ն Սարոյան, Ձեր մեքենայի` ՊՆ պետհամարանիշը հետ վերցնելու համար ո՞վ եւ ե՞րբ է դիմել: Եւ ի՞նչ հիմնավորմամբ էիք բանակից դուրս գալուց հետո շահագործում ՊՆ համարանիշները:
-Ուրեմն, այո՛, ունեցել ենք, ես էլ եմ ունեցել, բայց երբեք չեմ օգտագործել: Ասենք, երբ սահման ենք գնացել, նոր այդ ժամանակ այդ համարները օգտագործել ենք: Հետո նախարարը..:
-Կոնկրետ ո՞ր նախարարը` Վիգեն Սարգսյա՞նը, թե՞ Սեյրան Օհանյանը:
-Սեյրան Օհանյանը զանգել է, խնդրել է, որ հետ ուղարկեք, նույնիսկ այն պայմանով, որ այդ համարները ոչ մեկի չենք տա: Ասենք` էն գլխից բանակում ՊՆ 007 համարը իմ մոտ էր, իմ ավտոյի վրա էր, բայց ես ոչ մի տեղ չեմ օգտագործել: Մենակ քառօրյա պատերազմի ժամանակ, նույն էլ գեներալը (խոսքը ԱԺ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասին է, Ք.Մ) :
-Չհետաքրքրվեցի՞ք նախարարից, ինչո՞ւ նման որոշում կայացվեց:
-Չգիտեմ, նենց չի, որ մենք այդ համարները օգտագործել ենք, ասել ենք` խնդիր չկա, եթե ուզում եք, վերցրեք: Ուղարկել եմ, գնացել է պաշտպանության նախարարություն: Ավելորդ ո՛չ քննարկել ենք, ո՛չ խոսացել ենք, ինչ քննարկելու առարկա է, որ:
-Բայց իրավիճակը ցույց էր տալիս, որ ՊՆ համարանիշներով մեքենաները ով ինչպես ուզում, վարում էր:
-Պրինցիպի այդ համարի եղածը մի բան չէր, բանակից մեզի եսիմ մեծ բան չէր հասել, մենք էլ այդ մարդիկ չէինք, որ այդ համարները օգտագործեինք: Ուղղակի, որ գնում ես զորամաս, մի քիչ ավելի քեզի բանակին հարազատ ես զգում էդ համարներով: Էդ էր:
-Այսինքն` միայն զորամասեր գնալո՞ւց եք այն օգտագործել, ուրիշ տեղ չի՞ հասել ՊՆ համարանիշներով Ձեր մեքենան:
-Տո չէ, այ մարդ, մթոմ մեր ավտոների վրա մեր համարները կան, ու սաղ էլ մեզ ճանաչում են: Տենց խնդիր էլ չունենք: Երեւի մարդիկ կարային մտածեին, սաղ մեր համարներն են ուզում դնել, որ իրենց լավ զգան, կամ ի՞նչ կա համարի մեջ լավ զգալու: Ուղղակի մենք, որ բանակում ծառայել ենք, ու դա մեր մեքենաների վրա է եղել, օրինական մեզ մոտ էր: Հետո, բանակից հետո նախարարին ասել էինք, մնացել էր մեր մոտ:
Կարեւոր թեմա չէ
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանից փորձեց պարզել, թե նախկինում իրեն ինչ հիմնավորմամբ են ՊՆ համարանիշ տվել եւ ինչ հիմնավորմամբ են այդ համարանիշը հետ պահանջել: Հարցին ի պատասխան` Արթուր Գրիգորյանը փոխանցեց, որ իր համար դա կարեւոր թեմա չէ, որ նա մեկնաբանի կամ անդրադառնա:
Ով կարող է ՊՆ պետհամարանիշ ունենալ
Հավելենք, որ գեներալներից, նախկին պաշտոնյաներից ու պարզապես ՊՆ-ի հետ լավ հարաբերություն ունեցող անձանցից ՊՆ համարանիշները վերցնելուց հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ գործող նախարար Վիգեն Սարգսյանը հրահանգել է, որ այսուհետ նախարարության համարներով կարող են ազատ երթեւեկել միայն գործող վարչության պետերը, նրանց տեղակալները եւ առանձին բաժնի պետեր: Բացի այդ` նախարարը հրահանգել է ռազմական ոստիկանությանը, որ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված ճանապարհային երթեւեկության խախտումներ իրականացրածներին «անխնա տուգանել»: Այսինքն՝ ով ինչ խախտում է անում, պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար: Այլեւս արտոնյալներ չկան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԶԳԱԿԱՆԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն կարողացան ջրից չոր դուրս բերել, սակայն նրա ազգականը չկարողացավ խուսափել պատասխանատվությունից:
Անցած տարի Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի մտերիմները մեկը մյուսի հետեւից ավտովթարի կիզակետում էին հայտնվում, որոնց արդյունքում մարդիկ մահացան: Հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին` անչափահաս Ռազմիկ Դանիելյանը, հոր ծառայողական մեքենան վերցրել եւ վթարի էր ենթարկել 55-ամյա հետիոտնին, որը հիվանդանոցում մահացել էր, սակայն իրավապահները տղայի արարքում հանցակազմ չտեսան եւ փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճեցին:
Այս դեպքից մեկ ամիս անց` հուլիսի 4-ին, քաղաքապետ Դանիելյանի հորեղբոր թոռը` Մկրտիչ Դանիելյանը, վրաերթի հեղինակ դարձավ: Այդ օրը` Ժամը 11:00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 40 DD 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 58-ամյա Գրիգոր Մարգարյանին, որն էլ մահացել էր:
Այս արարքի համար Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը 5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել քաղաքապետի ազգականին:
Ահա թե ինչպես օրենքը շրջանցվեց քաղաքապետի որդու հարցում, սակայն ազգականի դեպքում օրենքը գործեց:

 

 

«ՆԱՐՍԱՆ»-Ի ՏՆՕՐԵՆԸ
2017 թվականին կաշառքի գործով կալանավորվել էին ՀՀ քննչական կոմիտեի քննիչը եւ «Նարսան» ՍՊԸ փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Պատճառն այն է, որ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լ. Գ.-ն բնակարանների հափշտակությունների վերաբերյալ իր վարույթում քննվող քրեական գործով «Նարսան» ՍՊԸ փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, ինչպես նաեւ նրա դստերը բարեխիղճ գնորդ ճանաչելու պայմաններ ստեղծելու ապօրինի գործողության համար Ռ. Հ.-ից ստացել է 4 մլն 763 հազար ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Նարսան» ՍՊԸ փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանին գրավի դիմաց ազատ են արձակել, մինչդեռ քննիչը մնում է կալանքի տակ: Այս հանգամանքը մի շարք դժգոհություններ է առաջ քաշել «Նարսան» ՍՊԸ փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանի կողմից տուժած անձանց մոտ, որոնք չեն պատրաստվում լռել: Նրանք բողոքում են:

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ
«Իգլա»-ի գործով դատապարտյալներ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը դիմել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` պահանջելով իրենց անմեղ ճանաչել: Հիշեցնենք` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման է դատապարտել Սամվել Բաբայանին, Ս. Գաբրիելյանին ու Ա. Պողոսյանին: Բաբայանը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով: Նա պահանջում է արդարացնել իրեն. արդարացման դատական ակտ կայացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նրանց նկատմամբ փորձաշրջան կկիրառվի:

 

 

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության մեքենան Գայի պողոտայի շուկայից հիվանդանոց է տեղափոխել 60-ամյա տղամարդու դի` կտրած-ծակած վերքերով: Պարզվել էր, որ մահացածը առեւտրով էր զբաղվում: Նրան դանակահարել էր այդ պահին անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդ: Երեկ հիշյալ սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 54-ամյա Սերգեյ Վարդանյանը: Կասկածյալը ներկայացվել է նախաքննական մարմնին:

 

 

ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Սանկտ Պետերբուրգում ապրող հայ ընտանիքում մահացել է 1,5 տարեկան տղա երեխա: Երեխան դժբախտ պատահարի զոհ է դարձել: Նախնական տվյալներով` 3-ամյա քրոջ հետ խաղալիս նրա գլուխը մնացել է մահճակալի 2 փայտերի արանքում: Նրանց մայրը` 29-ամյա տնային տնտեսուհին, այդ պահին հարեւան սենյակում է եղել: Ընտանիքը ապահովված է, ոստիկանության եւ իրավապահ մարմիններում երբեւէ գրանցված չի եղել:

 

 

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայ գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի հայրը` Կառլեն Վարդանյանը: Նշենք, որ Կառլեն Վարդանյանը հայտնի ճարտարապետ էր:




Լրահոս