ՀԱՄԱՏԱՐԱԾ ԺՈՒՉՈԿՆԵՐ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԼԽԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովում հունվարի 17-ին առաջին ընթերցմամբ 57 կողմ, 31 դեմ ձայնով ընդունվեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագիծը ենթադրում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Օրենքի ընդունումն արժանացավ բուռն քննարկումների:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իր ելույթում անդրադառնալով օրենքի նախագծին, նշեց, որ հասարակական եւ մասնավոր վայրերում տեսախցիկներ տեղադրելով` մարդկանց զրկում են խոսքի ազատությունից: Նա նաեւ շեշտեց, որ մարդու իրավունքների սահմանափակման վերաբերյալ հարցը պետք է քննարկվեր պետական-իրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում, ոչ թե պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀԿ պատգամավորներին, ասաց, որ համատարած տեսախցիկների հարցն անհետաձգելի է, որովհետեւ առջեւում ապրիլ ամիսն է, իշխանությանը պետք են երաշխիքներ, որ իմանան` ինչ են անում ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ հանրապետական պատգամավորները: «Չմտածեք, թե մենակ մեր տների, օֆիսների, ավտոների մեջ են կախելու, ձեր վրա էլ են կախելու: Այնպես որ, կոչ եմ անում` ժպտացեք եւ անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որոհետեւ ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»:
Օրենքի նախագծի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ, ում խոսքով` խնդիրը ոչ թե ձայնագրման մեջ է, այլ ձայնագրման արդյունք հանդիսացող այդ նյութերի օգտագործման. «Եթե հանրային վայրում մշտապես լինելու է երթեւեկության կանոնների, հասարակական անվտանգության եւ այլնի տեսագրում, ապա այստեղ խնդիրը ոչ թե տեսագրումն է, այլ թե այդ տեսանյութերն իրականացնողն ինչպես է այն օգտագործելու: Ցանկացած ոստիկան, ով նստած է այդ ձայնագրող սարքի մոտ, կարող է ցանկացած պահի հանել այդ տեսանյութը եւ օգտագործել շանտաժի նպատակով: Օրենքը նման հստակ երաշխիքներ չի տալիս, որ այդ նյութերը կարող են չօգտագործվել»:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ, ով անհասկանալի համարեց նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը՝ այն էլ այսպես հապճեպ. «Հաշվի առնելով մեր ոստիկանության գործելաոճը` ես չեմ բացառում, որ օրենքի` նման տեսքով ընդունման պարագայում մենք խնդիր ենք ունենալու կամայական մոտեցման հետ: Ժողովրդավարական պետությանն այնքան էլ հարիր չէ այն, որ մենք արդեն փորձում ենք գրեթե ամեն սանտիմետրը տեսանկարահանել: Այստեղ անխուսափելիորեն անձնական կյանքի միջամտություն լինելու է, բայց եթե օպերատիվ-հետախուզական գործունեության պարագայում միջոցառումն իրականացնելու համար դատարանի թույլտվություն է պետք, ապա այս պարագայում առանց դատարանի թույլտվության կարող են տեսանկարահանել գրեթե ամեն ինչ, ցանկացած անձի եւ հետագայում դա օգտագործել կամ ոչ»:
Դիտարկմանը, թե ոստիկանությունը մեկնաբանում է այն որպես հանցագործությունները կանխելու փորձ, փաստաբան Վարոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իրականում ոստիկանության համար հանցագործությունները կանխելու եւ բացահայտելու օրենքով սահմանված շատ ավելի գործուն լծակներ կան, եւ արհեստավարժ մոտեցման պարագայում հենց դրանց կիրառմամբ հանցագործությունները պետք է կանխվեն եւ բացահայտվեն: Ցավոք սրտի վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը հանցագործությունները բացահայտելիս գործում է միայն տեսախցիկների, հեռախոսային խոսակցությունների վերծանումների շրջանակում»:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը, ընդունված օրենքը համարում է շատ դրական: Նրա խոսքով. «Մինչեւ հիմա այդ բոլոր հարաբերությունները կարգավորվում էին ենթաօրենսդրական ակտով, ինչը խնդիր է: Բարձրացվում են հարցեր, անհանգստություններ, որոնք ես նույնպես կիսում եմ: Հատկապես հետապնդումների առիթ դառնալու հարցը, որի վտանգը միշտ էլ կա: Դրա համար պետությունը ստեղծել է գործակալություն, որը պետք է կարողանա վերահսկել, որ նման խախտումներ չլինեն, լինելու դեպքում էլ անմիջապես արձանագրվեն, եւ վարչական վարույթի շրջանակներում փորձեն հարցին լուծում տալ: Բայց այն ոստիկանը, որը կչարաշահի օրենքը, կօգտագործի ձեռք բերված անձնական տվյալները ոչ թե հանցագործությունները կանխելու, այլ ապօրինի գործողություններ իրականացնելու նպատակով, պետք է պատժվի»,-եզրափակեց անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Շ.Դոյդոյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից նույնպես փորձեցինք պարզաբանում ստանալ՝ արդյո՞ք օրենքի նախագիծը քննարկելուց հաշվի չեն առել, որ ներխուժում են մարդկանց անձնական տարածքներ: Ի պատասխան` մեզ ասացին. «Բոլոր հարցերին ոստիկանության պետի տեղակալը եւ համապատասխան հանձնաժողովի նախագահը մեկնաբանություններ տվեցին: Օրենքը քննարկման փուլում է, Ազգային ժողովում դեռ անցել է ընդամենը առաջին ընթերցում»:

ՎԱՐԴՈՒՀԻ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼԻՆԻ
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանի հետ, որը լիովին պատկերացնում է ՀՀ ապագա նախագահին:
-Պարո՛ն Հակոբյան, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, երկրի նախագահը պետք է տարբեր լեզուների տիրապետի, բարձր հեղինակութուն վայելի, բայց միեւնույն ժամանակ, լինի անկուսակցական ու քաղաքական գործունեությամբ զբաղված չլինի: Ո՞վ է նա:
-Այս պահի դրությամբ չեմ ցանկանա անուններ հրապարակել կամ գուշակություններով զբաղվել: Երբ ժամանակը գա, կտրվի, եւ թեկնածությունը առաջ կքաշվի, կարծում եմ` մեր հասարակությունը ժամանակ կունենա քննարկելու ներկայացված անձի այս որակները, որը հանրապետության նախագահը ներկայացրել է:
-Բայց Դուք այդպիսի որակներ ունեցող անձնավորության ճանաչո՞ւմ եք:
-Ճանաչում եմ մի քանիսին` առանց անուններ տալու: Կարծում եմ` հայ ժողովուրդը այն իրավիճակում չէ, որպեսզի նման թեկնածուներ չունենա: Սփյուռքում մեծ կապեր ունեցող, լեզուներ տիրապետող, բարձր հեղինակություն ունեցող, առանց քաղաքական նախասիրությունների անհատներ, որոնք մեր ժողովրդի եւ մեր պետության կյանքում դերակատարություն ունեն, կարծում եմ` առաջիկայում մեծ դերակատարություն են ունենալու: Անկախ նրանից, թե ով կլինի հանրապետության նախագահ:
-Հնարավո՞ր է քաղաքականության մեջ չլինել, անկուսակցական լինել, բայց միեւնույն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնել. նախագահի պաշտոնը նաեւ քաղաքական պաշտոն է ենթադրում, կապ չունի, որ լիազորություններն ավելի քիչ են:
-Երբ նախագահը նշում է, որ քաղաքականությամբ զբաղված չլինի, դա նշանակում է, որ պետք է լինի մարդ, որը ընդունելի է լինելու բոլորի համար: Իսկ եթե դու տարիների ընթացքում քաղաքականությամբ զբաղվում ես, քաղաքական գործիչը չի կարող լինել իներտ եւ ճամբարներում ինչ-որ տեղավորվել: Դու քաղաքական գործիչ ես եւ ինչ-որ խողովակով մասնակցում ես քաղաքական պրոցեսին: Այդ դեպքում մյուս ճամբարը, մյուս խողովակով մասնակցողը հավանաբար կարող է այդքան էլ սիմպատիաներ չունենա: Այս պարագայում մարդ է լինելու, որը քաղաքականությամբ չի զբաղվել եւ ընդունելի է բոլորի համար: Ինչ վերաբերում է փորձառությանը, ապա համաշխարհային պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ հասուն տարիքում մարդը սկսում է զբաղվել քաղաքականությամբ, մեծ հաջողություններ է ունենում իր պետությանը, ժողովրդին, հայրենիքին ցուցաբերած ծառայությունների եւ օգտակարության տեսանկյունից:
-Մեծ կոնսենսուսի մասին Դուք էլ նշեցիք, դա ենթադրվում է ընդդիմադիր ուԺերի աջակցություն: Օրինակ` «Ծառուկյան» դաշինքը: Գ. Ծառուկյանը նշեց, որ հնարավոր է` աջակցեն ՀՀԿ թեկնածուին: Ակնկալո՞ւմ եք նաեւ «Ելք»-ի աջակցությունը:
-Այսպես ասեմ, բոլորի սրտով էլ կլինի: Անկախ նրանից, թե «Ելք»-ի գործընկերները, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, տակտիկական քաղաքական պայքարի նկատառումներից ելնելով, կքվեարկեն, թե չեն քվեարկի, ամեն դեպքում այնպիսի մարդ պետք է լինի, որը նաեւ մեր «Ելք»-ի գործընկերների համար ընդունելի լինի, մեր հասարակության բոլոր շերտերի, բոլոր ուժերի, հասարակական եւ քաղաքական բոլոր միավորումների համար: Հոգու խորքում բոլորի համար էլ դա ընդունելի է լինելու:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԲԵՆԶԻՆԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ ՏՄՊՊՀ-Ի ՀԵՔԻԱԹԸ

«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում գրել էինք, որ Վրաստանում բենզինը ավելի էժան գնով է վաճառվում, քան մեր հանրապետությունում: Մենք Վրաստանից ստացած թվային տվյալներ էինք ներկայացրել: Բայց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արձագանքել է մեր հրապարակմանը՝ հայտնելով Վրաստանի Մրցակցային գործակալության կողմից Վրաստանի տարածքում գործող բենզալցակայաններում կատարվող մշտադիտարկումների արդյունքները: Ըստ այդմ, երեկ Վրաստանում վաճառվող 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի միջին գինը կազմում է 435 դրամ:

Ըստ ՏՄՊՊՀ-ի` հունվարի 15-ին կատարված վերջին դիտանցումների պատկերը հետեւյալն է` «Wissol» ընկերության բենզալցակայաններում սահմանված է 2.30 լարի գին, որը կազմում է 436.7 դրամ, «Rompetrol»-ի բենզալցակայններում 2.34 լարի` 444.3 դրամ: «Gulf»-ի դեպքում սահմանված է 2.29 լարի գին` 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի համար, որը համապատասխանում է 434.8 դրամի, «Sokar» ընկերության կողմից վաճառվող բենզինի արժեքը Վրաստանում 2.27 լարի է` 431 դրամ, եւ «Lukoil»-ի բենզալցակայաններում 1 լիտր բենզինի արժեքը 2.23 լարի է` 423.4 դրամ:
«Ժողովուրդ»-ը նույնպես վրացական մեր աղբյուրներից հետաքրքրվեց բենզինի գների մասին: Պատկերը հետեւյալն է`«Frego» ընկերությունը երեկվա դրությամբ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը առաջարկել է 416 դրամով, պրեմիումը` 435: «Senta» ընկերությունը ռեգուլյար տեսակի բենզինը վաճառել է 393 դրամով, իսկ պրեմիումը` 408: «EXA» ընկերությունը ռեգուլյար տեսակի բենզինը վաճառել է 383 դրամով, պրեմիումը` 414: «Portal» ընկերությունը ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը երեկվա դրությամբ վաճառել է 397 դրամով, պրեմիումը` 414: Իսկ ինչպես հայտնի է` ներքին շուկայում ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 440 դրամով, պրեմիումը` 460:
Բայց չնայած սրան` Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, բենզինի գինը օրվա մեջ մի քանի անգամ կարող է փոփոխվել. այսօր այն կարող է մի գին ունենալ, վաղը` մեկ այլ, մյուս օրը` ուրիշ, որովհետեւ այնտեղ մրցակցություն կա: Հենց այս կարեւոր հանգամանքն է` Վրաստանում շուկան է սահմանում տվյալ ապրանքատեսակի գինը: Եւ մի բան էլ` Վրաստանում բենզինի վաճառքով զբաղվող ընկերությունները շահագրգռված են մեկ լիտր ավել վաճառելու հարցում, բայց մեզ մոտ դա չկա, որովհետեւ ոլորտը մոնոպոլացված է: Մեզ մոտ ընկերությունները եթե գին են որոշում, ապա պետք է բոլորը այդ գնի շրջանակներում վաճառեն: Այսինքն` ներքին մրցակցության արդյունքում Վրաստանում բենզինի եւ, ընդհանրապես, ապրանքների գների փոփոխությունները շատ ավելի արագ են տեղի ունենում, քան մեզ մոտ:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով` շատ կարեւոր է ներքին մրցակցային վիճակը. «Իսկ Վրաստանում ներքին մրցակցային վիճակը շատ ավելի լավ է, քան մեզ մոտ: Այդ պայմաններում վրացական վառելիքի շուկան շատ ավելի դինամիկ է եւ շատ արագ կարողանում է ներքին մրցակցության արդյունքում փոփոխություններ իրականացնել, որից բնականաբար օգտվում է քաղաքացին»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս