«Ժողովուրդ»-ը «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Արտիստը», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերից, «Տնփեսա» սիթքոմից, «Եթե գտնեմ քեզ» սերիալից հայտնի դերասանուհի Նաիրա Շահիրյանի հետ զրուցել է դերասանի՝ ֆինանսական առումով գնահատված չլինելու, պատահական մարդկանց եթերում հայտնվելու մասին։ Նա խոստովանել է, որ մինչ օրս իր ամենամեծ ուսուցիչը մայրն է՝ դերասանուհի Էվելինա Շահիրյանը։
-Տիկի՛ն Շահիրյան, վերջին շրջանում հեռուստադիտողը Ձեզ մշտապես տեսնում էր «Եթե գտնեմ քեզ» սերիալում դրամատիկ կերպարում։ Չե՞ք կարոտել սիթքոմներում կերտած թեթեւ, հումորային կերպարներին։
-Իսկապես շատ կցանկանայի հանդես գալ սիթքոմում, բայց այն առաջարկները, որ ստացել եմ, մերժել եմ, այնպես որ այդ ժանրում ինձ դեռ չեք տեսնի։ Առաջարկը պետք է հետաքրքիր լինի, բացի այդ՝ ֆինանսական առումով եւս պետք է կարողանան դերասանին բավարարել. դա շատ կարեւոր է։ Ինձ համար մեծ նշանակություն ունի նաեւ այն, որ աշխատանքային խումբը հարազատ լինի։ Թող ընդգրկված լինեն երիտասարդներ, բայց ճիշտ, առողջ մտածողություն ունենան։ «Եթե գտնեմ քեզ» սերիալից հետո շատ հալումաշ եղանք, այնտեղ նկարահանվելը հոգեբանական առումով ծանր էր ինձ համար, բարդ էր հատկապես ավարտը։ Այնպես որ կարոտել եմ հումորային նախագծերին, որոնց շրջանակում կարելի է մի բան փոխել, իմպրովիզներ անել։ Եթե բախտդ էլ բերի եւ ունենաս լավ խաղընկերներ, ինչպիսին «Տնփեսայի» դեպքում Մկոն էր, այդ ամենը կարող ես ապահովել։ Այդ սիթքոմում նկարահանվելիս, օրինակ, չէինք էլ նկատում, թե ինչ արագ էին անցնում նկարահանումները։
-Ամեն դեպքում, թե՛ բեմում, թե՛ էկրաններին, կերտել եք ե՛ւ դրամատիկ, ե՛ւ հումորային կերպարներ, եւ երկուսն էլ, կարծես, հոգեհարազատ են Ձեզ։
-Այո՛, երկուսն էլ իմն են, չեմ կարող ասել՝ ինձ միայն կոմեդիաներում եմ տեսնում կամ միայն դրամատիկ դերերում։ Ինձ համար կարեւորն այն է, որ կերպարն ասելիք ունենա, որ նա ընդգծված տեսակ, անհատականություն լինի, նույնիսկ եթե խոսքը փոքր դերի մասին է։
-Դուք խոսեցիք այն մասին, որ ֆինանսական առումով դերասանին բավարարելը եւս կարեւոր նախապայման է։ Դուք Ձեզ այսօր այդ առումով գնահատված համարո՞ւմ եք։
-Տեսեք՝ նախկինում՝ խորհրդային տարիներին, գոյություն ուներ դերասանի հաստիք հասկացությունը։ Եթե նույնիսկ գործունեություն էիր ծավալում ռադիոյում կամ հեռուստաընկերությունում, որեւէ կինոնախագծի շրջանակում, պետությունը հաստիք էր սահմանում՝ հաշվի առնելով քո արած աշխատանքը, եւ այդ դեպքում քեզ քո արածի համեմատ ցածր վարձատրել չէին կարող։ Իսկ հիմա ամեն բան խառնվել է իրար, պետք է դու ինքդ գումարային հարցերի շուրջ բանակցություններ վարես, Հայաստանում պետք է ինքդ քո պրոդյուսերը լինես։ Շատ դեպքերում էլ դաստիարակությունդ թույլ չի տալիս գումարային հարցերի մեջ խորանալ, այնինչ` կան մարդիկ, որոնք օգտվում են դրանից։ Բայց չէ՞ որ կայացած դերասանին ցածր գումարներ առաջարկելը նույնիսկ վիրավորական է։ Բացի այդ՝ մեկ այլ քաոսային իրավիճակ էլ ստեղծված է նկարահանման հրապարակներում։ Փորձառու դերասանների կողքին բերում են փողոցից մեկին, ավելին՝ վերջինիս վճարում են հենց նրանց չափ։ Հետո այդ պատահական մարդը սկսում է ոչ միայն վատ խաղալ, այլեւ խանգարել խաղընկերներին։ Այդպիսիք, սովորաբար, չեն իմանում՝ երբ պետք է նայեն տեսախցիկին, երբ՝ ոչ, երբ պետք է տեսքտից օգտվեն եւ երբ իմպրովիզ անեն։ Եղել են նույնիսկ դեպքեր, երբ պատահական այդ «դերասանները» ըստ տեսարանի պետք է վատ լուր հայտնեն, բայց դա անում են` ժպիտը դեմքներին։
-Ձեր մայրը՝ դերասանուհի Էվելինա Շահիրյանը, հետեւո՞ւմ է Ձեր խաղին, եւ ի՞նչ խորհուրդներ է տալիս։
-Այո՛, նա իմ ամենամեծ քննադատն է։ Մայրս նայում է իմ մասնակցությամբ սերիալն ու հետո զանգում, մանրամասն ներկայացնում է իր դիտարկումները։ Սովորաբար նա անդրադառնում է ե՛ւ իմ սանրվածքին, հագուստին, ե՛ւ իմ պահվածքին, ե՛ւ բուն խաղին։ Նա հաճախ բարկանում է, որ ինքս չեմ դիտում իմ խաղը եւ կողմնակի հայացք չեմ նետում իմ աշխատանքին։ Հավելեմ նաեւ, որ մայրս հետեւում է ոչ միայն իմ, այլեւ խաղընկերներիս աշխատանքին եւ զանգահարում է նրանց ու ներկայացնում իր դիտողությունները։ Այնպես որ, նա կոնկրետ ինձ համար եղել է եւ կա ամենամեծ ուսուցիչը։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԻՄ ԵՐԱԶԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՉԵՄ ԳՏՆՈՒՄ»
Էպատաժային երգչուհի Ջուսը շուտով երկրպագուներին կներկայացնի նոր երգ՝ բոլորովին նոր ոճում։ Աղասի Գեւորգյանը նրա համար հեղինակել է Երեւանի մասին ստեղծագործություն, որի հիման վրա գարնանը կնկարահանվի տեսահոլովակ։
Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ Ջուսը. «Ես միշտ աշխատում եմ փոփոխել երգացանկս, որպեսզի երկրպագուներս չհոգնեն նույնական ոճից։ Հաճախ լողում եմ մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղություն»,-ասաց երգչուհին՝ հավելելով, որ երկրպագուները իրենից կարող են սպասել ուրախ, պարային երգ։ Նա տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում են նաեւ համերգային շրջագայություններ, սակայն այդ մասին դեռ վաղ է խոսել։
«Ժողովուրդ»-ը Ջուսի հետ զրուցեց նաեւ նրա անձնական կյանքի մասին։ Նա նշեց, որ արդեն հասցրել է հաղթահարել դժվարությունները, որոնք ունեցել էր նախկին ամուսնուց բաժանվելուց հետո. «Կարեւորն այն է, որ ետ չնայելով՝ առաջ գնամ։ Այդպես էլ անում եմ։ Ասեմ, որ այդ առնչությամբ այլեւս վերքեր չունեմ։ Այնպես է ստացվել, որ իմ երազած տղամարդուն դեռ չեմ գտնում։ Ուզում եմ հանդիպել այնպիսի մեկին, որը չի ծխի, չի խմի, սպորտով կզբաղվի, կսիրի, կհարգի ինձ, ժլատ չի լինի եւ մշտապես անակնկալներ կմատուցի։ Նրա կողքին ես ինձ պետք է թագուհի զգամ։ Իմ տղամարդը չպետք է արգելի ինձ այս կամ այն զգեստը կրել, քանի որ ես արտիստ եմ եւ ինքս պետք է որոշեմ իմ անելիքները։ Այսինքն՝ կողքիս պետք է լինի մեկը, ով իմ առջեւ սահմաններ չի դնի, փոխարենը միշտ կաջակցի ինձ։ Հիմա, ինչպես նշեցի, նման տղամարդու չեմ տեսնում, այդ պատճառով էլ չեմ մտածում անձնականիս մասին»։
Երգչուհին խոստովանեց, որ նախընտրում է ազատ-անկախ ապրել, որպեսզի, ինչպես ինքն է ասում, «ոչ ոք իր նյարդերի վրա չազդի»։ Բոլորը զգուշացնում են, որ դա կարող է, այսպես ասած, սովորության վերածվել, բայց մեր զրուցակիցը դրանից չի վախենում։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ