«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու օր է՝ կառավարությունը ցնծության մեջ է. ոգեւորված են 2017թ. սոցիալ-տնտեսական ամփոփ ցուցանիշներով: 7.7 տոկոս աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, 12.6 տոկոս` արդյունաբերությունը, անգամ 2.2 տոկոսով ավելացել են շինարարության ծավալները: Կառավարությանը ոգեւորել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտի ցուցանիշները. այստեղ աճը 26.9 տոկոս է, ընդ որում` 25.2 տոկոս աճել են արտահանման, 27.8 տոկոս` ներմուծման ծավալները: Բայց նկատենք, որ բացարձակ թվերով ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցում են արտահանման ցուցանիշներին, արդյունքում` արտաքին առեւտրաշրջանառության մեջ բացասական հաշվեկշիռը, միեւնույն է, շարունակում է խորանալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում արտահանվել է 2.2 մլրդ դոլարի արտադրանք եւ ներկրվել 4.1 մլրդ դոլարի ապրանք: Ասել է, թե արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը 1 մլրդ 939.8 մլն դոլար է: Մինչդեռ, հիշեցնենք, կառավարությունն իր ծրագրում խոստացել էր արտահանելի տնտեսություն ունենալ»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: